Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլը ոչ թե եվրոպական արժեքների կրող ինտելեկտուալ-փիլիսոփա է, այլ սարից իջած և Փարիզի վրա բերանը բացած «Գիքոր». Աշոտյան

Մարտ 09,2024 19:11

«Եթե Նիկոլին թվում է, որ ադրբեջանցի զինվորի միակողմանի արտահանձնումը Ալիևն իրոք գնահատելու է, ապա սա հերթական դատարկ նսեմացուցիչ քայլն է իրականում։ Դիմացինի «վեհանձն» կամ «մեծահոգի» թեստը այդպիսին է դիտվում, եթե դիմացինին հարգում են, այդ դեպքում անգամ փորձում են փոխադարձություն ցույց տալ, «լավություն տակից» դուրս գալ։ Նիկոլ-Ալիև հարաբերությունները այդպիսին չեն»,- այսօր «Նուբարաշեն» քրեակատարողականից ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը այսպես է պատասխանել է քաղաքացիներից մեկի հարցին, թե ինչո՞ւ են գերի ընկած ադրբեջանցուն արտահանձնել:

Ըստ Աշոտյանի, ադրբեջանցու միակողմանի արտահանձնումը ավելի շուտ քծնանքի և թուլության հերթական նշան է Ալիևի համար, ով անգամ թղթով ստանձնած պարտավորությունները վերադարձնելու հայ գերիներին չի կատարում. «Ադրբեջանցու ազատումից ընդամենը մի քանի օր առաջ նրան ՀՀ օրենսդրությամբ շատ խիստ մեղադրանքներ առաջադրվեցին, որոնք, օհ հրա՜շք , անհիմն դուրս եկան նույն իրավապահների գնահատմամբ։ Այն պահին, երբ Հայաստանի բանտերում տասնյակ քաղբանտարկյալներ կան, որոնց վրա նիկոլական համակարգը փնթի կերպով գործեր է կարում, նույն Նիկոլի հանձնարարությամբ Ադրբեջանի դիվերսանտը ձեռքի մեկ շարժումով դառնում է «մոլորյալ»։ Այսինքն, Նիկոլի օրոք հայը Հայաստանում հայ մնալու ցանկության համար դատվում է, իսկ ադրբեջանցին` իրեն լավ զգում»:

Քաղաքացի Նորայր Սարգսյանը հարցրել է՝ Սոչիում Սիմոնյան Մարգարիտան մտցրեց ցեխը մեր երիտասարդներին՝ ասելով, որ Նիկոլը հայ ազգի կործանման պատճառն է, երբևէ մենք ունեցե՞լ ենք նման խայտառակ դիվանագիտական հրապարակային անհաջողության և ի՞նչ էր նա ցանկանում ակնարկել։ Աշոտյանը պատասխանել է, որ Մարգարիտա Սիմոնյանի խոսքը Սոչիում իրեն հատվածական  է հասել. «Բայց կարիք չկա հասնել Սոչի, լսել ուրիշներին, հասկանալու համար այդ պարզ ու դառը իրողությունը, որ Փաշինյանը կործանեց մեկ հայկական պետություն` Արցախը, իսկ հիմա արագ տեմպերով կործանում է Հայաստանը։ Նիկոլը մեզ տանում է պատմության սպանդանոց, և սա ուրիշները չէ, որ պիտի մեզ բացատրեն։ Անկախ ամեն ինչից, այդ բոլոր «ուրիշները» ունեն սեփական շահերը, որոնք փաթեթավորում են իրենց սրտացավության և հոգատարության մեջ։ Հայ ժողովուրդը պարտավոր է ինքը լուծել այս հարցը, որպեսզի հետո ոչ մեկին չմեղադրի կամ պարտական չլինի»:

Քաղաքացի Կարեն Սերոբյանի հարցին, թե ի՞նչ քաղաքական վեկտոր է բռնել այս իշխանությունը, ինչի՞ են խաղում լարի վրա՝ Արմեն Աշոտյանը պատասխանել է. «Որքան էլ բարդ են գործընթացները, Փաշինյանի նպատակները պարզ են. Ցանկացած գնով մնալ իշխանության։ Այս արկածախնդրության հիմքում թե խելքի, թե բարոյական ճգնաժամն է իր և իր թիմի մոտ, որովհետև նման սալտոների իրական գինը վճարելու է հայ ժողովուրդը, այդ թվում` իր զավակների կյանքով։  Նիկոլը իրականում եվրոպամետ չէ, նա չի կրում եվրոպական քաղաքակրթական արժեքները, նա ոչ թե եվրոպական արժեքների կրող ինտելեկտուալ-փիլիսոփա է, այլ սարից իջած և Փարիզի վրա բերանը բացած «Գիքոր»։ Նա փորձում է խաբել ոչ միայն պատմությանը, այլև աշխարհագրությանը։ Հավատացեք, որ երկուսն էլ, թե՛ պատմությունը, թե՛ աշխարհագրությունը դաժան են իրենց կանոնները և օրենքները անարգողների նկատմամբ։ Փաշինյանը սիրում է ասել, որ  «նավը ուզում է հասնել նավահանգիստ»։ Բայց արդյո՞ք նավերի ֆունկցիան նավահանգստում լռվելն է … Նավերը նավարկելու համար են, իսկ նավահանգստում մնացածները կամ թանգարան են դառնում, կամ ջարդոն»:

Մեկ այլ քաղաքացի՝ Նարինե Սահակյանը հարցրել է՝ բացահայտ ատելության խոսք է սկսվել ՌԴ-ի դեմ, ինչի՞ կբերի այս քաղաքականությունը, մենք մինչև ե՞րբ ենք ունենալու մահեր և կորուստներ՝ Աշոտյանը պատասխանել է. «Որքան էլ ոմանց հիմա դուր չի գալիս այս դառը ճշմարտությունը, բայց անհերքելի է, որ 2018-ին և 2021-ին  Փաշինյանը վարչապետ դարձավ գեոպոլիտիկ կոնսենսուսի շնորհիվ, այդ թվում Ռուսաստանի համաձայնությամբ։ Պարզ էր, որ նա ինչ-որ մեկին գցելու է իր գեոպոլիտիկ խաղերի մեջ, և այլևս անթաքույց է, որ նա ընտրել է Արևմտյան բևեռը։  Հիշեցնեմ, թե ինչպես էր Փաշինյանը 2018-ի միտինգներին ինքնամոռաց հիշատակվում և հրճվում Մարիա Զախարովայի մեկնաբանություններով, ինչպես խախտելով ՀՀ Սահմանադրությունը Սիրիա ուղարկվեց հայկական զորախումբ, ինչպես էր ռուսական կենտրոնական մեդիաներով Զելենսկիին խորհուրդներ տալիս Պուտինի հետ աշխատելու հարցով և այլն։ Զավեշտ է, երբ իրենց հակառուսականությանը Փաշինյանը և իր թիմը հիմա հրամցնում է մեզ որպես «սուվերենության, անկախության համար պայքար»։ Ադրբեջանը և Թուրքիան կանոնավոր կերպով ոտնահարում են մեր ինքնիշխանությունը, սակայն Նիկոլը համառորեն լուռ է այս ուղղությամբ, ավելին, նաև համաձայնում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջներին, օրենքով ՀՀ Սահմանադրությունը փոխելու հարցով։ Եվ այս ֆոնի վրա ինքնիշխանության համար պայքարում թիրախ դարձնել Ռուսաստանը իրականությանը չհամապատասխանող բլեֆ է։ Այո, մենք կախված ենք Ռուսաստանից ճիշտ այնպես, ինչպես Կանադան ԱՄՆ-ից, Մոնղոլիան Չինաստանից, Խորվաթիան Գերմանիայից»:

Ըստ Աշոտյանի, Հայաստանը չունի որևէ ռեսուրս ներգրավվելու գեոպոլիտիկ պատերազմի մեջ ՌԴ-ի և Արևմուտքի միջև ոչ մարդկային, ոչ տարածքային, ոչ բնական պաշարների. «Հայաստանը չունի նաև ոչ մի շահ դառնալու գեոպոլիտիկ նորակոչիկ։ Դա մեր պատերազմը չէ»:

Քաղաքացիներից մեկն էլ հետաքրքրվել է կրթական համակարգով ու հարցրել, թե ի՞նչ կփոխեր Աշոտյանը: Նա պատասխանել է. «Գործող նախարարին ճանաչում եմ, քանզի նա աշխատել է համակարգում դեռևս «նախկինների», այդ թվում իմ ժամանակ։ Ու պետք է ազնվորեն ընդունել, որ նա մասնակցել է, և ոչ թե կառավարել։ Եվ երկրորդը, իր արժեհամակարգը խարխլված է գլոբալիստական լիբերալիզմի վրա, ուստի ազգայինը իր համար ոչ թե խորթ է, այլ թշնամական։ Իրեն մշտապես պետք է հանձնարարել, թե ինչ անել, և ոչ մի դեպքում չթողնել կարևորագույն որոշումների հարցը։ Քանի որ գործող կառավարությունը անհայրենիք, անարմատ, համազգային փիլիսոփայությունն է դրել իր գործունեության հիմքում, նման կերպարը պարզապես գտածո է Փաշինյանի համար։ Արդյունքում ունենք կրթական համակարգ, որից փորձում են ոչնչացնել կրթական ինքնության բաղադրիչը, որում ֆունկցիոնալ առումով անարխիա է։

Ակնհայտ է, որ պետք է վերականգնել նախկին կառուցվածքը` լուծարելով ԿԳՄՍ-ն։ Առավել մեծ ուշադրություն դարձնել ազգային կրթության բաղադրիչի վրա, այդ թվում` ռազմահայրենասիրական դաստիարակության։ Իսկ կրթական համակարգի արդիականացումը իրականացնել ոչ թե ֆորմալ, այլ բովանդակության առումով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031