Լրահոս
Օրվա լրահոսը

Կարինե Նալչաջյան․ «Եթե կինը չարամիտ է, խառնակիչ ու ոչնչացնող, ուրեմն շատ վտանգավոր հետեւանքներ պետք է սպասել»

Մարտ 08,2024 20:30

Հոգեբան Կարինե Նալչաջյանը «Հայելի» ակումբում շնորհավորելով բոլոր կանանց մարտի 8-ը՝ նշեց, որ այսօր զրկվել ենք մեր նվիրական շատ տոներից, բայց պետք է պահպանենք մեր տոները եւ փորձենք այսօր մի փոքր տոնական տրամադրություն ունենալ, որովհետեւ սա շատ սիրված տոն է ժողովրդի կողմից։

Այնուհետեւ նա խոսեց կանանց եւ տղամարդկանց հոգեբանությունների միջեւ եղած տարբերությունների մասին։ Մասնավորապես, նրա դիտարկմամբ` տղամարդիկ ուղղագիծ դեպի իրենց նպատակը գնացող արարածներ են, որոնք ավելի շատ կենտրոնացած են լինում իրենց անձնական հաղթանակների վրա, որոնց հասնելով նրանց ինքնագնահատականը բարձրանում է։ Իսկ կանանց պարագայում մի փոքր այլ է, թեեւ կանայք էլ իրենց առջեւ դնում են նպատակներ։ Բայց նրանց համար կարեւոր է, թե իրենք ինչ հետք, տպավորություն են թողնում։ Այս առումով կանայք սոցիալական լիդերներ են։ «Այս իմաստով կնոջ եւ տղամարդու միասնությունը թեկուզ առաջնորդության իմաստով, իրար լրացնող լավագույն միասնությունն է։

Կնոջ էությունը արարող, ստեղծող, պահպանող էություն է, կինը խաղաղեցնող, պահպանողի դերն է կատարում։ Կորած է այն ընտանիքը, որտեղ  կոնֆլիկտային իրավիճակների, վեճերի հիմքում կինն է կանգնած։

Գանք մեր չարաբաստիկ օրերին, որում ապրում ենք մենք, մեր հայրենիքը։ Պետական համակարգը ճաքեր է տալիս։ Թշնամին մեզ ներսից եւ դրսից ոչնչացնելու լավ մտածված հեռահար քայլեր է կատարում։ Օրվա խորհրդից դուրս չգանք։ Մենք՝ կանայք,  այստեղ մեծագույն դեր ունենք։ Այսօր Հայաստանին մայրական կերպարը շատ պետք է եւ որպես հավաքական կերպար մենք պետք է առաջին շարքերում լինենք։ Տեսեք, ինչքան որդեկորույս մայրեր ունենք, ամուսիններին կորցրած կանայք ունենք, ինչքան ունենք հարսնացուներ, որոնց փեսացուները գնացին ու չվերադարձան։ Սա նաեւ կանանց, մեր կանացիությանը հասցված մեծագույն ողբերգություն է։ Հետեւաբար, կանայք պետք է դուրս գան պասիվությունից եւ տեր կանգնեն մեր պետությանը։ Հակառակ դեպքում աղետն արդեն թակում է  մեր դռները»,-ասաց տիկին Նալչաջյանը։

Նա բացի արարող, փրկող, խաղաղություն հաստատող կանանցից, խոսեց նաեւ չարամիտ, խառնակիչ, ոչնչացնող կանանց մասին։

«Եթե կինն է այդ դերն իր վրա վերցնում, ուրեմն շատ վտանգավոր հետեւանքներ պետք է սպասել։ Նայենք, այսպես կոչված, երկրի առաջին դեմքին, որի կողքին կնոջ ներկայությունն անընդհատ կա, Ինձ ոչինչ հայտնի չէ այդ տիկնոջ մանկության, անցած կենսուղու մասին։ Բայց այն, ինչ գիտենք նրա ամուսնու մասին, ինչքան հասկանում եմ, եղել է մոր բավականին ողբերգական կերպար։ Առանց մայր է մեծացել, Աստված գիտի՝ ինչ թշվառ մանկության միջով է անցել։ Այսպիսի դեպքերում տղամարդիկ ունենում են կանանցից կախվածություն։ Այսինքն, այն կինը, որ հայտնվում է նրանց կյանքում, միաժամանակ մի քանի դեր է կատարում։

Եվ այստեղ բարոյական իմաստով մի տանդեմ է առաջացել ու սրանք իրենց մուտանտային խմբի հետ մասին բարոյական խնդիր ունեն։ Ես միշտ ասել եմ՝ պրակտիկորեն առողջ է մարդը, իսկ այս մարդիկ ունեն բարոյական խնդիրներ։ Մեզանից ցանկացածը կարող է կյանքում հոգեբանական խնդիրների մեջ մտնի, դուրս գա, սահմանային վիճակներում գտնվի։ Երեւույթ կա, որ կոչվում է անձի շեշտվածություններ, բնավորության շեշտվածություններ, որոնք շատ մոտ են ախտաբանականին, բայց ախտաբանական չեն։ Ինչն է ինձ հուշում, որ այս մարդիկ բարոյականության հետ կապված խնդիրներ ունեն։

Տեսեք, այսքան կորուստներ, այսքան արյուն, ցավ պատճառել երկրին, հայրենիքին, մարդկանց, ընտանիքներն եւ բացարձակապես մեղքի զգացում չունենա՞լ, խղճի խայթ չունենա՞լ։ Սա շատ լուրջ հարց է։ Արյան գետեր հոսեցին եւ եթե այսպես շարունակվի, դեռ կհոսեն։ Ու բացարձակապես մեղքի զգացում չկա։ Նույն օրը՝ խնջույք, հաջորդ օրը՝  սելֆիներ, մինչեւ ականջները բաց արված բերաններ․․․ Այս առումով իրենք գտել են իրար եւ միասին, տանդեմով հրաշալի աշխատում են՝ չունենալով բարոյական սկզբունքներ, անընդհատ գտնվելով եսակենտրոնության մեջ։ Եվ մեր հայրենիքը, մեր երկիրը հայտնվել է այս մարդկանց ձեռքում։ Ես հոգնակիով եմ ասում, որովհետեւ ղեկը, ես կասեի՝ առաջին հերթին,տիկնոջ ձեռքին է եւ հետո միայն ամուսնու»,- ախտորոշեց հոգեբանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031