Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսեյ Սանդիկով․ «Կազմակերպիչներին էլ ասել ենք, որ անընդունելի ենք համարում նման արտահայտությունները մեր երկրի եւ ղեկավարի հասցեին»․ «Հրապարակ»

Մարտ 08,2024 11:05

Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում համաշխարհային երիտասարդական ֆորումի ժամանակ տեղի ունեցած դեպքերն արդեն քանի օր է՝ քննարկման թեմա են դարձել: Հիշեցնենք, որ ռուսաստանցի մեդիագործիչ Մարգարիտա Սիմոնյանը կոշտ հայտարարություններ էր արել Նիկոլ Փաշինյանի մասին, նրան անվանել դավաճան եւ ասել, որ եթե նա մնա իշխանության, Հայաստանը չի լինելու:

Հարցը, որ հնչեցրել է ֆորումին մասնակցած հայ երիտասարդներից մեկը, մեծ սկանդալի առիթ է դարձել: Հայկական պատվիրակության ներկայացուցիչները, որոնց թվում եղել են պաշտոնյաներ, այնքան են նեղվել Մարգարիտա Սիմոնյանի՝ Նիկոլ Փաշինյանի հասցեին արված արտահայտություններից, որ, որպես բողոքի նշան, ֆորումը չավարտված՝ վերադարձել են Հայաստան։

Մ. Սիմոնյանն անդրադարձել է նաեւ «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին հանելու վերաբերյալ Հայաստանում հնչած հայտարարություններին եւ, ընդհանրապես՝ հակառուսական տրամադրություններին: Ֆորումի մասնակից հայ աղջկա հարցին՝ այս իրավիճակում ի՞նչ պետք է անեն հայ երիտասարդները, Սիմոնյանը պատասխանել է․ «Հայաստանի երիտասարդությունը պետք է իմանա, որ Փաշինյանը հայ ժողովրդի դավաճանն է եւ Հայաստանը տանում է ամբողջովին ոչնչացման: Եթե նա շարունակի մնալ իշխանության, եւ հայ հասարակությունը շարունակի աջակցել նրան, Հայաստանն ընդհանրապես չի լինի 5 տարվա ընթացքում, ինչպես չկա Ղարաբաղն այնպիսին, ինչպիսի տեսքով որ պետք էր Հայաստանին․․․»։

Մարգարիտա Սիմոնյանը, ով Վլադիմիր Պուտինի ամենամերձավոր անձանցից է եւ երբեք իշխանական կուրսից դուրս հայտարարություններ չի անում, Հայաստանի իշխանությունների կողմից հռչակվել է պերսոնա նոն գրատա` անցանկալի անձ, եւ չի կարող այցելել Հայաստան: Հայկական պատվիրակությունը նրա այս ելույթից հետո որոշել է Հայաստան վերադառնալ, հավանաբար՝ պաշտոնական Մոսկվային «դաս» տալու նպատակով։ Պատվիրակության կազմում են եղել ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը, ԱԺ ՔՊ-ական ռուս պատգամավոր, ռուսական համայնքի ներկայացուցիչ Ալեքսեյ Սանդիկովը, այլ պաշտոնյաներ։

Ալեքսեյ Սանդիկովը հաստատեց տեղեկությունը։ «Միայն պետական պաշտոնյաներն են շուտ վերադարձել, կազմակերպիչներին էլ ասել ենք, որ անընդունելի ենք համարում նման արտահայտությունները մեր երկրի եւ ղեկավարի հասցեին»,- ասաց նա։

Լիա ՍԱՐԳՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031