«Միգուցե ՌԴ-ն անվտանգային ոլորտում ամենալավ ռազմավարական գործընկերը չէ, բայց ՌԴ-ն շատ վտանգավոր թշնամի կարող է լինել». «Առավոտի» զրուցակիցն է ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը:
«Ինքներս մեզ մեկ հարց պետք է տանք. արդյո՞ք Լավրովի գնահատականներն ունեն փաստարկված հիմնավորումներ. սա շատ էական է։ Բնական է, որ այդ կարգի դիվանագետը երբեք հույզերի կամ էմոցիաների ազդեցության տակ մտքեր չի կարող շարադրել։ Բայց Լավրովի վերջին հայտարարությունները հստակ արձանագրում են, որ Հայաստանի իշխանությունները որդեգրել են նոր քաղաքականություն եւ այն հակառուսականությունն է»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին նախագահ Խոսրով Հարությունյանն՝ անդրադառնալով ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարի՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումում, մամուլի ասուլիսում արած հայտարարություններին։
Սերգեյ Լավրովը, հիշեցնենք, «ՀՀ իշխանության գիտակցված» որոշում էր անվանել ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին հայտարարությունները՝ հավելելով, որ Հայաստանն ի վերջո պետք է կողմնորոշվի ու ՌԴ-ն իր գործնական քայլերում այդ ամենը հաշվի կառնի։
«Այն, որ Լավրովն ասում է՝ դա արդեն մենք նկատում ենք գիտակցված, իմաստավորված քաղաքական գործընթաց՝ հայաստանյան իշխանությունների կողմից իրականացվող, փաստում է այն մասին, որ նրանք այլեւս գնահատում են, որ սա քաղաքականություն է, ոչ թե պահի տակ ինչ-որ դրսեւորումներ, այդ թվում՝ նաեւ քաղաքական երանգ ունեցող դրսեւորումներ։ Սա կոնկրետ քաղաքականություն է, որն ուղղված է ՌԴ-ին Հարավային Կովկասից, մասնավորաբար, Հայաստանից դուրս մղելուն։ Ու եթե սա ձեր իմաստավորված քաղաքականությունն է, ապա ՌԴ-ն պատրաստակամ կլինի այդ քաղաքականությանը հակադրել իր՝ նույնպես իմաստավորված գործնական քայլերը»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ անվիճալի է, որ ՌԴ-ի համար Հարավային Կովկասն ունի ռազմավարական նշանակություն, հետեւաբար հիմնավորված չէ ՌԴ-ին մեղադրել նման հարցադրումներ անելու մեջ։
Կարդացեք նաև
Խոսրով Հարությունյանը հիշեցնում է 2022 թվականին Երեւանում տեղի ունեցած ՀԱՊԿ խորհրդի նիստը՝ անդամ երկրների ղեկավարների մասնակցությամբ, որը ղեկավարում էր Հայաստանը եւ որի ավարտին, Նիկոլ Փաշինյանը բոլորի համար անսպասելի հայտարարեց, որ պատրաստ չէ ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի եւ Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» փաստաթղթերը, թեեւ դրանք նախապես համաձայնեցված էին ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների հետ՝ պատճառաբանելով, որ ՀԱՊԿ-ը քաղաքական գնահատական չի տվել ՀՀ սահմանի վրա տեղի ունեցած իրադարձություններին։ Խոսքը, Ջերմուկի վրա ադրբեջանական հարձակման մասին էր։ Մինչդեռ, նշյալ փաստաթղթում նախատեսված էին քայլեր, որոնք պետք է ապահովեին ՀԱՊԿ ռազմական կարողությունների տեղակայում՝ Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանին։ Մեր զրուցակիցը նկատում է, որ այդ փաստաթղթի իմաստը՝ ստեղծված իրավիճակում, ՀԱՊԿ գործնական քայլերին էին վերաբերվում, որոնք պետք է չեզոքացնեին կամ մեղմեին հնարավոր սպառնալիքները։ Այս համատեքստում, Խոսրով Հարությունյանը չի հիշում որեւէ պաշտոնական փաստաթուղթ, բացառությամբ ԵԽԽՎ-ի բանաձեւի, որով ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Արեւմտյան երկրները դատապարտել են Ադրբեջանի վարքագիծը, մինչդեռ դա չխանգարեց Հայաստանին՝ համաձայնել եվրոպական քաղաքացիական դիտորդական առաքելության ներկայությանը։ Ընդ որում, այդ առաքելությունը գործնական հակազդեցության որեւէ հնարավորություն չունի։
«Ավելին ասեմ. օրերս Հ1-ով լսում էի Հայաստանի ԱԽ քարտուղարին, որը փորձում էր ներկայացնել ՀԱՊԿ անտարբերության դեպքերը եւ ռուսական զինվորական կառույցների, պայմանական ասած, ձախողումները՝ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունների առումով՝ օրինակ բերելով Ներքին Հանդի վերջին իրադարձությունները։ Բայց արձանագրենք. Ներքին Հանդում ընդամենը կա ռուսական սահմանապահ կետ։ Զորքեր այնտեղ տեղակայված չեն։ Հայաստանի բանակն իր սահմանները պահպանելու հարցում, իր ստանձնած պարտավորությունների թերացումները փորձում է կոմպենսացնել՝ վերագրելով դա ՌԴ-ին կամ ռուսական ուժերին. սա անազնիվ է։ Սա էլ թողնենք մի կողմ։ Բայց գոնե կոռեկտությունը պահելու համար, այդ նույն պետական այրը պետք է ասեր՝ այն տարածքներում, որոնք գտնվում են եվրոպական քաղաքացիական դիտորդական առաքելության դիտարկման տակ, նույնպես ունեցել ենք բազմաթիվ նման խախտումներ. թե Սոտքում, թե Գեղարքունիքից դեպի հարավ՝ բոլոր հատվածներում»,- ասաց մեր զրուցակիցը՝ ուշադրություն հրավիրելով այն իրողությանը, որ Մյունխենի անվտանգության կոնֆերանսում Նիկոլ Փաշինյանն առաջինը հանդիպեց Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրի հետ. «Ես չեմ կարծում, որ նրանք միմյանց որպիսիությունը հարցնելու եւ մի բաժակ սուրճ խմելու համար էին հանդիպել. դրանից հետո, մենք լսեցինք բավականին կոշտ, շատերիս համար անսպասելի, նախկին իր հայտարարություններին հակադրվող հայտարարություններ»։
Այս ամենից ելնելով, Խոսրով Հարությունյանը միանգամայն բնական է համարում ռուսական կողմի եզրակացությունը, որ սա հատուկ քաղաքականություն է ու կողմնորոշվելու առաջարկ են անում. «Երբ լսում ես ԳՇ պետին կամ այլ պաշտոնյաների՝ ասում են՝ ՀԱՊԿ-ում սառեցրել ենք մասնակցությունը, բայց առայժմ ՀԱՊԿ-ը լքելու որոշում չկա։ Կներեք, սա խոսում է այն մասին, որ երբ մեզ հարմար կլինի, այդ ժամանակ էլ կլքենք։ Լավրովն էլ հստակ հասկացրեց, որ Հայաստանը նաեւ ԵԱՏՄ անդամ է։ Կա նաեւ ՀՀ-ՌԴ տնտեսական հարաբերությունների լուրջ բաղադրիչը՝ ատոմակայան, գազամատակարարում, էներգետիկա… պատկերացրեք, եթե ՌԴ-ն էլ որոշում կայացնի՝ համապատասխան ձեւով արձագանքել մեր վարքագծին եւ ԵԱՏՄ շրջանակներում, ասենք խստացնի բոլոր պահանջները՝ Հայաստանից ներմուծվող ապրանքների նկատմամբ։ Ի դեպ, մենք դա տեսել ենք Լարսում։ Եվրոպական երկրներն այդ դեպքում մեզ առաջարկո՞ւմ են շուկա, պատրա՞ստ են բացել իրենց ներքին շուկաները Հայաստանի արտահանողների համար։ Սա քննարկվե՞լ է։ Կարծում եք, ՌԴ-ում չե՞ն հասկանում, որ ՀՀ իշխանությունը նաեւ այս բաղադրիչով է փորձում բանակցել, որից հետո միայն ավելի վստահ որոշումներ կկայացնի։ Ուստի, ես կարծում եմ, որ Մյունխենից հետո, մենք գործում ենք ոչ թե անվտանգության ոլորտում դիվերսիֆիկացիայի հետ, որը, ի դեպ, մինչ այդ էլ չէր արվում, այլ մենք ունենք անվտանգային ոլորտում վեկտորի կտրուկ փոփոխություն»։
Խոսրով Հարությունյանը նաեւ հիշեցնում է, որ ՀԱՊԿ-ն ի սկզբանե՝ 1992 թվականին, ձեւավորվել է հետխորհրդային տարածքում ՌԴ-ի ռազմաքաղաքական ազդեցությունն ապահովելու, աշխարհի այդ հատվածում նրա աշխարհաքաղաքական ազդեցությունն ապահովելու, այդ թվում նաեւ անդամ պետությունների արտաքին սպառնալիքներին դիմագրավելու համար։ ՀՀ-ի անդամակցությունը ՀԱՊԿ-ին բացառապես պայմանավորված է եղել հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարականությամբ։ Այսինքն, անդամակցել ՀԱՊԿ-ին, նշանակում էր՝ նպաստել հետխորհրդային տարածքում ՌԴ-ի աշխարհաքաղաքական դերի զարգացմանը. «Մենք շատ լավ գիտակցել ենք, որ ՀԱՊԿ-ը միասեռ տարածք չէ, երեք ենթատարածքներ կան՝ Կենտրոնական Ասիական երկրներ, Հարավային Կովկաս եւ արեւմտյան ուղղությամբ Բելառուսը. այս երեք ուղղություններում երկրների անվտանգության սպառնալիքները որակապես միմյանցից տարբերվում են, ոչ միայն էությամբ եւ բնույթով, այլ նաեւ այդ սպառնալիքների հնարավոր հետեւանքներով։ Եվ եթե, օրինակ, Միջինասիական երկրներում սպառնալիքները, որոնք այսօր էլ կան, լավագույն դեպքում կարող են իշխանության փոփոխության բերել, Հայաստանի պարագայում սպառնալիքն էկզիստեցիալ է, պետականության կործանմամբ է պայմանավորված։ Բելառուսի պարագայում, օրինակ, խնդիրը՝ ՆԱՏՕ-ի՝ դեպի Արեւելք տարածվելն էր։ Դրա համար, ՀԱՊԿ ձեւավորման սկզբնական փուլում, երեք ենթաշրջանի երկրները ՌԴ-ին դիտում էին իբրեւ իրենց անվտանգության արտաքին սպառնալիքների չեզոքացման հիմնական երաշխավորը։ Հիմա, եթե խոսում ենք ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, նշանակում է՝ ձեռնոց ենք նետում հայ-ռուսական հարաբերություններին։ Չենք կարող ՀԱՊԿ-ից դուրս գալ՝ մնալով ՌԴ-ի հետ ռազմավարական գործընկեր, դա բացառված է»։ Այս իմաստով նաեւ, ռուսական կողմի արձագանքը մեր զրուցակիցը բնական է համարում, քանի որ ռազմավարական գործընկերը էապես խոցելի է դարձնում իր աշխարհաքաղաքական դերակատարումը՝ նկատելով, որ Արեւմուտքի կողմից Հայաստանին ուղղված հակառուսական քաղաքականության պահանջներն ավելի են խստանալու եւ այնքան կխստանան, որքան ՌԴ-ն հաջողի ուկրաինական ճակատում. «Եթե ՌԴ-ն ուկրաինական ճակատում հաջողում է, ապա Արեւմուտքը դա գնահատում է իր ռազմավարական նպատակների ձախողում, եթե չասենք՝ ռազմավարական պարտություն։ Իսկ Արեւմուտքը երբեք չի հաշտվելու, պատրաստ չէ հաշտվել դրա հետ եւ ազդեցության որոշ լծակներ ՌԴ-ին զիջել։ Հետեւաբար, ցանկացած քայլի պետք է դիմի, որպեսզի ՌԴ-ի հաջողությունները կաշկանդի։ Քայլերի այդ արսենալում Հայաստանը տեղավորվում է»։ Այս իմաստով, նա հայաստանյան իշխանության հակառուսականության դրսեւորումները դիտարկում է Մյունխենում տրված հանձնարարական. «Հիմա Մոլդովայում էլ են թեժացնելու իրավիճակը, կարծում եմ՝ փորձեր կկատարվեն նաեւ Միջին Ասիայում, Կենտրոնական Ասիայի երկրներում։ Այս տեսակետից, Հայաստանն Արեւմուտքի համար ստանձնում է նոր դերակատարում, բայց ոչ հայանպաստ։ Սա պետք է գիտակցենք»։
Խոսրով Հարությունյանն, ով մշտապես քննադատել է ՌԴ-ին՝ Հարավային ուղղությամբ, մասնավորաբար, 2020 թվականի պատերազմից հետո ընկած ժամանակահատվածի իր քաղաքականության համար, այժմ էլ այն կարծիքին է, որ հայ հասարակությունը բոլոր հիմքերն ունի պնդելու, որ բավարարված չէ այն գործողություններով կամ դրանց արդյունքով, որոնց կարող էինք մենք սպասել ՌԴ-ի հետ ռազմավարական գործընկերության պայմանագրի շրջանակներում, արձանագրում է, որ հայ-ռուսական հարաբերություններն այսօր գտնվում են պատմական նվազագույն շեմի վրա. «Բայց արդյո՞ք ՌԴ նման վարքագիծը հայաստանյան իշխանություններին թույլ է տալիս կամ իրավունք է վերապահում՝ մեջքով շուռ գալ՝ ՌԴ-ին, իր ռազմավարական գործընկերոջը»։ Նրա դիտարկմամբ, ՌԴ-ն, միգուցե նաեւ սեփական քաղաքականության արդյունքում՝ Ուկրաինայի հետ հարաբերություններում, հայտնվել է մի իրավիճակում, երբ փաստացի ձեւավորված է Արեւմուտք-ՌԴ երկաթյա վարագույրը եւ իր տնտեսական գործունեությունն ապահովելու համար պետք էր հայացքն ուղղեր դեպի Միջերկրական ծովի երկրներ, աֆրիկյան պետություններ, Հնդկական օվկիանոսի, Հարավ-Արեւելյան Ասիայի երկրներ։ ՌԴ-ի դեմ արեւմտյան պատժամիջոցների իմաստը, այդ երկրին տնտեսապես ծնկի բերելն էր, ինչին, ըստ Խոսրով Հարությունյանի, ՌԴ-ն բավական հաջող դիմադրում է եւ իր համար կենսական կարեւորության խնդիրները լուծելու համար ՌԴ-ում ստիպված են այս փուլում, երբ Ուկրաինայում խաղաղ բանակցությունների տրամաբանական ավարտը չի ուրվագծվում, «շատ բան կուլ տալ, շատ բանի վրա ուշադրություն չդարձնել» եւ հարաբերությունները նորմալ պահել Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, նույնիսկ ներել Ադրբեջանին՝ Ուկրաինային տնտեսական եւ ռազմական օգնություն ցույց տալը։ Դիտարկմանը՝ Հայաստանի շահերի՞ հաշվին, մեր զրուցակիցը կենցաղային օրինակով արձագանքեց՝ ասելով, որ եթե կյանքում շատ մտերիմ մի ընկեր, ով պայմանավորվածություններ ուներ, բայց հայտնվում է շատ ծանր իրավիճակում ու չի կարող այդ պայմանավորվածությունները կատարել՝ նրան «գրողի ծո՞ցն» եք ուղարկում, թե՞ փորձում եք հասկանալու խնդիրները լուծելու այլ տարբերակները։
«Ես կարծում եմ, ողջամիտ քաղաքականությունը կամ քաղաքական ողջամտությունը ենթադրում էր, որ հայաստանյան քաղաքական ղեկավարությունը պետք է իր ռուս գործընկերների հետ շատ բաց տեքստով խոսեր՝ ասելով, որ օբյեկտիվորեն հասկանում են իրավիճակը, նաեւ հասկանում են, որ մեզ համար շատ բան կցանկանային անել, ինչը օբյեկտիվորեն չի ստացվում, հետեւաբար, այն, ինչն անվտանգության ոլորտում ՌԴ-ն չի կարողանում ապահովել, Հայաստանը պետք է փորձի փոխհատուցել այլոց հետ հարաբերություններով, որոնք կլինեն ոչ ի հաշիվ ՀՀ-ՌԴ ռազմական կամ անվտանգային հարաբերությունների։ Սա շատ տրամաբանական հարցադրում է եւ որեւէ մեկն այդ պարագայում չէր կարող առարկություն ներկայացնել հայաստանյան իշխանություններին։ Մենք սա չենք տեսել։ Ավելին, ինձ մոտ տպավորություն է ստեղծվում եւ ես համոզված եմ, որ իրականությունից շատ հեռու չեմ, որ ստեղծված իրավիճակը հայաստանյան իշխանությունն օգտագործում է՝ ՌԴ-ի հետ հարաբերություններն էլ ավելի վատթարացնելու, մեջքով ՌԴ-ին շուռ գալու համար։ Սա արդեն ծրագիր է եւ այստեղ Լավրովը ճիշտ է։ Դեռ մեկ տարի առաջ, մի գրառմամբ ես ասել էի՝ այն քայլերը, որոնց ականատեսն ենք մենք լինում՝ արտաքին զարգացումներում, դրանք իշխանության պահպանմամբ պայմանավորված չեն։ Դա ավելի շուտ նման է կոնկրետ ծրագրի։ Հիմա, մենք ավելի առարկայական ենք դրա դրսեւորումները տեսնում»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ թե հասարակությունը, թե իշխանությունը պետք է շատ լուրջ հետեւություններ անեն։ Ի դեպ, պարոն Հարությունյանն ուշադրություն է հրավիրում վերջին հարցումներին, ըստ որոնց, հասարակության 60 տոկոսն ընդհանրապես չի ընդունում հայ-ռուսական հարաբերությունների թշնամացումը. «Սա այլեւս թշնամանքի մասին է խոսում, սա վատթարացում չէ։ Քիչ անց, մեզ այլեւս կդիտեն որպես թշնամի պետություն, ինչը շատ վտանգավոր զարգացումների կբերի։ Միգուցե ՌԴ-ն անվտանգային ոլորտում ամենալավ ռազմավարական գործընկերը չէ, բայց ՌԴ-ն շատ վտանգավոր թշնամի կարող է լինել։ Մենք այդ հարվածը չենք մարսի»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
07.03.2024