Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկան չի խոնարհվի Ռուսաստանի առաջ. Բայդենը՝ Պուտինին. «Ազատություն» ռ/կ

Մարտ 08,2024 18:30

Ամերիկան չի խոնարհվի եվրոպական մայրցամաքում պատերազմող Ռուսաստանի առաջ, Ուկրաինան կարող է կանգնեցնել Պուտինին, եթե ունենա անհրաժեշտ զենք, ժողովրդավարությունը վտանգված է ինչպես տանը, այնպես էլ՝ դրսում․ սրանք էին Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի ամենամյա ուղերձի առանցքային թեզերը։

Նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրությունների կատաղի մրցապայքարի նախաշեմին հանդես գալով մոտ մեկ ժամանոց ելույթով՝ Սպիտակ տան ղեկավարը խոսեց անցած երեք տարիների ձեռքբերումներից՝ գործազրկության թվի շեշտակի նվազում, ավելի հուսալի բուժապահովություն, տնտեսական ցուցանիշների աճ։

Բայդենը փորձում էր փարատել նաև իր տարիքի և ֆիզիկական վիճակի վերաբերյալ մտահոգությունները՝ ձգտելով ամեն կերպ հակադրել իր քաղաքականությունը մրցակից Դոնալ Թրամփի օրակարգին:

Քաղաքական մրցակցին սկսեց քննադատել իր ելույթի մեկնարկից չորս րոպե անց՝ մեկ ժամանոց ուղերձում, սակայն, այդպես էլ չտալով Դոնալդ Թրամփի անունը, ում մասին խոսելիս միայն տասներեք անգամ նախընտրեց «իմ նախորդը» ձևը:

«Իր նախորդին» դեմոկրատ առաջնորդը մեղադրում էր նախ և առաջ Պուտինի առջև «խոնարհվելու» համար․ – «Վրդովեցուցիչ, վտանգավոր և անընդունելի», – պնդեց Բայդենը։

Միացյալ Նահանգների նախագահը նկատի ուներ իր հավանական մրցակցի աղմկահարույց հայտարարությունը․ Սպիտակ տուն վերադառնալ ձգտող Թրամփն անցած շաբաթներին բացահայտ նախազգուշացրել էր՝ ՆԱՏՕ-ի կազմում այն դաշնակիցները, որոնք կխուսափեն ռազմական ծախսերի ավելացումից, կարող են Ռուսաստանի հետ հնարավոր հակամարտության ընթացքում անպաշտպան մնալ։

Նախագահ Բայդենը, մինչդեռ, կարծում է՝ Պուտինի պատերազմին դիմակայողներին պետք է աջակցել, Ուկրաինային չպետք է միայնակ թողնել, հակառակ դեպքում, ասաց՝ Ուկրաինան, ապա նաև՝ Եվրոպան և աշխարհը կարող են վտանգվել։

Միացյալ Նահանգների նախագահի համոզմամբ՝ միջուկային գերտերություն Ռուսաստանի ղեկավարի ռազմական հավակնություններն ի վիճակի է կանգնեցնել Ուկրաինան, եթե ունենա անհրաժեշտ սպառազինություն։

Բայդենը զգուշացրեց՝ հաղթելու դեպքում Ռուսաստանն Ուկրաինայով չի սահմանափակվի․ – «Եթե այս դահլիճում կա մեկը, ով կենթադրի, թե Պուտինն այնտեղ {Ուկրաինայում} կանգ կառնի, վստահեցնում եմ, որ կանգ չի առնելու: Ուկրաինան կարող է կանգնեցնել Պուտինին, եթե մենք սատարենք Ուկրաինային և տրամադրենք զենքը, որով նա կկարողանա պաշտպանվել»:

Ի տարբերություն Սպիտակ տան նախկին ղեկավարի, ով հիացմունքով էր խոսել Պուտինի մասին և կասկածի տակ դրել ԱՄՆ-ի օգնությունը Կիևին, Բայդենն ասաց՝ ինքը «խոնարհվել» չի պատրաստվում, ընդգծեց՝ թող դա լինի իր պարզ ուղերձը Կրեմլի ղեկավարին. – «Մենք դաշնակիցներին չենք լքի: Մենք չենք խոնարհվի, ես չեմ խոնարհվի»։

Միացյալ Նահանգների նախագահը քաղաքական հակառակորդին քննադատեց նաև 2020 թվականի ընտրությունների արդյունքները չեղարկելու փորձերի համար՝ այդ քայլերը գնահատելով որպես «ժողովրդավարության համար ամենալուրջ սպառնալիքը» Քաղաքացիական պատերազմից ի վեր: «Չես կարող երկիրը սիրել միայն այն ժամանակ, երբ հաղթում ես», – ընդգծեց Բայդենը:

Նախագահի ճառը ժամանակ առ ժամանակ բղավոցներով փորձում էին ընդհատել դահլիճում ներկա հանրապետական ընդդիմախոսները, ինչին հաջորդում էին դեմոկրատների ճամբարի «ևս չորս տարի», «ևս չորս տարի» վանկարկումները:

«Հասնես իմ տարիքին՝ որոշ բաներ ավելի պարզ կդառնան»

Դեմոկրատ առաջնորդը չշրջանցեց հաջորդ չորս տարվա պաշտոնավարման գլխավոր խոչընդոտներից՝ իր տարիքի , ֆիզիկական վիճակի վերաբերյալ քննադատությունները և մտահոգությունները։ 81-ամյա ղեկավարը, որն արդեն համարվում է ԱՄՆ-ի պատմության մեջ ամենատարեց նախագահը, իր ամբողջ ելույթի ընթացքում ամեն կերպ փորձում էր փարատել մտահոգությունները՝ սկսած ձայնի բարձր, առույգ տոնայնությունից մինչև ներկայացրած հակափաստարկները։

«Խնդիրը, որը ծառացած է մեր երկրի առաջ, ոչ թե այն է, թե քանի տարեկան ենք, այլ՝ թե քանի տարեկան են մեր գաղափարները։ Ատելությունը, զայրույթը, վրեժխնդրությունը հնացած գաղափարներ են», – պնդեց Ջո Բայդենը:

Ամերիկյան քաղաքականության վետերանը, հակադարձելով մասնավորապես իրեն ծեր անվանող Թրամփին, նույնիսկ կատակեց՝ «հասնես իմ տարիքին՝ որոշ բաներ ավելի պարզ կդառնան»:

Դոնալդ Թրամփից բացի, այդուհանդերձ, նաև ընտրողներն են քննարկում Բայդենի տարիքը: Quinnipiac-ի վերջին հարցումների համաձայն, ընտրողների երկու երրորդի համոզմամբ՝ նա չափազանց ծեր է ևս մեկ ժամկետով պաշտոնավարելու համար։ Մինչ այդ էլ մեկ այլ՝ Pew Research-ի հունվարին հրապարակած հարցման արդյունքներով, ամերիկացիների ընդամենը 33 տոկոսն է հավանություն տալիս Բայդենի աշխատանքին։ Այս ցուցանիշը վերջին երկու տարվա ընթացքում մշտապես 40 տոկոսից ցածր էր, ըստ մասնագետների՝ երկրում բարձր գնաճի, տոկոսադրույքների կտրուկ աճի պատճառով։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031