Ոճաբան Նաիրա Նիազյանի հետ զրուցել ենք հայկական նորաձևության խնդիրների ու զարգացման հնարավորությունների, ժամանակակից միտումների, հագուստի ու թվային տեխնոլոգիաների կապի մասին։
-Հայկական նորաձևության կամ հագուստի արտադրության ոլորտի ո՞ր խնդիրներն են ձեզ համար առավել մտահոգիչ։
-Նախ, որ մեր երկրում բոլորը փորձում են կրկնօրինակել, ինչ-որ մասսայական բաներ անել, ինչն, իմ կարծիքով, մեր փակ երկրի համար լավ չէ և բերելու է խնդիրների, ուստի դա պետք է ինչ-որ ձև կառավարվի։ Չէ՞ որ մենք այդպես կորցնում ենք մեր ազգային դեմքը, ու դա վերաբերում է և՛ հագուստին, և՛ ճարտարապետությանը, թատրոնին ու երաժշտությանը, առհասարակ՝ մշակույթին։ Օրինակ` այս պահին եթե փորձեմ հիշել վերջին տարիների ինչ-որ մի ֆիլմ կամ ներկայացում, որը կարող եմ առանձնացնել որպես ազգային ու մշակութային արժեք ներկայացնող, ապա կդժվարանամ։
-Ինքս երկու ընդգծված միտում եմ նկատում․ մեկը ձեր կողմից նշված մասսայական կրկնօրինակումն է, մյուս կողմից՝ խիստ ազգային, հայկական տարրերի, դետալների, նախշերի համընդհանուր կիրառումը։ Այս երկու ծայրահեղությունների մեջ ինչպե՞ս գտնել այն ուղին, որը թույլ կտա ստեղծել իսկապես որակով, ազգային դիմագիծն ընդգծող արտադրանք։
Կարդացեք նաև
-Ելքն անընդհատ աշխատանքն է, և, իհարկե, անհատականությունը։ Երբ սկսենք յուրաքանչյուրս ավելի լավ անել այն, ինչ կարողանում ենք, բարելավենք ու կատարելագործենք մեր աշխատանքը, ամեն ինչ շատ ավելի լավ կգնա։ Իսկ մեր ազգային տարրերը, մոտիվները, գույները մեր գենկոդի մեջ են, և մենք ինքնաբերաբար ենք դրանք օգտագործում հագուստ կամ կտոր ստեղծելիս, դա մեզ համար ինքնարտահայտման եղանակ է, որից պետք չէ խուսափել։ Ընդ որում, դա առավել նկատելի է այն ժամանակ, երբ մենք երկրից դուրս ենք գնում, և դրսում ապրող մարդն անմիջապես նկատում է, մատնանշում ու հարցնում՝ ի՞նչ եք կրում, որտեղի՞ց եք, և դա շատ կարևոր է մեր ունեցածն ի ցույց դնելու տեսանկյունից։ Եթե մենք ավելի ուշադիր լինենք, թե ինչ կա մեր ներսում, մեր գլխում, և այդ ամենն արտահայտենք, օրինակ՝ ես հագուստի մեջ, մեկ ուրիշը՝ զարդերի, արվեստի, գրականության մեջ, այդ դեպքում մենք լիարժեք հնարավորություն կունենանք ներկայացնելու մեր ազգայինը, գեղեցիկը, ինչը հոգեհարազատ է մեր ներաշխարհին ու բնավորությանը, մեր երկրին։
Իսկ քանի դեռ մենք դրա փոխարեն փորձում ենք վազել համաշխարհային թրենդները կրկնօրինակելու ետևից՝ իհարկե չհասնելով դրանց, մենք կորցնում ենք մեր շատ սիրուն դիմագիծը։ Իհարկե, կան նաև օբյեկտիվ պատճառներ, որ ինչ-որ բաներ չեն ստացվում, թեկուզ և հումքի խնդիրը, քանի որ նույն որդան կարմիրը ստանալու համար մենք պետք է հատուկ միջոցներ ներդնենք ու կիրառենք, թելերը, կտորները պետք է արտադրվեն մեր երկրում, որպեսզի մեր գունապնակը, գունային համադրությունները ճիշտ տեղավորվեն այդ կտորների վրա, երբ մենք տարատեսակ սուբլիմացիաներ ենք անում և այլ։ Այդ ամենը շատ խորքային է, սակայն հետաքրքիր բան ստեղծել ու ներկայացնել աշխարհին, իհարկե, հնարավոր է, քանի որ միայն մենք չէ, որ ունենք հումքի խնդիր։ Կան շատ եվրոպական երկրներ, որոնք, օրինակ, չունեն կտորի արտադրություն և շատ այլ բաներ ու ներկրում են, և դա նորմալ է․ այստեղ շատ կարևոր է համակարգային մոտեցումը և ցիկլային լինելը։
Օրինակ՝ նույն Եվրոպայում ներկայանալիս ապրանքանիշը մեկ անգամ չպետք է ցուցադրվի, որպեսզի եվրոպացուն հասանելի լինի, հետաքրքիր լինի նաև գնելու ու համագործակցության առումով, ցանկալի է, որ մի քանի սեզոն ներկայացվի ապրանքանիշն իր հավաքածուներով։ Դա շատ կարևոր է, քանի որ անգամ համաշխարհային ապրանքանիշերը, որոնք ճանաչելիության խնդիր չունեն, տարին մի քանի անգամ ցուցադրություններ են անում, որոնց երբեմն ընդամենը 50-100 հոգի է հրավիրված լինում։
Դա արվում է հենց այդ ցիկլայնությունը պահպանելու, աշխարհին իրենց մասին հիշեցնելու համար։ Դա պարտադիր «ինֆոմարշ» է, և այլ ճանապարհ դեռևս չեն մտածել։ Եվ նույնը մենք պետք է անենք, այսինքն՝ կոնցեպտուալ առումով դա պետք է լինի շարունակական, աճող, ամեն անգամ տարբերվող ու այդ ընթացքում էլ կարելի է նաև ազգային դեմքը, ազգային նորաձևությունը ներկայացնել ու հասանելի դարձնել։
-Կարծում եք՝ մենք ունե՞նք պոտենցիալ աշխարհի համար ավելի ճանաչելի դառնալու առումով։
-Այո, իհարկե։ Քանի դեռ մեզ մեր ազգային տարրերով ամբողջ աշխարհում չեն ճանաչել, նշանակում է, մենք դեռ աշխատելու տեղ ունենք։ Իսկ դրա վրա պետք է աշխատել անընդհատ և տարատեսակ մոտեցումներով այնքան ներկայացնել, որ դա հնարավոր լինի հանել միջազգային շուկա։
Այսօր մեզ մոտ հարց չի առաջացնում, թե ինչու ենք մենք կրում իտալական կամ ֆրանսիական պատմամշակութային արժեքները ներկայացնող, դրանք իրենց վրա կրող հագուստ, բայց դրան նրանք նույնպես հեշտությամբ չեն հասել, մինչ այդ եղել է հսկայական ծավալի աշխատանք, գովազդային այնպիսի արշավներ, որ ամբողջ աշխարհը խոսի իրենց մասին, և նույնը մենք պետք է անենք՝ անընդհատ աշխատելով, և էական չէ, որ ներսում մենք հաճախ քննադատում ենք մեկս մյուսին, որ լավ չի ստացվում, որ անընդհատ կրկնօրինակում ենք, ինչու ենք տառն օգտագործում ուղիղ տարբերակով, կարելի է փոփոխություններ անել ու ավելի ժամանակակից մոտեցմամբ ներկայացնել և այլն։ Այդ ամենն էական չէ, էականը, որ անենք անընդհատ և կգա մի պահ, որ կհասնենք որակի, գույնի, ֆակտուրաների, ձևի ճիշտ համադրությունների։
Օրինակ՝ շատերը կփաստեն, որ մենք ժամանակին շատ բարձր որակի կոշկեղենի, պայուսակների, կաշվեղենի արտադրություն ենք ունեցել, և դա էլ է եղել երկարաժամկետ աշխատանքի արդյունք։ Նույնը կարելի է անել այսօր՝ նաև թեթև արդյունաբերության, տեքստիլի, հագուստի արտադրության շրջանակներում։ Դրա համար մենք պետք է պարզապես հանգիստ լինենք և ունենանք աշխատանքային նպաստավոր պայմաններ, որպեսզի կարողանանք չկոտրվել ու անընդմեջ շարժման մեջ լինել։ Եվ կարծում եմ, որ մեզանից ինչ-որ մեկի մոտ հաստատ կստացվի։
-Խոսեցիք միջազգային ցուցադրություններից, որոնք շատ կարևոր են դիզայներներին, ապրանքանիշերը ճանաչելի դարձնելու առումով։ Եթե չեմ սխալվում, վերջերս դուք նույնպես մասնակցել եք Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակներում անցկացվող ցուցադրություններին։
-Միլանի նորաձևության շաբաթվան (MilanFashionWeek) կից Armenian Partners-ի հովանավորչությամբ անցկացվում է Emerging Talents Milan-ը, որի գլխավոր կազմակերպիչը Տարիել Բիշարյանն է։ Այս տարի մեզ ևս հրավիրել էին, և մենք գնացինք ու մասնակից եղանք այլ դիզայներների պրեզենտացիոն հատվածին, իսկ արդեն սեպտեմբերին այդ նախագծի շրջանակներում մենք ներկայացնելու ենք մեր հավաքածուն, որը, կարծում եմ, շատ հետաքրքիր կլինի, քանի որ Միլանում, չնայած անձրևային եղանակին, երբ սեպտեմբերյան հավաքածուի հագուստները ներկայացնող փոքրիկ «ֆոտոշութ» էինք կազմակերպել, փողոցում անտարբեր մարդ պարզապես չկար, ու մարդիկ անկաշկանդ մոտենում ու հարցնում էին՝ ի՞նչ հագուստ է, ի՞նչ բրենդ է, ինչ յուրահատուկ է էս ամենը, ո՞ր երկիրն եք ներկայացնում, և դա էլ է տալիս ոգևորություն ու վստահություն, որ միգուցե անում ենք մի բան, որն իսկապես հետաքրքիր է։
-Այդ ցուցադրությունների շրջանակներում ինչո՞վ էին առանձնանում հայ դիզայներների աշխատանքները։
-Կարծում եմ, հենց վառ գույներով, հագուստի, աքսեսուարների արտահայտիչ ձևերով, ձեռագործ աշխատանքներով։ Եվ հետաքրքիր մի բան՝ թեև շատերի, այդ թվում մեր աշխատանքները խիստ հեղինակային են, բայց բոլոր դեպքերում դրանք արտահայտում են մեր ազգային երանգները, տրամադրվածությունը։ Եվ Միլանում ներկայացվող ցուցադրությունների այս շարքը, կարծում եմ, շատ լավ հնարավորություն է իրագործելու այն նպատակները, որոնց մասին խոսեցինք։ Մնում է ճիշտ պատրաստվել, լավ արտադրանք ներկայացնել, մենեջմենթի առումով ճիշտ մոտեցում ցուցաբերել, և կարծում եմ, որ արդյունքը սպասեցնել չի տա։
-Իսկ ընդհանուր առմամբ, այս տարի ի՞նչ է թելադրում նորաձևությունը։
-Անդրադառնալով համաշխարհային նորաձևության միտումներին՝ նշեմ, որ 2020 թ․-ից ի վեր գերակշռող է դառնում կանացիությունը, կնոջ նրբիրանն ընդգծող հագուստը, շատ ակտուալ են ասեղնագործությունը, ձեռագործ աշխատանքները, ժանյակները, հետաքրքիր դետալները, արտահայտիչ աքսեսուարները, վառ գույները, և դա նաև շատ կարևոր է մեր տարածաշրջանի համար, քանի որ թույլ կտա ազատվել այն սև, մռայլ գույներից, որոնք մեծ տեղ են գրավում մեր զգեստապահարաններում։
Ի դեպ, եթե մի քանի տարի առաջ միտում կար արհեստական կաշի կրելու, ապա այժմ հասկացել են, որ դրա արտադրությունն ավելի շատ է աղտոտում շրջակա միջավայրն ու կրկին վերադարձել են բնական կաշվին։
Հիմա նաև շատ արդիական են վինտաժային հագուստները, ուստի խորհուրդ եմ տալիս փորփրել մայրիկների, տատիկների, ինչու ոչ նաև պապիկների պահոցները և պարտադիր թարմացնել ու կրել նրանց իրերը, որովհետև դրանք իրենցից իսկապես արժեք են ներկայացնում։
Նշեմ, որ այսօր էլ, հագուստի մեջ կիրառելով բնական քարեր, ձեռագործ աշխատանքներ, դիզայներները կարծես ուզում են երկարացնել հագուստի կյանքը։
-Ինչպես և ցանկացած ոլորտում, այնպես էլ նորաձևության մեջ է արտացոլվում թվային տեխնոլոգիաների անընդմեջ զարգացումը, և դրանից անմասն չեք մնացել նաև դուք։
-Կարևորելով անհատականության դերը, որն ընդգծելու խնդիրն այսօր առավել քան արդիական է, որոշեցինք ստեղծել հագուստ, որն ասելիք ունի, և կարևոր չէ, թե այն կրող մարդն ինչ է աշխատում, կարևորը նրա յուրահատկությունը, անհատականությունը ընդգծելն է հագուստի միջոցով, որը ստեղծվում է հենց իր համար։ Եվ այդ գաղափարն իրականացրեցինք Ftnft ծրագրի հետ համատեղ՝ «դիջիթլ» տարբերակով, որը թույլ է տալիս հագուստների վրա ասեղնագործված QR կոդերի միջոցով գեներացնել այն պատկերները, որոնք կպատմեն հագուստի մասին՝ կարծես կենդանանալով ու խոսելով քեզ հետ՝ հիշեցնելով, թե ինչքան տարբերվող և ուրիշ ես դու։
Այդ պատկերները մենք «Զիան ֆեյսեր» ենք անվանել, որոնք ներկայացված են յոթ չակրաների գույներով, և գույներ ու հույզեր արտահայտող դեմքերի միջոցով մենք փորձում ենք մարդուն բերել բալանսի, արտահայտել նրա տրամադրվածությունը, ինքնատիպությունը։
-Եվ վերջում, կուզեի խոսել հենց ձեր ինքնատիպ ոճի մասին․ ինչպե՞ս է ձեզ հաջողվում այդքան անսպասելի լուծումներով համադրել ժամանակակից միտումներն ու վինտաժային տարրերը հատկապես այն կերպարներում, որոնցով հաճախ ներկայանում եք տարատեսակ միջոցառումների ժամանակ։
-Դրա գաղտնիքը թերևս իմ գլխում է, որը հասկանալու համար պետք է ներկա գտնվել աշխատանքային պրոցեսին, և տեսնել, թե ոնց է դա կատարվում։ Մի հագուստի վրա ես կարող եմ աշխատել շաբաթներով, իսկ այն դետալները, որոնք պահպանվել են՝ ժանյակները, ասեղնագործ աշխատանքները և այլն, փորձում եմ ոչ թե փչացնել, այլ ինչ-որ բաներ ավելացնելով՝ նոր շունչ հաղորդել դրանց, ժամանակակից տենդենցներին, գույներին մոտեցնել։ Եթե արտադրական գործընթացներն աշխատակիցների հետ ենք անում, իմ բոլոր կերպարները ստեղծում եմ միայնակ՝ անգամ չափսափորձումն ինքս եմ անում, և երբեմն ստանում հագուստներ, որոնք կրելը շատ անհարմար է, բայց մեծ սիրով կրում եմ, քանի որ սիրում եմ սովորականից դուրս աշխարհը, սիրում եմ հագուստի, ձեռքի աշխատանքի հետ կապված ամեն ինչ, և ամենից շատ ոգևորում է, երբ դու հասկանում ես քո աշխատանքը սկզբից մինչև վերջ, իսկ ամենակարևոր հաղթանակն այն ընթացքն է, որը քեզ հանգեցնում է ցանկալի արդյունքին։
Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆ