Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ՀԱՅՔ շարժման անդամները «Հանուն ՀԱՅՔԻ» կարգախոսով ներկայացրեցին քաղաքական հայտ: Շարժման նախաձեռնող խմբի անդամ Արմեն Ներսիսյանն ասաց, որ ազգային ուժերը պետք է միասնական ճակատ ձեւավորեն. «Հայք շարժումն իր քաղաքական հայտով նախատեսում է հայկականության մեջ նոր օրակարգ ձեւավորել: Այդ օրակարգը բխելու է իր քաղաքական նպատակից: Գիտակցում ենք, որ հասել ենք ապարժեք քաոսի հատակին: Ըստ էության, դա հնարավորություն է տալիս, որ կեղծ պղպջակները, պայթելով հանդերձ, ճանապարհ բացեն ազգային ուժերի համագործակցության համար»:
Ըստ նրա, այսօր պարտադրվող «տոտալ կապիտուլյացիայի» միակ այլընտրանքը համազգային մոբիլիզացիան է, որը հնարավոր է տեղի ունենա նոր էլիտայի միջոցով. «Մեր խնդրանքն է, որ «Հայք» շարժման վարքագիծը չչափեն քաղաքական հին ալգորիթմերով, դասական քաղաքականության օրենքներով ու օրինաչափություններով»: Նա հորդորեց, որ յուրաքանչյուր մարդ հասկանա իր պատասխանատվության ու զոհաբերության աստիճանը»:
Արմեն Ներսիսյանը ներկայացրեց «Հայք» շարժման 10 թեզերը: Դրանք են՝
- «Հայք» ազգային պետության հիմնադրումը,
- համազգային եւ համընդհանուր մոբիլիզացիան՝ որպես հայկականության անվտանգության գլխավոր երաշխիք,
- մեծ հայրենադարձության ապահովումը,
- հայ կենսատարածքի, հայկական պատմական հողերի, հայոց բնօրրանի նկատմամբ արդար պահանջատիրության իրացումը,
- արդար տնտեսվարման հաստատում՝ որպես ազգային առաքելության կարեւորագույն պայման,
- ազգային հարստության վերադարձ ու բնական հարստությունների ու գլխավոր ենթակառուցվածքների, ռազմավարական նշանակության օբյեկտների ազգային տնօրինում,
- քաղաքական կառավարման գործընթացում արդարությանն հաստատում,
- արտաքին քաղաքականության կառուցում՝ առաջնահերթ սուբյեկտիվության, երկխոսության, համագործակցության եւ անվտանգության հիմքով, որը հնարավոր է մեր բնական դաշնակիցների հետ համագործակցության արդյունքում,
- օտար գործակալական ազդեցության բացառումը,
- հայ առաքելական սուրբ եկեղեցու գործուն մասնակցության ապահովումը՝ որպես հոգեւոր անշեղ զարգացման նախապայման:
Արմեն Ներսիսյանը հավելեց, որ հոգեւոր առաջնորդությունը շատ կարեւոր է, որովհետեւ առանց դրա հնարավոր չէ նյութական աշխարհ կառուցել. «Եկեք համաձայնվենք, որ մենք առաջինը պարտվել ենք հոգեւոր դաշտում, հետո ռազմի դաշտում ու մեր վերադարձը մեր հզորությանն ու առաքելությանը բացառապես լինելու է հոգեւոր դաշտում հաղթանակով»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ