Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ՀԱՅՔ շարժման անդամները «Հանուն ՀԱՅՔԻ» կարգախոսով ներկայացրեցին քաղաքական հայտ: Շարժման նախաձեռնող խմբի անդամ Հրայր Կոստանյանն ասաց, որ նախ եւ առաջ պետք է վերականգնել մեր սուբյեկտայնությունը: Ըստ նրա, լինել, թե չլինելը ամենաարդիական հարցն է այսօր. «Հայք շարժումը եկել է ասել, որ այդ հարցադրումը մեր կողմից մերժված է, որովհետեւ ունենք կայացած որոշում գենետիկ մակարդակում, այն է՝ լինելու հարատեւել: Պետք չի հղում կատարել օտարների խոսույթին: Մենք եկել ենք, որ վերականգնենք ազնվությունն ու արդարությունը: «Հայքի» հիմնասյուներից մեկն այն է, որ մենք որեւէ հայի որեւէ տեղ չենք տանում: Ընդհակառակը, ասում ենք՝ մնում ենք Հայաստանում ու հարատեւում ենք»:
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն իր ելույթում ասաց. «Էս վերջին 40 տարում մեկը մյուսից լավ այնքան ծրագրեր ենք լսել, կարդացել, հաղորդակցվել, ոչ մեկը չի իրականանում: Արդյո՞ք սա առաջին լավ ծրագիրն էր, միակ եւ օրիգինա՞լ ծրագիրն է, որը դատապարտված է հաջողության, չէ: Շատ ուրիշ լավ ծրագրեր եղել են, նույնիսկ 1920-ին, երբ կարմիր դրոշը բարձրացրին, լավ մոտեցումներով բարձրացրին, որ լավ պիտի լիներ: Բայց եղավ հակառակը: 1991-ին, երբ անկախություն հռչակեցինք, պիտի որ լավ լիներ, բայց լավ չեղավ: Երանի թե այս խորագիրը դատապարտված լինի հաջողության: Ես՝ որպես հոգեւորական, իմ օրհնությունը տալիս եմ, որ այս ծրագիրն իրականանա: Ուրախ կլինեմ, որ իրականանա, բայց այն կիրականանա միայն այն պարագայում, երբ մեր ազգի գոնե 51%-ը ոչ թե անպայմանորեն կարդա այս ամեն ինչը ու դրանով ինչ-որ բան փոխվի, այլ երբ ինքնաբերաբար կունենա մտքի փոփոխություն եւ վարքի փոփոխություն: Մտքի փոփոխությունը ապաշխարությունն է՝ մինչեւ հիմա սխալ եմ ապրել՝ իբրեւ ազգ, իբրեւ հայ, իբրեւ քրիստոնյա: Այս անդրադարձը եթե մեզանից որեւէ մեկը չունենա, ոչ մի ծրագիր չենք կարող իրականացնել, կձախողենք բոլոր ծրագրերը: Սա վերաբերում է նաեւ մեզ՝ հոգեւորականներիս, որ մենք սխալ ենք ապրել, սխալ ենք հասկացել եկեղեցականի ծառայությունը մինչեւ այսօր: Իսկ ինչո՞ւմ է սխալը՝ միշտ փաղաքշել ենք, ասել ենք՝ դուք լավն եք, դուք առաջին քրիստոնյան եք, դուք այս տարածքի միակ աստվածային ժողովուրդն եք, դուք կարող եք ուտել, խմել գիրանալ, բայց մեկ-մեկ մտեք եկեղեցի, մոմը վառեք, լրիվ բավարար է: Մենք էլ այդ սխալն ենք թույլ տվել՝ իբրեւ հովիվ: Միշտ վախեցել ենք, թե այս խոսքը չասեմ, կնեղանա, կխռովի, կգնա: Հովիվը պետք է ուշադիր լինի իր հոտին չխրտնեցնելու, բայց դա էլ իր սահմանն ունի՝ մինչեւ ե՞րբ ու մինչեւ ո՞ւր կարող ես փաղաքշել եւ չասել ճշմարտությունը, որ դու հիվանդ ես, որ դու սխալ ես, որ դու անբարոյական ես, հայ չես ի վերջո, որովհետեւ հայը գող չի կարող լինել, շնաձուկ չի կարող լինել, մարդասպան չի կարող լինել: Չի կարող լինել խաբող, քցող, նենգ, խարդախ, փողասեր, ընչասեր: Եթե այդպես է, ուրեմն հայ չի: Դա վերաբերում է նաեւ մեզ, որ սքեմ ենք կրում: Այնպես չի, որ մենք սուրբ ենք, դուք անսուրբ: Մենք միմյանց լրացնում ենք, միմյանց արժանի ենք, իրարից սնվում ենք, իրար տալիս ենք ու իրարով արդարանում ենք: Հովիվն ասում է՝ ի՞նչ անեմ, որ հոտն էս է, հոտն էլ ասում է՝ ի՞նչ անեմ, որ հովիվս էս է: Ախտորոշումը պիտի արվի՝ միչեւ հիմա սխալ եմ ապրել եւ պապերս էլ են սխալ, մի՛ իդեալականացրեք ձեր պապերին: Մենք մեր ծնողներին, պապերին չենք սիրում նրա համար, որ իդեալական են, այլ՝ որ մերն են: Ոչ իմ հայրն էր ամենահզոր իմաստունը, ոչ էլ իմ մայրն էր ամենագեղեցիկը կանանց մեջ, բայց ես ամենից շատ սիրում եմ նրանց, որովհետեւ իմ հայրն են ու իմ մայրն են: Պարտադիր չի հայ ազգը սիրել, որովհետեւ իդեալական է, ո՛չ, իդեալական չի, բայց պիտի սիրենք: Պիտի փոխենք մեր միտքը ու մեր վարքը: Ամեն տեղ ապականել ենք: Մեր երկրի, մեր հայրենիքի, ժողովրդի նկատմամբ միակ բանը, որը դեռ չենք ապականել, ընտանիքն է, այն էլ հարաբերական, այնքան ընտանիք ապականողներ կան: Ամուսնալուծությունները, միայնակ մայրերի թիվն ավելանում է, աբորտների ու վիժումների թիվը հատել է բոլոր տրամաբանական սահմանները: Սա նշանակում է, որ հայրենիք, երկիր, ամեն ինչ ապականելով՝ հասել ենք վերջին հիմնասյանը՝ ընտանիքին: Ուրեմն պետք է մեր վարքը փոխենք, քանի որ սխալ ենք ապրել մինչեւ հիմա»:
Ըստ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, պետք է մոտենալ ավետարանական սկզբունքին՝ մենք տեր ենք եւ ծառա մեր երկրում. «Տերը ենթադրում է խնամել, գուրգուրալ, փայփայել, մեծացնել եւ իրավունքներ ունենալ: Մենք տե՞ր ենք մեր երկրին, փայփայո՞ւմ ենք, սիրո՞ւմ ենք: Հա, վիրտուալ սիրում ենք, հեռվից էլ ենք սիրում: Ինչ լավ ստացվում է մեր մոտ Լաս Վեգասից հայրենիքը սիրել, շատ լավ ստացվում է: Տեր պիտի լինենք ու ծառա մեր երկրին, ինչպես Աստված, որ տեր է եւ ծառա: Ծառայում է ամեն օր մեզ՝ ապահովելով լույս, ջերմություն, սնունդ, ջուր: Մեր ծառան չէ, մեր տերն է, բայց մեզ է ծառայում, ինչպես ընտանիքի հայրն ու մայրը: Տերը, տիրությունը իր մեջ ներառում է ծառայություն, իսկ ծառայությունն ինչ է, եթե ոչ պարտականություն: Մենք չենք սիրում պարտականություն: Ամբողջ աշխարհը խոսում է իրավունքներից, պարտականություններից չի խոսում: Եթե մենք մեր պարտականությունների մեջ խորանանք, կմտնենք այն ճանապարհը, որի մասին խոսվեց: Ապաշխարությամբ մեր վարքը պիտի փոխենք ու հասկանանք՝ որտեղ պետք է լինենք տեր ու որտեղ՝ ծառա»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Անչափ գովելի է Միքայել Սրբազանի անկեղծությունը և համարձակությունը ճշմարտությունը բարձրաձայնելու համար։ Նույն կերպ, մեկ դար առաջ իմաստուն
Թումանյանն է ասել. “Ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած”։
Մնում է միայն հասկացողը հասկանա և սա բացատրի իր շրջապատին:
Այս պահին մենք ամենաշատը անկեղծանալու կարիք ունենք և Սրբազանը դա սկսեց, դրան պետք է հետևի վերափոխվելու մեր պատրաստակամությունը։