ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը այսօր «Հայելի» ակումբում նախ շնորհավորեց կանանց միջազգային օրը եւ մեր կանանց ու ամբողջ ժողովրդին մաղթեց զարթոնք՝ այդ բառի ամբողջ եւ համալիր իմաստով։ «Մաղթում եմ, որ այս գարունը մեզ համար լինի արթնացման, գիտակցման, ինքնագիտակցության գալու եւ սեփականը պաշտպանելու կամքն ու զորությունը դրսեւորելու գարուն», – ասաց նա՝ նշելով, որ կանայք վճռական դեր ունեն սերնդի դաստիարակման եւ նրա արժեքային համակարգի ձեւավորման գործում։ «Ես իմ երախտագիտությունն ու խոնարհումն եմ բերում բոլոր այն ծնողներին, ում ծնած, սնած եւ դաստիարակած զավակները տասնամյակներ շարունակ մեր հոգիները հպարտությամբ են լցրել եւ ցույց տվել, որ հայի ոգին կործանման ենթակա չէ, որքան էլ աշխատեն։ Եվ մաղթում եմ, որ կարողանանք ձերբազատվել արհեստականորեն մեզ պարտադրվող խեղճության եւ անզորության կերպարից», – ասաց տիկին Աղաջանյանը։
Անդրադառնալով ԱԺ-ի հայտարարությանը, թե մեր կանանց տոնը ապրիլի 7-ն է, Ձյունիկ Աղաջանյանը նշեց, որ ապրիլի 7-ը գեղեցկության եւ մայրության մեր ավանդական տոնն է։ «Իմ դիվանագիտական ծառայության ժամանակ ես միշտ հպարտությամբ էի նշում, որ ի տարբերություն աշխարհի հարյուրավոր երկրների, Հայաստանը կանանց շատ ավելի է մեծարում եւ դա նշում է մեկ ամիս՝ մարտի 8-ից ապրիլի 7-ը», – նշեց դիվանագետը։
Գալով մեր օրերում Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակին՝ տիկին Աղաջանյանն ասաց․ «Վերջին մեկ շաբաթվա ընթացքում մենք ոչ դիվանագիտական ամենասուր եւ կտրուկ ձեւակերպումներ լսեցինք ռուսական կողմից, ինչը պատահական չէր՝ հաշվի առնելով քայլերի այն շարքը, որն իրականացվեց մեր իշխանությունների կողմից։ Ռուսաստանում արդեն իշխանական մակարդակով ի ցույց դրեցին, որ լիովին հասկացել են Հայաստանի իշխանության ղեկին նստած անձանց քաղաքականության էությունը եւ փորձում են մեր ժողովրդին երկու ուղերձ հղել։ Մեկ, որ իրենք այլեւս պատրանքներ չունեն, որ այս իշխանությունների հետ կարող են նորմալ հարաբերություններ վարել որպես դաշնակից պետություն։ Երկրորդ՝ մեր ժողովրդին, որ հասկացել են եւ այլեւս իրենց գլխի տակ փափուկ բարձ դնել չի լինի եւ որ իրենք տարբերակում են իշխանությունը ժողովրդից, այսինքն, հայ ժողովրդի եւ իշխանության նկատմամբ վերաբերմունքը տարբերակում են։ Նրանք նաեւ իշխանությանը բացատրում են, որ հնարավոր քայլերի հաջորդականություն կարող է լինել, որը կբերի պետության կործանման։
Ցավոք, Հայաստանը մտել է անցանկալի զարգացումների վերջին շրջափուլերից մեկը, որի ընթացքը արագացվում է արեւմտյան աշխարհի կողմից, որը շատ է շտապում Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու իր ծրագրում։ Եվ դրա մաս է Հայաստանը»,-նշեց բանախոսը։
Կարդացեք նաև
Տիկին Աղաջանյանն ընդգծեց, որ հաշվի առնելով Հյուսիսային Կովկասում սկսվող խմորումները, Ռուսաստանը, առավել ևս չի կարող այս տարածաշրջանից դուրս գալ, որովհետեւ այդ դեպքում նա բացում է Հյուսիսային Կովկասի դարպասները դեպի Ուրալ եւ այլ թուրքալեզու տարածքներ, ինչը կհանգեցնի թուրքական լիակատար ազդեցությանը եւ Ռուսաստանի կազմալուծմանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ