Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարգարե չեմ, բայց հաշվել եմ՝ խայտառակ ձևի փախնելու են իշխանությունից»․ Հրանտ Բագրատյանի ելույթը Գյումրիում

Մարտ 09,2024 19:39

Այսօր Գյումրիում էին «Միասին» դաշինքի ներկայացուցիչները․ նրանք եկել էին Թատերական հրապարակ՝ ժողովրդի հետ հանդիպելու։ Ունկնդիրները քիչ էին, սակայն նրանց մեջ կային բավական մեծ թվով մտավորականներ՝ բուհերի աշխատակիցներ, նախկին վարչական ղեկավարներ։

«Միասին» դաշինքի ներկայացուցիչները գործող վարչախմբի անդամներին անվանեցին «կասկածելի» կենսագրության տեր անձինք, «լրտեսախումբ», որոնց պատճառով Հայաստանն ունի շարունակական պարտություն։

Նրանք նշեցին, որ հողը փախչում է մեր ոտքերի տակից, ուստի և պետք է կարողանանք միասնական պայքարել, բռունցք դառնալ, որպեսզի կարողանանք հաղթել, ընդ որում  ոչ միայն «լրտեսախմբին», այլ դրսի ուժերին, որոնք որևէ կերպ չեն ուզում Հայաստանը ոտքի կանգնի։

Ելույթ ունեցավ ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը, որը նշեց, թե ապրիլ ամսին մեծ հանրահավաք կանցկացնեն Գյումրիում, իսկ  այս վատ եղանակային պայմաններին Գյումրի գալը հրատապ էր, քանի որ իրենք պիտի շրջեն հանրապետությունով մեկ, հավաքեն ժողովրդին և տանեն մայրաքաղաք՝ վճռական հանրահավաքների։

«Մենք չենք կարող հանդուրժել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, մեղք ենք, մեղք եք։ Այդ իշխանությունը ձախողել է ամեն ինչ։ Էդ մարդը բոլորին՝ ում տեսել է, խոստում է տվել, հիմա չի էլ կարողանում զանգել ո՛չ Եվրոպա, ո՛չ Ռուսաստան, նրանց էլ է խաբում, ինչ ասում է, սուտ է։

Եկել, ասում էր 20 միլիարդ դոլար փող են գողացել ժողովրդից, հետ եմ բերելու, վեց տարին լրացավ մի դոլար բյուջե չի մտել։

Վեց տարվա բյուջեն, որ կարդացել ենք, ոչ մի փող չի եղել թալանած միջոցներից, բայց դրա փոխարեն իրենց թալանը կա՝ մոտ 8 միլիարդ դոլարի։ Պետական պատվեր է եղել, 7 միլիարդն՝ առանց մրցույթի»,- ասաց Հրանտ Բագրատյանը։

Նա, դիմելով հրապարակում կանգնած թոշակառուներին, ասաց․ «Անցած տարի 3 հազար դրամով բարձրացրեցին թոշակը։ Վերջին 6 տարում 40 հազար դրամից թոշակը դարձել է 49 հազար, էդ չէ։ Գներն էլ աճել են 28 տոկոս՝ 6 տարում։ 40-ից ավելն էլ 20 տոկոս, 8 տոկոս վատ եք ապրում, կարո՞ղ է գյուղացուն օգնել են, կարո՞ղ է կարտոֆիլի վաճառքի խնդիր չկա։

Ղարաբաղը վերացրեց, էլի Ղարաբաղ էին տանում-ծախում։ Վերացրեց Ղարաբաղը, չորացրեց, ինչ բյուջե որ հավաքել է անցած տարի՝ 2 տրիլիոն 300 միլիարդ, որը մի տրիլիոնով ավել է, 1 տրիլիոն 300 միլիարդ էր նախկին իշխանության վերջին տարում, էդ մի տրիլիոն ավելիի 32 տոկոս 320-ը ինֆլյացիա է, 210 միլիարդ տվել է իր ՔՊ-ականներն պարգևավճար, 200 միլիարդ պետական պարտքի սպասարկում է,  տակը  փող չի մնում։ Եվ դուք միշտ ստանալու եք երեք մատի կոմբինացիա, դուք եք մեղավոր, մենք ենք մեղավոր, էս ո՞վ է մեզ ղեկավարում։

Երկիրը լինել-չլինելու գործընթացի առաջ է, դրոշակն առել, ասում է՝ Ռուսաստանին պիտի տշենք ստից, է՜, ինչի՞․․․

Ես արդեն սկսում եմ մտածել, որովհետև ինտերնետով նման ինֆորմացիա կար, որ նարկոթրաֆիկինգի համար է «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներն հանելը»։

Հրանտ Բագրատյանի ասելով՝ 5 միլիարդ դոլար ծախսեցին, խաղաղապահ բերեցին, Փաշինյանը կանգնեց, ասաց՝ Արցախը Ադրբեջան է։ Ադրբեջանն էլ զանգեց Ռուսաստան, ասաց՝ այս մարդիկ ընդունում են, որ Արցախն Ադրբեջան է, դուք այստեղ ի՞նչ եք անում։

Նախկին վարչապետը հարց ուղղեց հավաքվածներին՝ մեր ազգն այսքանից հետո այդքան ուղեղ չունի՞, որ Փաշինյանին ասի՝ հեռացիր։

«Թուրքերի՞ն եք կարոտել»,-հարցրեց նա։

«Լավ բան եք սպասո՞ւմ թուրքերից, չի՞ ասում ճամփա եմ բացում թուրքերի հետ։ Աստված մի արասցե, էդ ճամփեն բացվի, թող թուրքերը գան, խնդրեն այդ ճամփեն բացվի, որովհետև մի քիչ կախվածություն ունենաք, անմիջապես փակվելու է։ Էսա, իրար մեջ փսփսում են պառլամենտում, թե ռուսական գազից հրաժարվենք, ադրբեջանականն առնենք՝ 4 անգամ ավելի թանկ, բա էսպես բան կարելի՞ է, բա սա հանդուրժելո՞ւ է, ժողովուրդ։ Բա ի՞նչ է եղել մեր հայերին։

Ես  հաղթած շրջանի՝ 90-ականների սկզբի վարչապետն եմ եղել, բոլոր հաղթանակները եղել են իմ վարչապետության օրոք, չեմ ուզում գլուխ գովալ, կար նախագահ, որն իր տեղում էր, կային ռազմական գործիչներ, որոնք իրենց տեղում էին, բա մենք էսպես կստորանայի՞նք։ Էսպես ստորացում մեզ սազո՞ւմ էր։

Ինչի՞ վրա եք հույս դրել, թուրքերի ողորմածության վրա՞, էս ռեգիոնում մենք ընկերություն կարող ենք անել կամ թուրքերի, կամ ռուսների ու Իրանի հետ, հիմա ընտրություն կատարեք․ շատերն էլ ասում են՝ չէ, Եվրոպա ենք ուզում։ Եվրոպան չորս օր առաջ Անթալիայում հայտարարեց՝ ինչ Եվրոպա, ինչ բան, մենք այնտեղ ավագ ընկեր ունենք՝ Թուրքիան է, ինքն էլ դիրիժորության կանի, Թուրքիան ինչ ասում է, լսեք»։

Ըստ Հրանտ Բագրատյանի, Ֆրանսիան էլ մեզ օգնում է, ԱՄՆ էլ, իհարկե, գոհ ենք, բայց նրանք ասում են՝  չենք գա, չենք կռվի, մի երկիր կա, որն ասում է՝ քիչ, թե շատ կարող եմ կռվել, Ռուսաստանն է։

«Ռուսաստանը չի գնացել ադրբեջանցիներին սպանելու, դրա համար դժգոհ են, Նիկոլ Փաշինյանը դժգոհ է, Ալեն Սիմոնյանը դժգոհ է, իրենք դժգոհ են, ոչ թե Ռուսաստանը մեր ստրատեգիական թշնամին է,այլ իրենք դարձել են Ռուսաստանի թշնամին, իրենք իրենց կաշվի համար են դժգոհ։

Հասկացեք, էս բազան էլ ուզում են հանեն, էլի գալիս, մտնում են կաֆեները, ուզում են մի բան առնեն, հանում են, տեղն ի՞նչ դնեն։ Նման բան էլ ասում ես, ասում են՝ ռուսամոլ ես չէ՞ ։ Թուրքամոլ լինե՞մ։  Ի՞նչ է նշանակում ռուսամոլ եմ, ինչի ես ասե՞լ եմ թշնամություն արեք Ամերիկային կամ Ֆրանսիային, չէ՛ «Միասին» շարժումը չի ասում դա, «Միասին» շարժումն ասում է՝ ինչ որ ստորագրել ես, պայմանագիր, միություն Ռուսաստանի հետ, ինչ-որ ստորագրել ես, ռազմաքաղաքական դաշինք, բարի եղիր կատարել։

Ռուսներին ինչի՞ ես գցում, խաբում, բերում ես Ղարաբաղ, հետո ասում ես՝ Ղարաբաղն Ադրբեջանն է, ռուսներն ասում են՝ արա, էլ դրա զանգերին չպատասխանեք։ Չի կարողանում Պուտինին զանգել, էս ա։ Բա եթե չի կարողանում զանգել, հեքիաթներ պիտի պատմի, չէ՞, լոլոներ պիտի պատմի, չէ՞», -ասաց Հրանտ Բագրատյանը։

Նա ասաց, որ  Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայից «Բաստիոններ» է բերել, որոնք զրահապատված նիվաներ են, դրանք ի՞նչ են անելու ադրբեջանական ու թուրքական զենքի դեմ։

Հրանտ Բագրատյանի հաշվարկով՝ Նիկոլ Փաշինյանը 16 հազար քառակուսի կիլոմետր հող է տվել Ալիևին՝ 14 հազար 400 քառակուսի կիլոմետր Ղարաբաղում, 1400-ն էլ Հայաստանում։

«Բա էգուց Գյումրի էլ կգան, Երևան են գալիս արդեն, բա մենք ինչի՞ չենք շարժվում, ինչի՞ վրա են հույսներդ, դրա համար մենք՝ «Միասին» շարժումով եկել ենք, թող մեր հասցեին էլ ասի՝ նախկիններն են եկել, ի՞նչ  ես խոսում, արա, նախկին-մախկին, էդ ինչ ծամոն եք բերաններդ գցել։

Պտի հավաքվենք ժողովուրդ, ինչ-որ հաշվարկներ ունեմ, ես  չեմ ասում մարգարե եմ, բայց կարողանում եմ հաշվել, խայտառակ ձևի արդեն փախնելու են իշխանությունից, «Զվարթնոցում» էլ սահմանապահներին փոխում են, որ թողնեն իրենց հեռանան, խնդիր չունենան թողնելու, դա է պատճառը, իմացեք, ես դրանում վստահ եմ, ես այդպես եմ կարծում»։

Հրանտ Բագրատյանն ասաց, որ իրենք վճռական են այս ամենին վերջ տալու։ «Ամոթ է, մեր թասիբները հետ բերենք, ամոթ է,  պատիվ չմնաց մեզ, անպատիվ ենք դարձել բոլորս»,- եզրափակեց նա։

Նունե ԱՐԵՎԱՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031