Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի 2023 թ․ 8.7% տնտեսական աճի հիմնական պատճառները

Մարտ 09,2024 14:59

2023 թվականին Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է 8.7% տնտեսական աճ։ Գնահատենք, թե ինչն է հիմնականում ապահովել այդ տնտեսական աճը։

Գծապատկեր 1. ՀՆԱ-ին նպաստող հիմնական ճյուղերը (2023 թվական)

️2023 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն գրանցել է 8.7% աճ

️ՀՆԱ-ի կառուցվածքում ամենամեծ աճը 2023 թվականին ապահովել է «Մեծածախ և մանրածախ առևտուր. ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգում»՝ 2.9 տոկոսային կետ, «Տեղեկատվություն և կապ»՝ 1.7 տոկոսային կետ, «Շինարարություն»՝ 1.1 տոկոսային կետ։

ՀՆԱ-ի իրական ծավալի հավելաճը զսպել են «Ֆինանսական և ապահովագրական գործունեություն» ոլորտը՝ -0.6 տոկոսային կետով, և «Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում» ոլորտը՝ -0.2 տոկոսային կետով։

Գյուղատնտեսությունը վերջին 4 տարիների ընթացքում ունի բացասական աճ և բացասապես է նպաստում տնտեսական աճին։

Գծապատկեր 2. ՀՆԱ-ին նպաստող հիմնական ճյուղերը (2022 թվական)

2022 և 2023 թվականներին ՀՆԱ-ի աճի վրա ազդող բաղադրիչների համեմատությունը ցույց է տալիս էական տարբերություններ: Աչքի են ընկնում «Ֆինանսական և ապահովագրական գործունեությունը»։ Թեև այս ոլորտն ամենաշատը նպաստել է 2022 թվականի տնտեսական աճին՝ զգալի 2,8 տոկոսային կետով, 2023 թվականին նրա ներդրումը բացասական է եղել։ Նշենք որ բանկային համակարգը այս ոլորտի մի մասն է։ Մտահոգիչ է, որ ֆինանսական և բանկային հատվածը, որը 2022 թվականին գրանցել է 48,6% աճ (տես գծապատկեր 3), մինչ այն 2023 թվականին գրանցվել է 8% անկում։

Ֆինանսական և ապահովագրական հատվածի անկումը 2023 թվականին կարելի է պայմանավորել երկու հիմնական պատճառներով։ Նախ՝ 2022 թվականին զգալի կապիտալ ներհոսել է բանկային համակարգ, որը հանգեցրել է ֆինանսական հատվածի 48,8% աճի և մեկ տարվա ընթացքում բանկային հատվածի զուտ շահույթի եռակապատկման։ Այնուամենայնիվ, 2023 թվականին նկատվել է բանկային կապիտալի արտահոսքի աճ և ներհոսքի նվազում, որը բացասաբար է ազդել բանկային համակարգի վրա։ Երկրորդ՝ զգալի նպաստող գործոն էր 2023 թվականին Արցախի կորուստը, որտեղ բանկային համակարգը զգալի ներդրումներ էր կատարել, ինչը հանգեցրեց բանկային հատվածի կրճատմանը 2023 թվականին։ Բանկային համակարգը ստիպված եղավ դուրս գրել բոլոր ակտիվները, որոնք գտնվում էին Արցախում։

Գծապատկեր 3. ՀՆԱ աճի տարբերություններն ըստ գործոնների, 2022 և 2023 թթ.

2022-ի համեմատ տնտեսական աճը համեմատաբար ավելի փոքր է եղել, որը և արտացոլում է 3-րդ գծապատկերը, սակայն 2022 թվականին ապահովվել է երկնիշ 12.6 տոկոս տնտեսական աճ, իսկ 2023-ին 8.7 տոկոս, որը նույնպես բականին զգալի աճի տեմպ է։ 2023 թվականին ՀՆԱ 8.7 տոկոս աճի 0.6 տոկոսային կոտը ապահովել է «Մշակույթ, զվարճություններ և հանգիստի» ոլորտը, որը գրեթե չի նպաստել 2022 թվականի տնտեսական աճին։ Սա նույնպես երևում է 3-րդ գծապատկերում, որտեղ այս ոլոտը, ինրպես նաև մեծածախ և մանրածախ առևտուրը, պետական կառավարումը եղել են հիմնական ճյուղերը որոնք ապահովվել են մեծ շատ աճ, քան 2022 թվականին։

Աղասի ԹԱՎԱԴՅԱՆ

Տնտեսագետ, Tvyal.com կազմակերպության ղեկավար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031