Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեծ կոռուպցիան այն է, 10 միլիարդ դրամի ստվեր կա». Մեսրոպ Մանուկյանը՝ տրանսպորտի թանկացման մասին

Մարտ 08,2024 15:41

Երեկ երեկոյան, հրատապ հրավիրված նիստում, ավագանու ՔՊ խմբակցության անդամները գլխադասային հանձնաժողովում անակնկալ ձեւով քննարկեցին եւ ավագանու առաջիկա նիստերի օրակարգում ընդգրկեցին Երեւանում տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման նախագիծը: Հարցը վերաբերվում է հասարակական տրանսպորտին, ավելի ստույգ՝ տրանսպորտի թանկացմանը: Ավագանու ընդդիմադիր խմբակցությունների անդամները ուշ երեկոյան, անակնկալ ձեւով հրավիրված նիստից մեկ ժամ առաջ էին տեղեկացել՝ թե նիստի, թե քննարկվող հարցի վերաբերյալ:

Այսպիսով, ըստ ՔՊ-ականների լրամշակված նախագծի, նախատեսվում է ՝

30 օրվա համար 8800 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ,
90 օրվա համար 23600 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ,
365 օրվա համար 88000 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ:

Ցանկացած փաթեթ ձեռք բերելու դեպքում քաղաքացիները կարող են օգտվել հասարակական տրանսպորտի բոլոր միջոցներից։ Ուսանողների, բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի համար կկիրառվեն զեղչեր:

Նախկինում ներկայացրած տարբերակով, ՔՊ-ն մեկ տարվա համար առաջարկում էր 110 հազար դրամով ձեռք բերել միասնական քարտը: Այժմ՝ 88 հազար դրամ է առաջարկում:

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը հետաքրքրվեց՝ ի՞նչ տրամաբանություն էր դրված 110 հազարի մեջ, որը որ հիմա պատրաստ են վերանայել եւ իջեցնել: Նա հիշեցրեց, որ «Մայր Հայաստան» խմբակցության առաջարկում մեկ տարվա համար հաշվարկված է 35 հազար դրամ ու հեգնեց, որ ՔՊ-ն կարող է 40 հազարով համաձայնության գալ: Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը պարզաբանեց՝ խնդիրը սուբսիդավորման ծավալների մեջ է:

Փոխքաղաքապետը չի ասում, որ այսօր քաղաքային տրանսպորտի վիճակն իդեալական է, բայց նաեւ չի համեմատում գազելների դարաշրջանի հետ:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ընդդիմադիրները նաեւ հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ իրենց առաջարկած նախագիծը չի ընդգրկվել հանձնաժողովի նիստի օրակարգ, ինչո՞ւ է բերվել իշխող ուժի նախագիծն, այն էլ նիստից ընդամենը մեկ ժամ առաջ է օրակարգում ընդգրկվել: Նաեւ սակագնի ձեւավորման հարցը թեժ քննարկման առարկա դարձավ:

Պարզաբանումները՝ տեսանյութում

Իշխող ուժի ներկայացուցիչները պնդում են, որ համակարգում ստվերը մեծ տոկոս է կազմում ու դրանով է պայմանավորված ինքնարժեքի բարձր լինելը, բայց եթե անգամ ստվերն իջնի, միեւնույն է, ինքնարժեքի վրա դա էական ազդեցություն չի ունենալու: Այս հարցի շուրջ կրքերը բորբոքվեցին, բանավեճը վերածվեց վեճի:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նիստի ավարտից հետո, Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը երեւանցիներին հորդորեց՝ մարտի 12-ին, ավագանու նիստի ժամանակ, երբ այս հարցը կքննարկվի, բողոքի ցույցեր անել:

Ընդհանուր առմամբ, նրա գնահատմամբ, այս քննարկումը ցույց տվեց, որ պնդումները, թե քաղաքապետարանը 7 միլիարդ դրամ սուբսիդավորում է, իրականությանը չեն համապատասխանում, դրանք հերքվեցին բյուջեի կատարողականի ծախսային հատվածի քննարկման ժամանակ. «Պարզվեց 4 միլիարդ 34 միլիոն դրամ է ընդամենը քաղաքային բյուջեից սուբսիդավորվում: Այդպես էլ հրաժարվեցին ներկայացնել, թե օրական որքան գումար է հավաքագրում «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ն, որպեսզի պարզ լինի, թե ինչպես է ձևավորվում բյուջեն. սկզբից հավաքագրվում են մեր վճարած 100 դրամները, պակասորդ գումարը սուբսիդավորվում է քաղաքային բյուջեի կողմից։

Իրենց թանկացումը շուրջ 200 դրամ և ավելի է, ստացվում է, որ 21 մլրդ դրամ լրացուցիչ մուտք են իրենք ապահովում: Ծիծաղելի էր, որ փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը նիստի ժամանակ պնդեց, որ օրական 550 հազար ուղևորափոխադրում է լինում, այնինչ 2014-ին WIG-ի հետազոտություններով 630 հազար ուղևորափոխադրում էր լինում օրական և կեսից ավելին են կարողանում հավաքագրել: Նրանք պնդում են, որ տարվա կտրվածքով նվազագույնը 10 միլիարդ դրամի ստվեր կա, այսինքն նրանք չեն կարողանում 10 միլիարդի ստվերը կառավարել, այս տրամաբանությամբ իրենք փորձում են քաղաքը կառավարել, արդյունավետությունը գնահատել: Ամենամեծ կոռուպցիան այն է, որ թաքցնում են, թե որքան գումար է օրական հավաքագրվում ուղևորավճարներից: Հաջորդ մեծ կոռուպցիան այն է, որ իմ հաշվարկով ու իրենց պնդումով, 10 միլիարդ դրամի ստվեր կա»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031