Ադրբեջանը ձևականորեն ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, բայց պնդում է, որ ի՛նքը պիտի որոշի, թե հատկապես ինչ սահմաններով է ճանաչում։ Ավելին․ պնդում է, որ Հայաստանի՝ իր որոշելիք տարածքով անցնող միջպետական հաղորդակցության ուղիների վերահսկողության հետ Հայաստանը պիտի գործ չունենա։ Սա, եթե մի կողմ թողնենք դիվանագիտական գեղեցիկ ձևակերպումները, նշանակում է, որ Ադրբեջանը Հայաստանին խոստանում է «բարձր ինքնավարություն» իր կազմում։ «Անվտանգության երաշխիքներով», «սեփական լեզվով կրթություն ստանալու իրավունքով», «կրոնական ազատություններով» և այլն։ Նույնիսկ «սոցիալական երաշխիքներ» է տալիս՝ խոստանալով, որ այդ «խաղաղության» արդյունքում Հայաստանը տնտեսական լուրջ օգուտներ կստանա։
Ուշադրություն դարձրեք՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կարծես թե ձևականորեն դեմ է այս մոդելին և ինչ-որ «կարմիր գծերի» մասին է խոսում, բայց գործնականում ինտենսիվ քարոզչությամբ հանրային կարծիքը ձևավորում է հենց այդ մոդելին համապատասխան։ Ո՞րն է, ի վերջո, այդ քարոզչության մեխը։ Որ մեզ համար, իհարկե, կարևոր է անկախ պետականություն ունենալը՝ զինանշանով, օրհներգով, կառավարությունով, վարչապետով-բանով, բայց շատ ավելի կարևոր է ՀՀ քաղաքացիների ֆիզիկական անվտանգությունը, բարեկեցությունը, աշխատելն ու ստեղծագործելը, սիրելն ու սիրվելը, մի խոսքով՝ «երջանիկ լինելը»։ Եվ պատկերացրեք՝ «խաղաղության» իր մոդելով Ադրբեջանը պատրաստ է երաշխավորել այդ ամենը։
Մնում է, որ «Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիները» որոշեն՝ համաձա՞յն են «խաղաղության» այդ մոդելին, թե՞ այնուամենայնիվ պետք է հեռացնել այս իշխանություններին ու բերել նրանց, ովքեր հպարտությունն ու երջանկությունը փոքր-ինչ այլ ձևով են պատկերացնում։
Մարկ ՆՇԱՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում