Լրահոս
Օրվա լրահոսը

Թաթուլ Պետրոսյան․ «Սերգեյ Լավրովի կոշտ հարցադրումը կարմիր քարտ էր իշխանություններին եւ նախազգուշացում՝ հայ ժողովրդին»

Մարտ 08,2024 22:25

Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը «Հայելի» ակումբում շնորհավորելով  հայ մայրերին, կանանց, աղջիկներին եւ տատիկներին՝ մաղթեց, որ կարողանան առողջ եւ կամքի ուժով լցված դիմակայել Հայաստանում դեռեւս տիրող այս արհավիրքին։

Այնուհետեւ նա անդրադարձավ մարտի 5-ին Եռաբլուրում Վազգեն Սարգսյանի շիրիմին պաշտոնյաների այցն ապահովող ուժային կառույցների կողմից  լրատվամիջոցների մասնագիտական աշխատանքը խոչընդոտելուն եւ լրագրողների նկատմամբ որոշ գործիչների  ցուցաբերած անհարգալից վերաբերմունքին։

Խոսելով հատկապես վերջին օրերին հայ-ռուսական հարաբերություններում կայծակնային արագությամբ խորացող անդունդի ու Անթալիայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի արդեն վերջնագրի լեզվով Հայաստանին ուղղված հարցադրումների մասին՝ Թաթուլ Պետրոսյանն ասաց․ «Հարցադրումը երկու հարթության վրա էր։ Առաջինով նա կարմիր քարտ ցույց տվեց իշխանություններին, որ կողմնորոշվեն, թե իրենց ոնց են պահում, մյուսով զգուշացում տվեց հայ ժողովրդին՝ ասելով, որ հայ ժողովուրդը պետք է ինքը հասկանա, թե Ռուսաստանի դեմ թշնամության գնո՞ւմ է, թե՞ ոչ։։

Մոռացվե՞ց  Տոյվո Կլաարի հայտարարությունը, որն ամենավտանգավորն էր Հայաստանի համար։ Նա կանաչ ճանապարհ հարթեց Թուրքիայի համար՝ հայտարարելով, որ Կովկասում հատկապես հայ-ադրբեջանական հարաբերություններում այսօր անվտանգային լուրջ դերակատարությունը դրված է Թուրքիայի վրա։ Դրանով Եվրոպան, Եվրամիությունը, Արեւմուտքը հայտարարեց, որ այստեղից ցանկանում է Ռուսաստանին դուրս մղել՝ առաջնային մանդատը տալով թուրքերին։ Դա նույնն է, ինչ գառանը պահ տաս գայլին»,-ասաց գեներալ-մայորը՝ նշելով  նաեւ այն լրատվության մասին, որ Թուրքիան Հայաստանի սահմանի մոտ՝ Ջանֆիդայի մատույցներում դեպի Հայաստան ուղղված ծանր հրետանի է տեղադրել, մի բան, որ հարյուր տարի չի եղել։

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031