Հետաքննությունը պարզել է, որ իշխող կուսակցությանը նվիրատվություն կատարած բազմաթիվ անձինք տեղյակ չեն եղել իրենց անունից արված նվիրատվությունների մասին:
Հայաստանում իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2022 թվականի ֆինանսական հաշվետվությունում հայտնաբերվել են մի շարք խնդրահարույց կետեր, որոնք հարցեր են առաջացնում կուսակցության ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ՝ ասված է «Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի» (OCCRP) հրապարակած հետաքննությունում, որը OCCRP-ի և նրա հայաստանյան գործընկերոջ՝ «ՍիվիլՆեթի» համատեղ աշխատանքի արդյունք է:
Հետաքննությունը պարզել է, որ կուսակցությանը նվիրատվություն կատարած բազմաթիվ անձինք տեղյակ չեն եղել իրենց անունից արված նվիրատվությունների մասին:
«2022 թվականին իշխող կուսակցությանն իբր գումարներ նվիրաբերած 140 անձանցից միայն վեցը չեն եղել «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուներ տեղական ինքնակառավարման մարմինների վերջին ընտրություններում։ (Մեզ հետ զրույցում) 31 նվիրատուներից գրեթե կեսն ասացին, որ նման նվիրատվություններ չեն կատարել: Մյուսները պնդում էին, որ չեն հիշում՝ արդյո՞ք փոխանցել են գումար։ Ոմանք հրաժարվեցին պատասխանել հարցերին»,- նշված է OCCRP-ի կայքում տեղ գտած հրապարակման մեջ:
Կարդացեք նաև
Ըստ հրապարակման, նվիրատվությունները արժանացել են հետաքննող լրագրողների ուշադրությանը նաև այն պատճառով, որ «(Հայաստանի) տասը քաղաքներում տեղական ինքնակառավարման մարմինների (ընտրությունների) առնվազն տասը թեկնածուներ նույն օրը նույնաչափ գումար են փոխանցել իշխող կուսակցությանը»: 26 նվիրատվությունների դեպքում դրանք կազմել են նրանց տարեկան եկամտի և ընդհանուր խնայողությունների առնվազն կեսը։ Չորսի դեպքում գումարը գերազանցել է նվիրատվության առավելագույն թույլատրելի չափը (2,5 մլն դրամ կամ 6 200 դոլար)՝ բացահայտել է հետաքննությունը:
Հետաքննության մեջ նշված է, որ կասկածելի գործարքներն ի հայտ են եկել մեկ տարի անց, երբ կառավարությունը հակակոռուպցիոն բարեփոխումներ անցկացրեց՝ արգելելով կանխիկ նվիրատվությունները և փոխանցումներն իրավաբանական անձանցից, ինչպես նաև սահմանափակեց ֆիզիկական անձանց կողմից արվող վճարների չափը:
Հրապարաման մեջ մեջբերված փորձագետների կարծիքով, «բացահայտումները վկայում են քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման նոր սահմանափակումները շրջանցելու փորձերի մասին։ 2020 թվականին [իշխող] կուսակցությանն ուղղված նվիրատվությունները այլ տեսք ունեին՝ միջոցների մեծ մասը ստացվել էին մեծ գումարներով՝ ընկերություններից և գործարարներից»:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում