Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվան կարող է Հայաստանում իրականացնել իշխանափոխություն, սակայն այսօր դա Ռուսաստանի շահերից չի բխում․ «Հայացք Երևանից»

Մարտ 10,2024 10:45

Մեր ընդդիմությունը զարմանում եւ զայրանում է,- դա հրապարակավ չի արտահայտվում,- թե ինչու Մոսկվան չի աջակցում Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին ու նրանց հովանու տակ գործող ուժերին եւ, վերջնարդյունքում, իշխանափոխություն չի իրականացնում Հայաստանում:

Անկասկած, Մոսկվան կարող է Հայաստանում իրականացնել իշխանափոխություն, սակայն այսօր դա Ռուսաստանի շահերից չի բխում: Քոչարյանի՝ Պուտինի հետ՝ իբր կամ իրականում մտերմությունը արժեք չունի ռուսական շահերի տեսանկյունից: Ավելին՝ Նիկոլ Փաշինյանն այս պահին ընդունելի ղեկավար է Ռուսաստանի համար: Կրկնեմ՝ այս պահին: Ինչո՞ւ:

Եթե 2020-ի մեր աղետալի պարտությունից հետո Ռուսաստանը Հայաստանում իշխանության բերեր որեւէ ուժի, ապա պետք է պարտավորված լիներ կատարել իր ռազմավարական, պայմանագրային ու փաստաթղթային պարտավորությունները:

Բայց քանի որ այսօր Ռուսաստանի համար Ադրբեջանը եւ Թուրքիան շատ ավելի կարեւոր են, քան Հայաստանը, Մոսկվային բացարձակապես պետք չէ Հայաստանում ունենալ իր համար ընդունելի իշխանություն: Այստեղ պետք չէ փնտրել ոչ ստոր դավաճանություն, ոչ ապերախտություն, ոչ այլ բան: Ռուսաստանը, ինչպես ամեն պետություն (Հայաստանն այս հարցում, սովորաբար առաջնորդվում է մշտական բարեկամ եւ մշտական թշնամի վարդապետությամբ), առաջնորդվում է ի՛ր շահերով:

Պետք չէ զարմանալ, որ Մարիա Զախարովան ու Կրեմլի այլ պաշտոնական ու ոչ պաշտոնական խոսնակներ ամեն առիթով մեղադրում են Փաշինյանին՝ իբր թե նա արեւմտամետ է, ՆԱՏՕ-ին Կովկաս բերելու փորձեր է անում եւ այլն:

Իրականում Փաշինյանի իշխանության լինելը Մոսկվան կարողանում է հայ ժողովրդի մի ստվար հատվածի մոտ ստեղծել հավատ, որ հե՛նց Փաշինյանի պատճառով է, որ մենք այս անվերջանալի մղձավանջի մեջ ենք, որ հենց նրա ու իշխանությունների պատճառով է, որ պարտություն ենք կրել Արցախում եւ կորցրել այն:

Բազմիցս է գրվել, որ Փաշինյանը մեր պարտության թիվ մեկ մեղավորն է ու պատասխանատուն, բայց նա պատասխանատու է, առաջին հերթին, այն պատճառով, որ շարունակեց Քոչարյանի ու Սարգսյանի «ոչմիթիզական» գիծը ու մեզ բերեց այս աղետն ու անվերջանալի մղձավանջը:

Թաթուլ ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Կրեմլը ատամներով պահում է իր դրածո նիկոլին, որը ստորաբար կատարում է ռուս-թուրքական բազարների բոլոր պայմանավորվածությունները, դեռ ավելին՝ ձևականորեն քննադատում է ռուսներին և ՀԱՊԿ-ից դուրս գալու կեղծ ազդանշաններ է տալիս, որպեսզի Կրեմլը քսի տա ալիևին, որ նա ռազմական ճանապարհով բացի Մեղրիի միջանցքը (որը անչափ պետք է նաև ռուսներին երկաթգծով Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան-Նախիջևան-Թուրքիա-Եվրոպա կամ էլ նույն ճանապարհով Նախիջևանից Իրան հասնելու համար): Դրանից հետո Ռուսաստանը ուշացումով կգա և «փրկի» «մոլորյալ» Հայաստանին, ինչպես նա «փրկեց մեզ» 1920 թվականին՝ միացնելով Հայաստանը Ռուսաստանին: Իրեն «ռուսատյաց» ձևացնող նիկոլը դավաճանաբար կատարում է Կրեմլի բոլոր հանձնարարությունները, այս պահին ոչնչացնելով Հայաստանի ունեցած վարկանիշը բոլոր պարտնյորների հետ՝ խառնելով մեր երկրի բոլոր դիվանագիտական քարտերը:
    Այս ամենը հասկանում են գրեթե բոլոր գիտակից հայերը, բայց նիկոլին և ռուսներին թվում է թե այդպիսի «շուստրիությունները» հայերը գլխի չեն ընկնում:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031