Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես թատրոնի վրայից հանել խեղճության կնիքը

Մարտ 08,2024 17:08

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը Հայաստանի կարեւորագույն մշակութային օջախներից է՝ ավանդույթներով, անցած ճանապարհով, մեծ հնարավորություններով, անընդհատ զարգանալու հաստատուն կամքով։ Թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանն Aravot.am-ի հետ զրույցում ասում է, որ իրենք ունեն փիլիսոփայություն եւ ուղղություն, որն անվանում են ավելին, քան թատրոն, ինչը նշանակում է, որ չպետք է բավարարվել զուտ ներկայացում բեմադրել ու ցուցադրելով: Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, համագործակցելով Creative Armenia-ի հետ եւ ԵՄ ֆինանսավորմամբ, նախաձեռնել է «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագիրը, որի նպատակն է խթանել Հայաստանում ստեղծարար արդյունաբերությունը։ Գ. Սունդուկյանի անվան թատրոնը մեկն է այն հաստատություններից, որին այդ նպատակով դրամաշնորհ է տրվել:
Վարդան Մկրտչյանը, որի հետ զրուցել ենք «Կատապուլտ՝ ստեղծարար ուրբաթ» խորագրի ներքո, ասում է, որ թատրոնը ահռելի շերտերով, մեծ հնարավորություններով ինստիտուտ է, իսկ «ավելին, քան թատրոն» փիլիսոփայության շարունակություն է իրենց՝ «Դասարան+Դասական» եւ մյուս ծրագրերն առաջ տանելը. «Երբ պարբերաբար այս ամենի մասին քննարկում ենք մեր փոքր թիմով, բնականաբար, տեսնում ենք, թե տարիներ հետո ինչ է լինելու թատրոնում: Մենք ուզում ենք, որ այն շատ ավելի անկախ ու հզոր կառույց դառնա: Մենք ունեինք գաղափար՝ ինչ անել, որ թատրոն-հասարակության շատ ավելի մեծ շերտեր կապվեն միմյանց հետ՝ ոչ միայն զուտ ներկայացում նայելու, այլ տարբեր միջոցներով, սակայն մի պայմանով, որ հիմքը եւ կապող օղակը լինի արվեստը: Այդ նպատակով թատրոնի փոխտնօրեն Մանե Մկրտչյանի հետ մշակել ենք ընտանեկան, ոչ ֆորմալ կրթական եւ այլ տիպի ծրագրեր, նաեւ ունենք մեր հասարակության ամբողջ ստեղծագործական պոտենցիալը մեր թատրոնի հարկի ներքո հավաքելու հավակնոտ ծրագիր:

Վարդան Մկրտչյան

Թատրոնն այն օրգանիզմն է, որը միավորում է նկարչին, քանդակագործին, երաժշտին, արհեստավորին, մի խոսքով՝ արհեստների եւ արվեստների ողջ ներկապնակը: Դրա համար Սունդուկյան թատրոնի մեջ որոշել ենք ստեղծել կառույց, որը կլինի բազմագործառույթ ստեղծագործական տարածք: Ազատ արվեստագետներին, որոնք կցված չեն որեւէ պետական կառույցի, այդ տարածքում հնարավորություն կտանք իրենց արվեստը ներկայացնել: Դրա մեջ գումարել ենք կրթական բաղադրիչը, երեխաների համար ծրագրեր ենք մտածել, ընտանեկան ծրագրեր ենք նախատեսել եւ փոքրիկ արտ-սրճարան:

Մարդիկ կարող են իրենց օրն անցկացնել թատրոնում, նայել հրաշալի ցուցահանդեսներ, համերգների ներկա լինել, ներկայացումներ դիտել, մշակութային տարբեր շերտերի հետ առնչվել: Ստացվում է՝ Սունդուկյան թատրոնը դառնում է տանիք բազմաթիվ արվեստագետների համար: Մենք կարծում ենք, որ այս ձեւաչափով ու մասշտաբներով նման բան երբեւէ չի եղել մեր երկրում: Կարեւորը հավատարիմ ենք մնալու այս ինստիտուտի էությանը: Նաեւ թատրոնի վրայից պետք է հանել խեղճության կնիքը: Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը խեղճ չէ եւ չի կարող լինել: Մեր առաջ խնդիր ենք դրել այս ինստիտուտը դարձնել տարածաշրջանի լավագույն թատերական կենտրոնը: Սա մեր գերնպատակն է, որը չի կարող իրականանալ, եթե հասարակությունն իր պոտենցիալով չմիանա, չաջակցի մեզ գոնե իր կամեցողությամբ եւ էներգետիկայով»:

Մանե Մկրտչյան

Թատրոնի փոխտնօրեն Մանե Մկրտչյանը ներկայացրեց, թե ինչպես են միացել Artbox hub-ին, որն իրականացվում է «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի շրջանակում: «Կատապուլտը» նպատակ ունի զարգացնել ստեղծարար արդյունաբերությունը: Ամբողջ աշխարհում շատ ակտուալ է մշակութային եւ ստեղծարար արդյունաբերություն հասկացությունը: Բացի բարոյահոգեբանական արժեքից, որ կրում է այս ոլորտը, նաեւ կարեւորվում է այն, թե ստեղծարար արդյունաբերությունն ինչպիսի ներդրում ունի տնտեսության մեջ, նաեւ դրամայնացման հարցն է կարեւորվում: Նոր սերունդը շատ ավելի պրագմատիկ է, կարողանում է աշխարհին նայել ոչ միայն հիացական հայացքով, այլեւ մտածում է՝ վաղն ինչպես է լինելու իր օրը: Երիտասարդները չեն ուզում գնալ մի ոլորտ, որտեղ չկա լավ ապրելու հեռանկար, հետեւաբար, ինչքան զարգացնենք ստեղծարար ոլորտը՝ որպես արժանապատիվ ապրելու վայր, այնքան ավելի լավը կլինի ոլորտի վաղվա օրը»,-ասում է Մանե Մկրտչյանը:

Վարդան Մկրտչյանը հավելում է, որ իրենց թատրոնը հաշվի է նստում երիտասարդ սերնդի պատկերացումների հետ ու ընդգծում է, որ ստեղծարար արդյունաբերությունը նաեւ զբոսաշրջային մեծ պոտենցիալ ունի իր մեջ. «Թեեւ մեր արվեստը կոնկրետ խոսքի վրա է հիմնված, բայց տալիս է Հայաստան մուտք գործող մեծ թվով թե ռուսալեզու, թե պարսկալեզու, թե անգլալեզու զբոսաշրջիկներին հասանելի լինելու հնարավորություններ: Ի վերջո, կիրառելով համամարդկային՝ մարմնի լեզուն, կարող ենք Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը դարձնել այսօրվա կատարողական արվեստը: Իհարկե, մեր երկրի պատմամշակութային հուշարձաններն ունեն իրենց անփոխարինելի դերը, բայց մարդիկ նաեւ ուզում են իմանալ, թե էլ ինչ կարող է Հայաստանն առաջարկել, իսկ Հայաստանը կարող է այս ձեւաչափով էլ գրավիչ լինել»:

Մանե Մկրտչյանը նշեց, որ Artbox Hub-ը մրցութային ծրագիր էր, նախ հայտ են լրացրել ու հնարավորություն ստացել մասնակցել ծրագրի առաջին հատվածին, որը ներառում էր առցանց դասախոսություններ եւ վարպետաց դասեր, նաեւ կարողացել են շփվել ոլորտի՝ այլ երկրների հայտնի մասնագետների հետ: «Բացի այն գիտելիքից ու տեղեկատվությունից, որ իրենք մեզ փոխանցում էին, նաեւ անկեղծորեն կիսվում էին իրենց փորձով: Ու մեկ էլ հանկարծ տեսնում ես, որ դրսում ոլորտին բնորոշ են նույն խնդիրները, ինչը հուսադրում է: Հաճախ թվում է, թե մեր խնդիրները միայն հայաստանյան իրականությանն են բնորոշ, բայց պարզվում է, որ, օրինակ Պոմպիդու կենտրոնն ունի ճիշտ նույն խնդիրը, ինչ դու:

Դասախոսություններից հետո հաջորդը դրամաշնորհային հատվածն էր, մենք դրամաշնորհի համար գրել ենք առաջարկ եւ զարգացրել մեր ծրագիրը: Իսկ ի՞նչ է իրենցից ներկայացնում մեր ծրագիրը: Քանի որ Hub-ը ենթադրում է վայր, որտեղ մշակույթը եւ մշակութային գործիչները կարողանան հասարակության հետ անմիջական շփում ունենալ, իսկ մենք ունենք այդպիսի մի գողտիկ վայր՝ յուրահատուկ աուրայով, որոշեցինք այդ տարածքը վերափոխել մեծ արվեստանոցի, որը հյուրընկալելու է տարբեր արտիստների: Տարածքը շատ հարմար է լինելու ցուցադրությունների, միջոցառումների, արվեստագետների՝միմյանց հետ շփվելու համար: Տարածքում հատուկ անկյուն ենք ունենալու, որտեղ տարբեր կրթական ծրագրեր են իրականացվելու: Մեր ոչ ֆորմալ «Դասարան+դասական» կրթական ծրագիրը մեզ հուշեց, որ կարող ենք ընդլայնել կրթական ծրագրերի բլոկը:

Օրինակ, լոնդոնյան թատրոնների համար մեծ նշանակություն ունի well-being կոչված հատվածը, այն մարդուն մշակութային միջավայրում իր ներդաշնակությունը գտնելու հնարավորություն է տալիս: Մեր թատրոնի՝ իմ նշած տարածքը եւ well-being-ի, եւ արվեստի ու կրթամշակութային ծրագրերի տեսակետից բավականին հետաքրքիր կենտրոն է դառնալու: Այստեղ Արվեստի տուն գաղափարն է գործելու»,-մանրամասնեց Մանե Մկրտչյանը, որ նաեւ նախագծի պատասխանատուն է:

Վարդան Մկրտչյանի ձեւակերպմամբ, միշտ ինչ-որ գաղափար կյանքի կոչելուց առաջ ուսումնասիրություն են իրականացնում եւ քննարկումներ ունենում: Նոր գաղափարի վրա նույնպես մանրակրկիտ աշխատել են Մանե Մկրտչյանի հետ: Թատրոնի տնօրենն ասում է՝ մարդիկ հոգնել են ստանդարտ ձեւաչափերից եւ նոր ու հետաքրքիր բաներ են ցանկանում, իսկ իրենք ի վիճակի են հաշվի նստելու իր ձեւակերպմամբ՝ ճաշակավոր մարդկանց խավի հետ:

Թատրոնի տնօրենը նաեւ փաստում է, որ 2023-ը ֆանտաստիկ տարի է եղել Մայր թատրոնի համար, կարողացել են համագործակցել աշխարհի լավագույն թատրոնների հետ, հանդես եկել Ալեքսանդրինյան թատրոնի պատմական բեմում, պետական ինստիտուտի հիմքի վրա ստեղծել են Երեւանյան միջազգային թատերական փառատոնը: Տնօրենը վստահ է, որ սա ոչ միայն իրենց թատրոնի համար է մեծ քայլ, այլեւ հայկական թատրոնի միջազգայնացման լավագույն ճանապարհն է: Նա նաեւ նշեց, որ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տոմսային տնտեսությունն անցյալ տարի ռեկորդային չափերի է հասել, մի բան, որ երբեւէ չի եղել Սունդուկյան թատրոնի ողջ պատմության ընթացքում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Հրապարակումը պատրաստվել Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում լրատվամիջոցը, եւ պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աննա says:

    Տեքստում գրված է «թաթարական»: Շատ խնդալու էր: Վարդան ջան, նախ քո եղած բոլոր դերասաններին դերով ապահովիր, քո քանդած «Գոյ» թատրոնի մարդկանց տեղավորիր ու բեմ տուր, հետո նման ճոռով բաներ ասա: Թատերագետները քեզ համար թատերական լրագրողներ չեն: Ռուսաստանը էլ երկիր չունի, որ կանչի, ստիպված քո թատրոնին ա հրավիրել: Ներկայացումն էլ միջին որակի: Կարիք չկա այդքան գլուխդ գովելու:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031