Լրահոս
Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյան. «Քանի որ Հայաստանի բոլոր կարմիր գծերը խախտվել են, առաջարկել եմ բանակցային գործընթացում մեր մոտեցումները վերանայել ամբողջությամբ»

Մարտ 10,2024 10:08

Էդմոն Մարուքյանը յութուբյան իր էջում խոսել է  ՀՀ վարչապետի հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից ազատվելու որոշման  մասին:

Սկսելով 2020 թվականի նոյեմբերի 9-ից եւ դրան հաջորդած իրադարձություններից՝ նա հասավ Հատուկ  հանձնարարություններով դեսպանի պաշտոնը ստանձնելուն, որով, իր խոսքով, արտաքին քաղաքական դաշտում պետք է  առաջ տաներ Հայաստանի նարատիվները:

Էդմոն Մարուքյանի ներկայացմամբ, խաղաղության շուրջ բանակցություններում հայկական կողմն ունեցել է իր կարմիր գծերը: «Հասկանալի լեզվով ասեմ, հայերը ապրում են Լեռնային Ղարաբաղում միջազգային երաշխիքների ներքո, դրա դիմաց Հայաստանը եւ Ադրբեջանը ճանաչում են միմյանց: Այսինքն, Հայաստանը չի ձգտում Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հետապնդմանը, չի ձգտում ԼՂ անկախության ճանաչմանը, նշաձողը իջեցնում է, որպեսզի դրա դիմաց միջազգային հանրության աջակցությամբ ստանա ԼՂ ժողովրդի անվտանգությունը եւ Հայաստանի ինքնիշխան 29,8 քկմ տարածքի ճանաչումը, որպիսի հայտարարություն լինում է Պրահայի քառակողմ հանդիպման ժամանակ»,-ասաց նա:

Էդմոն Մարուքյանը նշեց, որ քանի որ Ադրբեջանը հրաժարվեց ճանաչել Հայաստանի ինքնիշխան տարածքը, որի դեպքում օկուպացիոն զորքերը պետք է դուրս գային Հայաստանի տարածքից, ամեն ինչը փլուզվեց: «Եվ ես հարցազրույցներից մեկում ասում եմ, որ ՀՀ բոլոր կարմիր գծերը խախտված են»,-ասաց նա եւ հավելեց, որ ինքն առաջարկել է , որ բանակցային գործընթացում մեր մոտեցումները պետք վերանայել ամբողջությամբ։

Մարուքյանն ասաց նաեւ, որ ինքը շարունակում է կարծել, որ այն մտայնությունը, թե մենք միակողմանիորեն բարի կամք կդրսեւորենք, եւ Ադրբեջանը դա կգնահատի, չի աշխատել, չի աշխատում եւ չի աշխատելու: «Ես շարունակաբար նաեւ հրապարակային պնդել եմ, որ ԼՂ ժողովրդի իրավունքների խնդիրը չի կարող համարվել Ադրբեջանի ներքին գործը:

Իմ բանակցային ստրատեգիան տոտալ այլ է: Եվ բարոյական չէր լինի իմ կողմից՝ չկիսելով կարմիր գծերի փլուզման ժամանակաշրջանում ձեւավորված մոտեցումները՝ շարունակել մնալ այդ պաշտոնում: Եվ իմ կարծիքով ամենագեղեցիկ բարոյական քայլն այն էր, որ ես ուղղակի դուրս գայի: Գուցե ասեն, որ իմ տեսլականն էլ է սխալ: Բայց այն տեսլականը եւ այն մոտեցումները, որոնք իրականացվել են, նույն գործիքով այլ արդյունք, քան այն, ինչ ստացել ենք, դա էլ վստահաբար չի լինի»,-ասաց Էդմոն Մարուքյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Վայ ոնց? էինք անհամբեր սպասում, որ Մարուքյան էդմոնը նորից դառնա “կլասիկ ընդդիմադիր”։ Վերջ, հիմա նա ընդդիմադիր դաշտում նույնպես կգործի որպես հատուկ հանձնարարությունների գծով դեսպան և ընդդիմությանը կհաշտեցնի իր “մոլորյալ” վարչապետի հետ։
    Իսկ եթե ավելի լուրջ – ապա էդմոնի շուստրիություններն արդեն բոլորը գիտեն և գիտեն նաև, որ նա եղել է բոլոր իշխանությունների հարազատ մարդը ընդդիմադիրի դիմակով։

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031