Սևանցի երիտասարդ ձեռներեց Մերի Վարդանյանը ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող Էրազմուս երիտասարդ ձեռներեցների համար փոխանակման ծրագրով այցելել է Իսպանիայի Սեզանտես քաղաք, հյուրընկալվել մի կին ձեռներեցի։ Մերին իր փորձառության մասին ասում է՝ ամենակարևոր բանը, որ ծրագիրն ինձ տվեց, մարդկանց հետ ճիշտ շփվելու հմտությունն էր։
«Կյանքում միշտ իմացել եմ՝ ինչի եմ ձգտում, ինչի եմ հասնելու, ինչ մասնագիտություն եմ ունենալու»,- Aravot.am-ի հետ զրույցն այսպես սկսեց Sevan IT Plus ստարտափի հիմնադիր, երիտասարդ ձեռներեց Մերի Վարդանյանը։
Մերին 27 տարեկան է։ Հիշում է՝ երբ դպրոցում էր սովորում, համակարգչային տեխնիկան նոր-նոր էր զարգանում։ Իրենց թաղամասում 1-2 հոգի համակարգիչ ունեին, և, լինելով 7-8-րդ դասարանի աշակերտ, ինքն էր հարևանների համակարգիչների կարգավորումներն անում․ «Միշտ սիրել եմ ֆիզիկա, մաթեմատիկա առարկաները, տեխնիկան։ Ու այդպես դարձա ինժեներ, հետո՝ ծրագրավորող»։
Կարդացեք նաև
Մերի Վարդանյանը սովորել է Սևանի պետական քոլեջում, հետո՝ Գավառի պետական համալսարանում՝ ֆիզմաթ բաժնում, այնուհետև՝ համակարգչային ինժեներություն։ 2016-ին Մերին ուսումը շարունակել է Բուլղարիայում՝ ԷՐԱԶՄՈՒՍ+ ծրագրով։ Եվ հենց Բուլղարիայից Սևան վերադառնալուց հետո՝ 2017 թվականին՝ Մերին որոշել է, որ պետք է իր բիզնեսը հիմնի հայրենի քաղաքում։
Ծնողներն իրենց բնակարանին մոտ երկհարկանի տուն էին կառուցել, վերանորոգումն արված չէր։ Մերին հիշում է՝ նայում էի՝ ասում էի, չի կարող այս շենքն էստեղ ուղղակի կանգնել, պետք է ավելին լինի։ Եվ այդ ժամանակ ծնվեց Սևանում ծրագրավորման դասավանդման կենտրոնի բացման գաղափարը․ «Ընկերուհուս հետ էինք սկսել, միասին զարգացրինք մեր բիզնեսը։ Ամբողջությամբ մեր ֆինանսական միջոցներով արեցինք։ Ծնողներս, երբ իմացան այդ գաղափարի մասին, ասացին՝ չմտածես ոչ մի բանի մասին։ Ամեն հարցում ինձ աջակցել են, մայրս ասում էր՝ չի կարող չլինել, հայրս էլ՝ չկա տենց բան, որ չլինի»։
Մերին հիշում է՝ սկզբում կենտրոնում շատ ուսանողներ ունեին՝ հիմնականում Սևան քաղաքից և հարակից բնակավայրերից։ Երեք տարի անց՝ 2020 թվականին ուսանողների թիվը նվազեց՝ նաև Սևանում մարդկանց սոցիալական վիճակով պայմանավորված, քանի որ ոչ բոլոր ընտանիքները կարող էին իրենց թույլ տալ երեխաներին ամսական 15 հազար դրամ հատկացնել, որ ծրագրավորում սովորեն, այն դեպքում, երբ միջինը 40-60 հազար դրամ ամսական եկամուտ ունեին։ Մերին ասում է, որ հենց այդ պահին հնարավորություն ուներ դադար վերցնել, մանավանդ՝ կարծում էր, որ իր բիզնեսում թույլ կետը մարքեթինգն էր։ Հենց այդ ժամանակ էլ Ջինիշյան հիշատակի հիմնադրամից`տեղական կոնտակտային կետից, ստացավ առաջարկ մասնակցելու «Էրազմուս երիտասարդ ձեռներեցների համար» (EYE) փոխանակման ծրագրին։
«Շատ լավ հնարավորություն էր և ճիշտ ժամանակին, քանի որ, եթե լիներ իմ բիզնեսի վերելքի ժամանակ, չէի կարողանա դա անել»,- ասում է Մերին:
Միևնույն ժամանակ, Մերին ցանկանում էր զարգացնել իր մարքեթինգային հմտությունները, քանի որ կարծում էր, որ դա իր բիզնեսի թույլ կողմն է։ Մերին դիմեց ծրագրին, գտավ հյուրընկալող ձեռնարկատեր հյուսիս-արևմտյան Իսպանիայում՝ Սեսանտեսում, և այսպես սկսվեց նրա նոր ուղին։
Նրան հյուրընկալեց Մարիա Խոսե Մայոր Սանչեսը՝ վաճառքի փորձառու մենեջերը, որը յոթ տարի ղեկավարում էր իր սեփական հյուրատունը։ Մերիի ցանկությունը`մասնագիտական աճ գրանցել՝ աշխատելով իրեն հյուրընկալող ձեռնարկատիրոջ բիզնեսում, և Մարիայի պատրաստակամությունը՝ փոխանցել իր գործարար հմտությունները և կապերը, նպաստեցին, որպեսզի այս փոխանակումը հաջողություն ունենա։
Մերին ջերմությամբ է հիշում այն վեց ամիսները, որ անցկացրել է Մարիայի հետ․ «Ընկերացել ենք, նա ինձ տվեց բիզնեսի հետ ճիշտ աշխատելու հմտություն՝ մարքեթինգի տեսանկյունից։ Ամենակարևոր բանը, որ ինքն ինձ տվեց, շփումն էր մարդկանց հետ՝ ինչպես է ճիշտ շփվել մարդկանց հետ, ինչ արտահայտություններ չպետք է անել, ինչ տոնով խոսել։ Ես տեսել եմ նրա մի քանի հանդիպումները։ Հենց իր հետ շփումն ինձ մոտ շատ հմտություններ զարգացրեց»։
Մերին սովորել է, թե ինչպես կարելի է հարաբերություններ կառուցել հավանական հաճախորդների հետ, ստեղծել գործընկերային կապեր և ավելի վստահ բանակցել: Նա նշում է․ «Մարիայի հետ շփումն ինձ մոտ շատ հմտություններ զարգացրեց: Ես նրա բիզնեսի համար նաև երկու ծրագրային գործիք ստեղծեցի՝ տվյալներն ավելի արդյունավետ մշակելու, հաճախորդի տվյալներին հետևելու և բիզնեսի ամենօրյա գործունեությունն ավտոմատացնելու համար»։
Մերիին հյուրընկալելով՝ իսպանացի երիտասարդ ձեռներեցը, օգտագործելով իր կապերը, բազմաթիվ հանդիպումներ և ուսումնական այցելություններ էր կազմակերպում այլ գործընկերների հետ՝ նրան ծանոթացնելով ընկերության մարքեթինգային ռազմավարությանը և ներգրավելով աշխատանքներում։ Նպատակն էր, որպեսզի Մերին հասկանա և գնահատի ընկերության կարիքները և այնուհետև մշակի ամենահամապատասխան և արդյունավետ լուծումը։
Իսպանիայում Մերին հնարավորություն ունեցավ հանդիպելու նաև ՏՏ ոլորտի այլ մասնագետների, մտքեր փոխանակել և կարևոր խորհուրդներ ստանալ։ Փոխանակումը բացառիկ ռեսուրս դարձավ Մերիի համար՝ անձնական և մասնագիտական զարգացմանը նպաստելու առումով: Նա ոչ միայն հմտություններ զարգացրեց՝ որպես բիզնեսի սեփականատեր՝ սովորելով, թե ինչպես վարել շուկայի հետազոտություն, նախագծել և իրականացնել հաջող մարքեթինգային ռազմավարություն և աշխատել հաճախորդների հետ, այլև աճեց որպես ծրագրավորող՝ պատասխանատվություն ստանձնելով իրեն ընդունող ընկերությունում ծրագրային ապահովման մշակման ողջ գործընթացի համար:
Կես տարուց վերադառնալով Սևան՝ Մերին հասկացավ՝ իր բիզնեսը չի կարող շարունակել զարգանալ՝ ուղղակի ծրագրավորում դասավանդելով։ Նա պատմում է․ «Որոշեցի՝ պետք է այլ մակարդակի բարձրանալ և միայն դասավանդումով չսահմանափակվել, ինչն իմ բիզնես պլանի երկրորդ կետն էր։ Ու հասկացա, որ պետք է անցնեմ առցանց դասավանդման, որի արժեքը արդեն այլ կլինի ու նաև կտարբերվի՝ կախված՝ ինչ լեզվով են սովորելու ծրագրավորումը»։
Այժմ Մերին համագործակցում է Երևանում գործող ծրագրավորման դպրոցի հետ, որն իրեն տրամադրում է ուսանողներ, տարածք։ Ունի կայուն եկամուտ։ Դասավանդում է 50-ից ավելի ուսանողների։
Երիտասարդ ձեռներեցը նշում է՝ իր ուսանողներն առցանց դասերի համար հիմա ավելի թանկ են վճարում, քան Սևանում։ Բայց նաև շեշտում է․ «Դա ինձ ոչ մի կերպ չի հեռացնում այն մտքից, որ իմ Sevan IT Plus-ը Սևանում շարունակելու է գործել։ Իմ նպատակն է հզորանալ, ունենալ բավարար ֆինանսական կայունություն, որպեսզի ներդնեմ Sevan IT Plus-ի մեջ։ Հիմա ես Սևանի իմ նախկին ուսանողների հետ ֆրիլանս ծրագրեր եմ հավաքում, որոնցից ստացված եկամուտը հավաքվում է Sevan IT Plus-ը զարգացնելու համար։ Ինձ պետք է մի քիչ ավելի շատ ժամանակ ունենալ ու ֆինանսապես ավելի կայուն լինել, որպեսզի ժամանակ տրամադրեմ ու զարգացնեմ այդ գործը»։
Հետադարձ հայացք նետելով իր անցած ուղուն՝ Մերին ընդգծում է իր ծնողների աջակցության դերակատարությունը․ «Մարդը պետք է լինի ուժեղ, ունենա կամքի մեծ ուժ։ Առաջին հերթին ծնողներից է կախված՝ դու կարող ես դա անել, թե՝ ոչ։ Եթե մեր համայնքի մյուս ընտանիքներն իրենց աղջիկներին հիմնականում դաստիարակում էին այնպես, որ դառնան 18 տարեկան, պետք է ամուսնանան, Գավառում աղջիկներն առավել ևս հիմնականում գալիս էին համալսարան դիպլոմի, ամուսին գտնելու համար, ապա իմ ծնողներն ինձ դաստիարակել են՝ ունես նպատակ, պետք է հասնես դրան, և պարտադիր չէ, որ քո կյանքում լինի մեկը, որը քո մասին հոգ տանի։ Եթե գտնես քո սիրուն, հիասքանչ է, բայց եթե ոչ, դա աշխարհի վերջն ու կյանքի նպատակը չէ։ Ինչպես իմ բիզնեսի հիմնման, այնպես էլ ցանկացած հարցում ծնողներիս աջակցությունը հսկայական է եղել»։
Մեր զրուցակիցն ասում է՝ Իսպանիա այցից հետո շատ բաներ է վերանայել կյանքում՝ հատկապես 2020-ի պատերազմից հետո։ Մտքով երբեք չի անցել Եվրոպա գնալ ու չվերադառնալը, բայց դեմ չէ տարվա մեջ մի քանի ամիս արտերկրում անցկացնելուն․ «Ես չեմ կարող Հայաստանից կտրվել․ երբ երկրից դուրս եմ գալիս, շատ եմ կարոտում։ Արարատի պատկերը կարևոր դեր ունի ինձ համար։ Շաբաթվա մեջ գոնե մեկ անգամ պետք է բարձրանամ Կասկադ ու նայեմ Արարատին»։
Զրույցի ավարտին Մերիին հարցրինք՝ ի՞նչ խորհուրդ կտա երիտասարդ աղջիկներին, ինչպե՞ս հասնեն իրենց նպատակին, ինչպե՞ս իրենց դրսևորեն ձեռներեցության բնագավառում :
«Առաջին խորհուրդը, որ կտամ աղջիկներին, այն է, որ այս կյանքի առաջնային նպատակն ամուսնանալը չէ։ Իհարկե, կարևոր է գտնել քո կեսին, ամուսնանալ, բայց եթե դեռ չես գտել, չես ամուսնացել, պետք չէ համարել՝ դժբախտ ես։ Ամուսնությունից հետո էլ պետք է հասկանաս, որ դու անհատ ես, կախված չես որևէ մեկից։ Պետք է մտածել՝ ինքդ կարող ես առաջ գնալ, ստեղծել ամեն ինչ, քո կարիերան կերտել։ Պետք է հասկանալ, որ մենք անհատ ենք, պետք է լինենք համառ, անենք այն, ինչ սիրում ենք ու գործել՝ չնայելով խոչընդոտներին, միշտ առաջ գնալով։ Խոչընդոտները պետք է մեզ ուժ տան։ Ճիշտ է՝ հաճախ է լինելու, որ ասելու ես՝ էլ առաջ գնալ չեմ կարող, բայց կարևոր է՝ կողքիդ լինեն այնպիսի մարդիկ, որոնք քեզ ուժ կտան, կասեն, որ ստացվելու է։ Ուղղակի ամենակարևոր բանն այն է, որ քեզ անհատ զգաս»,- պատասխանեց երիտասարդ գործարարը։
Մերի Վարդանյանն աջակցություն է ստացել Էրազմուս երիտասարդ ձեռներեցների փոխանակման ծրագրից, որը նպաստել է նրա փոխանակմանը հյուրընկալող ընկերության հետ Իսպանիայում: Հայաստանն այլևս չի կարող մասնակցել ծրագրին, սակայն բիզնեսում հայ կանանց համար ԵՄ-ի կողմից աջակցության այլ հնարավորություններ կարելի է գտնել այստեղ.
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Սույն հոդվածը պատրաստվել է EU NEIGHBOURS east ծրագրի շրջանակներում: Հոդվածում արտահայտված կարծիքները պատկանում են բացառապես դրա հեղինակին: