Լրահոս
Օրվա լրահոսը

«Լեռնային Ղարաբաղի գրավումը խթանեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ երկրի ներսում վարկանիշի բարձրացմանը»․ Freedom House-ի զեկույց

Մարտ 10,2024 18:15

«Լեռնային Ղարաբաղը մեկ տարվա ընթացքում վարկանիշի անկում է ապրել՝ կորցնելով 40 միավոր, երբ այնտեղի գրեթե ողջ բնակչությունը` 120,000 էթնիկ հայեր, ստիպված եղան լքել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի զինված ուժերի ինտենսիվ ճնշման ներքո»,-ամրագրված է Freedom House կազմակերպության հրապարակած «Ազատությունն աշխարհում-2024» զեկույցում։

Ըստ զեկույցում ներկայացված տվյալների՝ 2023-ին աշխարհում ազատությունն անկում է ապրել․ անկում է նկատվում 18-րդ տարին անընդմեջ:

Աշխարհի 52 երկրներում քաղաքական իրավունքներն ու քաղաքացիական ազատությունները ոտնահարվել են, և միայն 21 երկիր է բարելավում արձանագրել: Զեկույցում նշված է․ «Ընտրությունների հետ կապված համատարած խնդիրները, ներառյալ բռնությունն ու մանիպուլյացիաները նպաստեցին իրավունքների և ազատությունների վատթարացմանը: Զինված հակամարտությունները և ավտորիտար ագրեսիայի սպառնալիքներն աշխարհը դարձրեցին ավելի քիչ անվտանգ և ավելի քիչ ժողովրդավարական: Վիճելի տարածքներում քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների ժխտումը վնասեց ազատությանը։  Բազմակարծությունը հարվածի տակ է, սակայն մնում է ուժի աղբյուր բոլոր հասարակությունների համար»։

Զեկույցում ամրագրված է, որ Ադրբեջանի հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա համընկավ Ադրբեջանի ներսում ավտորիտար բռնաճնշումների խորացման հետ։ Փաստաթղթում ամրագրված է․ «1990-ականներից ի վեր Ադրբեջանի կառավարությունն իրականացրել է էթնիկ հայերի նկատմամբ խտրականության քաղաքականություն, և Հայաստանի քաղաքացիներին, ինչպես նաև նրանց ժառանգներին արգելված է կամ սահմանափակվում է մուտքը երկիր: Վերջին տարիներին ակտիվացել են կրոնական խտրականությունը և անկախ լրատվամիջոցների ու քաղաքացիական հասարակության դեմ ճնշումները: Լեռնային Ղարաբաղի գրավումը խթանեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ երկրի ներսում վարկանիշի բարձրացմանը։ Սա մտավախություն է առաջացրել, որ Ադրբեջանի համարձակ ղեկավարությունը՝ ի դեմս Իլհամ Ալիևի, որն իր պաշտոնը ժառանգել է հորից՝ 2003-ին, կարող է լայնամասշտաբ ներխուժում իրականացնել ՀՀ-ի նկատմամբ, որի սահմաններն արդեն խախտված են Ադրբեջանի կողմից»։

Ըստ զեկույցի՝ Հայաստանը համարվում է «մասնակի ազատ» երկիր։ Այն առավելագույն 100 միավորից ստացել է 54 միավոր։ Վրաստանը ստացել է 58 միավոր և նույնպես դասվում է «մասնակի ազատ» երկրների շարքին։ Թուրքիան՝ 33 միավորով, Ռուսաստանը՝ 13, Իրանը՝ 11, Ադրբեջանը՝ 7 միավորով «ոչ ազատ» երկրների շարքում են։ Լեռնային Ղարաբաղը ստացել է -3 միավոր:

ՀՀ կառավարության վարած քաղաքականության հետ կապված զեկույցում ամրագրված է․ «Լեռնային Ղարաբաղից փախստականների զանգվածային հոսքից հետո Հայաստանի կառավարությունը խորացրեց իր խզումը ռուսական վարչակարգի հետ, որի խաղաղապահ առաքելությունը քիչ բան արեց կասեցնելու սեպտեմբերին ադրբեջանական զինուժի հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա: Այդ ժամանակից ի վեր Երևանն աշխատում է նվազեցնել իր կախվածությունը Ռուսաստանից՝ դիվերսիֆիկացնելով իր ռազմական և արտաքին քաղաքական գործընկերներին՝ միաժամանակ պահպանելով ժողովրդավարական բարեփոխումներին՝ իր հավատարմությունը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031