Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ չկա համակարգային մոտեցում

Մարտ 09,2024 10:00

Այս լուսանկարը ես արել եմ մի քանի օր առաջ Դավիթաշենում, Տիգրան Պետրոսյան փողոցի առաջին «կանգառում», որտեղ ես իջնում եմ՝ ճանապարհս այլ տրանսպորտով շարունակելու համար: «Կանգառ» բառը չակերտների մեջ եմ դնում, որովհետեւ այն, ըստ էության, գոյություն չունի: Այն տարածքը, որտեղ մենք՝ ուղևորներս, պետք է ավտոբուսների սպասենք, զբաղեցված է մեքենաներով, եւ մենք կա՛մ վազվզում ենք մայթից երթեւեկելի մաս, կա՛մ էլ հավաքվում ենք երթեւեկելի մասում, որտեղ հաճախ կուտակվում են իրար հետ մրցող ավտոբուսները: Ճիշտ նույն վիճակն է Դավիթաշենի բոլոր մնացած «կանգառներում»:

Այս ամենի մասին գրում եմ, որովհետեւ վստահ եմ՝ տրանսպորտի եւ կայանման տեղի վարձը բարձրացնելուց առաջ պետք է լուծել մի քանի խնդիրներ: Հակառակ դեպքում նախ՝ պարզ չէ, թե ինչի համար ենք մենք ավելի թանկ վճարում: Երկրորդ՝ եթե խնդիրը երթեւեկությունը բարելավելն է եւ մեր կյանքը թեթեւացնելը, ապա դրական փոփոխությունները պետք է լինեն շոշափելի: Իսկ իրականության մեջ, օրինակ՝ Կենտրոնում կայանատեղերի համար աստղաբաշխական (միջին խավի համար) գումար դնելը որեւէ ձեւով չի նպաստել քաղաքի այդ հատվածի «բեռնաթափմանը»:

Բարեփոխումների արդյունքում պետք է հստակ լինի, թե որտեղ են «իսկական» կանգառները: Դրանք պիտի համապատասխան տեսք ձեռք բերեն, այլ տրանսպորտային միջոցների կայանելն այնտեղ պետք է խստորեն արգելվի: Կանգառները պետք է կահավորվեն, ունենան չվացուցակներ, լուսատախտակներ, որտեղ գրված կլինի, թե երբ է գալիս այս կամ այն տրանսպորտը (ոչ թե երբ է գնացել, ինչպես մետրոյում է, այլ երբ է գալու): Իմ հեռախոսի մեջ ներբեռնված ուղեվարձը պետք է կիրառելի լինի տրանսպորտի բոլոր տեսակների համար (ներառյալ մետրոն): Դրանից հետո միայն կարելի է մտածել ողջամիտ թանկացումների մասին:

Ավել փող վերցնելը եւ ոչ մի բան չանելը նույն տրամաբանության մեջ է, ինչ տարիներ առաջ ուղեվարձը 150 դրամ սարքելու փորձերը: Այն հանգամանքը, որ 10 տարի առաջ «ակտիվիզմ» կար, իսկ հիմա չկա, գործի էությունը չի փոխում:
Համակարգային մոտեցման բացակայությունը «պատահական» իմպրովիզացիայի տպավորություն է թողնում: Բուհերը եւ գիտական հիմնարկները շատ են, եկեք թիվը կրճատենք: «Շատ են» ո՞ր նպատակի համար: Այդ նպատակը ի՞նչ քանակ է պահանջում: Հնարավո՞ր է դա հաշվարկներով ապացուցել: Առանց այդ հարցերին պատասխանելու՝ կարելի է ջութակահարին եւ գինեկոլոգին նույն լսարանում նստեցնել: Շատ ուժեղ «տնտեսվարում» կլինի:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Հաջողության ծանր թափանիվը, որը ճակատագիր է կոչվում, պտտելու համար մեզ լիքը մեծ ու փոքր հաջողություններ են պետք գրանցել մեր հաջողության պատմության գրքում. հաջողությունը՝ դա մեր կամքի եւ Արարչի կամքի ներդաշնակությունն է. Արարչի ընտրյալներ կոչվում են մեծ կամքի տեր հաջողակները. կամք՝ նշանակում է խոչընդոտներ հաղթահարելու ունակություն, մեծ կամք՝ մեծ խոչընդոտներ հաղթահարելու ունակություն. ուժը ծնվում է խոչընդոտներ հաղթահարելուց, մեծ ուժը ծնվում է մեծ խոչընդոտներ հաղթահարելուց:

    Կանգառի խնդիրը զուտ քաղհասարակության խնդիր է:

    Բերնարդ Շոու ՝՝Պիգմալիոն՝՝ ի կանգառին վերաբերող հատվածի 🙂 ազատ շարադրությամբ.
    Ավտոբուսի կանգառում կանգնածների թվում կա մի գնդապետ, որը հետաքրքրություն է ցուցաբերում ծոցատետրով մարդու ունակությունների հանդեպ: Վերջինս ներկայանում է որպես Հենրի Հիգգինս: Գնդապետ Պիկերինգը պրոֆեսոր Հիգգինսին առաջարկում է գրազ: Դրդում է պրոֆեսորին ապացուցել, որ հաշված ամիսների ընթացքում կարող է փողոցային ծաղկավաճառուհուն՝ Էլիզ Դուլիթլին դարձնել դքսուհի: Հիգգինսը համաձայնում է, մանավանդ որ իր հաղթանակի դեպքում Էլիզի ուսման ծախսերն իր վրա է վերցնում Փիկերինգը:

    Մենք ունենք բարձրակարգ քաղաքական ու հասարակական գնդապետներ ու պրոֆեսորներ, կգտնվեն արդյո՞ք նրանց միջից երկու հոգի կամ երկու մրցակից խումբ, որ գրազ կգան եւ քաղհասարակության գործելու մաստեր կլաս ցույց կտան կանգառից օգտվող տեղաբնիկ ժողովրդին:

  2. Gohar says:

    Հանրային տրանսպորտային միջոցների համար նախատեսնված կանգում ապօրինի կայանման համար նշանակել տուգանք, որը կարող է շատ տարբեր լինել՝ կախված գտնվելու վայրից և տարածքի հատուկ կանոնակարգերից: Որպես կանոն, անօրինական կայանման համար տուգանքները սահմանվում են տեղական իշխանությունների կողմից և կարող են տատանվել փոքր գումարներից մինչև զգալի տուգանքներ, ընդհուպ մինչեվ կանչել տրանսպորտային միջոցների քարշակ եվ մեքենան տեղափոխել տուգանային հրապարակ, առանց տիրոջը հայտնելու։ Իհարկե, եթե կան նախապես տեղադրված “կանգառը արգելվում է” լուսատախտակներ ։ Եթե խախտողը ժամերով փնտրել քարշակով տարած իր մեքենան եվ վճարելով մի կլորիկ գումար, տուգանքի դիմաց, կարծում եմ, որ էլ երբեք չի անտեսի այդ դժվարությունները եվ երբեք չի փորձի մեքենան կայանել արգելված տեղում։

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031