Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն ու Իրանը համատեղ հայտարարություն են ընդունել, կարևորել «միջազգայնորեն ճանաչված սահմանների անքակտելիությունը»

Մարտ 09,2024 23:26

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Ալի Բաղերի Քանիի գլխավորությամբ կայացել են Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային զարգացումներին, ինչպես նաև բազմակողմ հարթակներում երկու երկրների փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։

Քաղաքական խորհրդակցությունների շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

Խորհրդակցությունների ընթացքում կողմերն ընդունել են ստորև ներկայացված համատեղ հայտարարությունը.

«2024 մարտի 9-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի գլխավորած պատվիրակությունը այցելել է Թեհրան՝ ԻԻՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալի Բաղերիի հրավերով՝ երկու նախարարի տեղակալների մակարդակով հերթական խորհրդակցություններն անցկացնելու նպատակով։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարաբերություններին վերաբերող ամենակարևոր հարցերը։

Գոհունակությամբ արձանագրելով երկկողմ զարգացող հարաբերությունները ՝ կողմերն ընդգծել են հարաբերությունների խորացման կարևորությունը և փոխգործակցության մակարդակի խթանումը։

Վկայակոչելով փետրվարի 14-15 Թեհրանում կայացած Համատեղ տնտեսական համագործակցության հանձնաժողովի 18-րդ նիստը՝ կողմերն ընդգծել են դրա արդյունքներով ստորագրված արձանագրությունում հիշատակվող պայմանավորվածությունների իրագործումը խթանելու անհրաժեշտությունը։

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության բանակցություններին՝ կողմերն ընդգծել են բացառապես խաղաղ միջոցներով առկա հարցերի լուծման կարևորությունը՝ կայուն խաղաղության հասնելու և տարածաշրջանային կապակցվածությունն ու Հարավային Կովկասում համագործակցությունն ամրապնդելու համար։

Այս առնչությամբ երկուստեք կարևորվել է ինքնիշխանության, իրավազորության, հավասարության, փոխադարձության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անքակտելիության սկզբունքների հարգման անհրաժեշտությունը։

Կողմերն ընդգծել են երկու նախարարությունների միջև տարբեր ոլորտներին և տարբեր մակարդակներում կանոնավոր խորհրդակցություններ անցկացնելու կարևորությունն ու պայմանավորվել են նախարարի տեղակալների մակարդակով հաջորդ խորհրդակցություններն անցկացնել Հայաստանում առաջիկա վեց ամիսների ընթացքում»։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031