Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ոչ միայն պետք է հետ բերել Արցախը, այլ նաեւ պետք է ունենանք նկրտումներ Հայքի տարածքների վերադարձման». «Հայք շարժումը» քաղաքական հայտ է ներկայացնում

Մարտ 09,2024 20:35

Այսօր ՀԱՅՔ շարժման անդամները «Հանուն ՀԱՅՔԻ» կարգախոսով ներկայացրեցին քաղաքական հայտ՝ նոր որակ բերելու ու համախմբելու խոստմամբ: Շարժման անդամները գտնում են, որ արդեն երկրում իրավիճակն այնպիսին է, որ «դանակը հասել է ոսկորին». «Այսօր այս իրավիճակից տեսնում ենք հետեւյալ ելքը՝ Հայաստանի Երրորդ Հանրապետությունը պետք է ոչ թե ապամոնտաժել, ինչը այսօր փորձում են անել, այլ պետք է անցում անել Հայք ազգային պետության: Մեր առջեւ դրված մարտահրավերներն այնպիսին են, որ առանց ազգային պետություն ձեւավորելու մենք հաջողության հասնել չենք կարողանա: Մենք ունենք փայլուն ուղեղներ: Գաղափարական առումով մենք ունենք ուղեղներ, որոնք առանց չափազանցության հստակ ձեւակերպել են հայկական պետականության, հայ մարդու առաքելությունը, գաղափարախոսությունը: Ցանկացած ազգ կերազեր, որ նման գաղափարական հենք ունենար»:

«Հայքի» անդամներն ընդգծեցին, որ այս տարիներին քաղաքական ուժերը չեն համախմբվել, որովհետեւ հիմնական տրամաբանությունը եղել է այն, որ «սրանք վատն են, մենք լինենք, սրանք կոռուպցիոներներ են, սրանք սեւ են, մենք սպիտակ ենք» եւ այլն. «Եկել է ժամանակը, որ քաղաքական ուժը ձեւավորվի ոչ թե անձերի, այլ գաղափարների շուրջ»:

Հայտարարվեց, որ Արցախը կորցնելուց հետո եկել է նոր գաղափարական շրջափուլ սկսելու ժամանակը. «Ոչ միայն պետք է հետ բերել Արցախը, այլ նաեւ մենք պետք է ունենանք նկրտումներ Հայքի տարածքների վերադարձման: Պատերազմը ամենավերջին բանն է, որ նորմալ մարդը կարող է ուզել, որեւէ մեկս պատերազմ չենք ուզում, բայց մյուս կողմից գիտակցում ենք, որ պատերազմն անխուսափելի է: Թուրքերը երազում են թուրանական պետության մասին եւ նրանք չեն կանգնելու մեր երկիրը ոչնչացնելու առաջ: Իրենց գաղափարն է, որ միանալու են երկու թուրքական պետությունները ու Հայաստան չի լինելու: Ո՞վ կմտածեր մեկ տարի առաջ, որ Արցախը կարող է լիովին հայաթափվել: Հնարավոր է, չէ՞, որ նաեւ հայաթափվի Սյունիքը, ռումբեր ընկնեն Երեւանի վրա, թուրքերը էն կողմից մտնեն Շիրակ գյուղ, ես արդեն ամեն ինչի հավատում եմ: Աշխարհում տոտալ ուժի դրսեւորումներ են գնում ու մենք ոչինչ չպետք է բացառենք: Պետք է ուղղակի պատերազմի պատրաստվել, պիտի պատրաստ լինենք նետված ձեռնոցը վերցնելու, կյանքի ու մահվան կռիվ տալու: Սրան պետք է գնալ մոբիլիզացիայի միջոցով: Սուտ է, որ հայերը ռեսուրս չունեն, ուղղակի 30 տարի ոչինչ չի արվել, որ ռեսուրսները համախմբվեն եւ օգտագործվեն ի շահ մեր պետության»:

Ըստ շարժման անդամների, գաղափարական հիմքը պետք է դնել արդարության պակասը, որին այդպես էլ այս տարիներին չենք կարողացել հասնել. «Մեր միջավայրում գտնվեցին մարդիկ, որոնք յուրացրեցին Արցախի հաղթանակը՝ սեփական բարեկեցությունն ապահովելու համար եւ անարդարությունն էր պատճառը, որ այլեւս չկարողացանք պահել Արցախը: Հայք ազգային պետությունը պետք է կառուցված լինի արդարության հենքի վրա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031