Պարույր Սեւակի ծննդյան հոբելյանական՝ 100-ամյակի առիթով պատշաճ է, որ խոսք ասվի բանաստեղծի տեքստերով ստեղծված երաժշտական ստեղծագործությունների մասին։ Այդ մասին թեեւ քիչ է խոսվում, բայց մի քանի կամ ավելի որոշակի` երկու երգ, շատ սիրված է յուրաքանչյուր հայի կողմից։ Խոսքը Պարույր Սեւակի տեքստով եւ Էդգար Հովհաննիսյանի երաժշտությամբ ստեղված «Էրեբունի-Երեւան» եւ «Սարդարապատի քաջեր» մեկը մյուսից փայլուն ստեղծագործությունների մասին է: Երկու մեծերի փայլուն համագործակցության մասին զրուցեցինք երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոռեկտոր Ծովինար Մովսիսյանի հետ, ում գիտական հետազոտության թեման հենց նրանց համագործակցության վերաբերյալ է: Հավելենք, որ նշված երկու գործերը ոչ միայն սիրված խմբերգեր են, այլեւ մեկը դարձել է Երեւան քաղաքի օրհներգը, իսկ մյուսը` երկար ժամանակ է՝ հայտ է ներկայացնում լինելու Հայաստանի Հանրապետության օրհներգը։ Զգացողություն կա, որ ժամանակին «Սարդարապատը» գիտակցաբար ստեղծվել է օրհներգ դառնալու համար։ Մինչ մասնագետի խոսքը առանց լրագրողական միջամտության ներկայացնելը, մտաբերեցինք օպերային թատրոնում ներկայացված Հայկական բանակի 22-ամյակի տոնակատարությունը, որտեղ ռեժիսոր Լեւոն Իվանյանի մտահղացմամբ միացյալ երգչախմբերի, սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ հնչեցին Հայաստանին նվիրված գրեթե բոլոր երգերը, որոնք կարող են օրհներգ դառնալ երկրի համար: Բոլոր ստեղծագործությունները սիմֆոնիկ նվագախմբի, երգչախմբերի եւ անհատ կատարողների միացյալ կատարման համար մշակել էր տաղանդավոր կոմպոզիտոր, դիրիժոր Մելիք Մավիսակալյանը (մոտ 20 ստեղծագործություն)։ Հավելենք միայն, որ հնչեցին նաեւ Էդգար Հովհաննիսյանի «Հայաստան» եւ «Սարդարապատի քաջեր» խմբերգերը:
«Տարին իսկապես նշանավորվեց Պարույր Սեւակի 100-ամյա հոբելյանով։ Եվ սա հրաշալի առիթ է խոսելու, գրելու, ուսումնասիրելու, եւս մեկ անգամ արժեւորելու կամ նորովի գնահատելու Պարույր Սեւակ բանաստեղծին, գիտնականին, արվեստագետին, հային։ Կարծում եմ, տարվա ընթացքում այս իմաստով մեզ սպասում են հիրավի բացահայտումներ։
Ճակատագրի բերումով ինձ բախտ է վիճակվել ոչ միայն ուսումնասիրել 20-րդ դարի երկրորդ կեսի հայ մեծագույն կոմպոզիտորներից մեկի՝ Էդգար Հովհաննիսյանի ստեղծագործական ժառանգությունը, որին նվիրված են իմ թեկնածուական ատենախոսությունը եւ մենագրությունները («Էդգար Հովհաննիսյան։ Կյանքս հուշերում», Երեւան, 1998, «Էդգար Հովհաննիսյանի կամերային-գործիքային եւ սիմֆոնիկ ստեղծագործությունների ոճական առանձնահատկությունները», Երեւան, 2012)։ Դեռեւս ինքնակենսագրական հուշերի վրա աշխատելու ընթացքում էր, որ տեղեկացա, թե ինչպիսի ամուր եւ հոգեհարազատ կապ է եղել երկու արվեստագետների միջեւ։ Ամեն ինչ սկսվել է 1968 թվականին, Երեւանի հիմնադրման 2700-ամյակին նվիրված շքեղ տոնակատարությունների համար ստեղծված «Էրեբունի-Երեւան» խմբերգից։ Ի դեպ, քչերին է հայտնի, որ սա բացառիկ դեպքերից էր, երբ Պարույր Սեւակը համաձայնել է գրել տեքստ արդեն ստեղծված երաժշտության վրա։ Եվ սա այն դեպքում, երբ ժամանակակիցներից շատերի վկայությամբ, բանաստեղծը մեծ վերապահումով էր վերաբերվում իր տեքստերի հիման վրա երգեր գրելու ամենատարբեր փորձերին։ Առավել եւս, մեծ տարակուսանքով նա ընդունեց առաջարկը՝ համապատասխան բանաստեղծական տեքստ գրելու Երեւանին նվիրված երգի համար։ Արդյունքը ավելի քան գոհացնող էր։ Ավելի քան հինգ տասնամյակ է, ինչ խմբերգը համաժողովրդական, համահայկական սեր է վայելում, խոսում է ամեն հայի հոգու հետ, խոսում է որպես պատում, աղոթք, օրհներգ՝ բառի ամենակատարյալ իմաստով։ Սա այն բացառիկ երաժշտաբանաստեղծական երկերից է, որում խոսքն ու մեղեդին իրենց գեղարվեստական նշանակությամբ լիարժեք ու ինքնաբավ լինելով, կատարյալ ներդաշնակություն են կազմում՝ փոխադարձաբար հարստացնելով մեկմեկու եւ ձուլվելով միմյանց։
Այս տարի «Էրեբունի-Երեւան» խմբերգի հետ կապված մի փոքր հոբելյան էլ է նշվում. 20 տարի առաջ, 2004-ին խմբերգը պաշտոնապես ընդունվեց որպես մեր մայրաքաղաքի օրհներգ։
Կարդացեք նաև
«Էրեբունի-Երեւան» երգի աննախադեպ հաջողությունն ու համատարած սերը ոգեշնչեցին մեծ բանաստեղծին ու տաղանդավոր կոմպոզիտորին այս ժանրում ստեղծելու եւս երկու գործ՝ «Սարդարապատի քաջեր» եւ «Հայաստան» խմբերգերը։ «Սարդարապատի քաջեր»-ի դեպքում բազմիցս ականատես ենք եղել երկու հանճարների «հոգեզավակի» հանդեպ համաժողովրդական սիրո բուռն արտահայտությունների, երկրի, ժողովրդի ոգեղեն վերելքների եւ ցավալի պարտությունների օրհասական պահերին երգի հերոսական ինտոնացիաներով դիմակայելու եւ ոգեշնչվելու աննկարագրելի հուզիչ դրսեւորումների։ Սա է պատճառը, որ մեր երկրի օրհներգը փոխելու վերաբերյալ պարբերաբար բարձրաձայնվող վիճաբանությունների ընթացքում բազմիցս առաջարկվել է «Սարդարապատի քաջերը»՝ հաշվի առնելով խմբերգի երաժշտության ու խոսքի անբացատրելի խարիզմատիկ ազդեցությունն ունկնդրի վրա։ Այդուհանդերձ, պետք է խոստովանենք, որ չնայած իր էպիկական-մոնումենտալ հնչողությանը, որն ընդհանուր առմամբ բնորոշ է Էդգար Հովհաննիսյանի ոճին, «Սարդարապատի քաջերը» որոշակի պատմական իրադարձությունների, որոշակի հերոսներին փառաբանող հոյակապ խմբերգային գործ է, բայց ոչ օրհներգ, ինչը չենք կարող պնդել այս Եռերգության երրորդ՝ «Հայաստան» խմբերգի մասին։ Հենց այս խմբերգը բոլոր առումներով համապատասխանում է պետական օրհներգի պահանջներին։ Խոսքի եւ երաժշտության հեղինակների անվիճելի հզորությունն ու տաղանդը, բանաստեղծական տեքստի լիարժեք համապատասխանությունը օրհներգի տաղաչափական կանոններին եւ, միաժամանակ, զուտ երաժշտական ձեւակառուցման, լեզվաարտահայտչական օրինաչափություններին։ Սակայն անհասկանալի պատահականությամբ, թե մտածված հետեւողականությամբ պայմանավորված, այս խմբերգը քիչ ծանոթ է ունկնդրին, գրեթե չի հնչում պետական նշանակության հանդիսությունների ծրագրերում, մրցույթների կամ ունկնդրումների ժամանակ չի «առաջադրվել» որպես օրհներգի հավանական կամ նախընտրելի տարբերակ։ Մինչդեռ առ այսօր քննարկվող տարբերակներից առավել, քան որեւէ մեկը, կարող է հավակնել դառնալու արժանի օրհներգ։ Դրա համար կան բոլոր նախադրյալները՝ տեքստի եւ երաժշտության մեծատաղանդ հեղինակներ, այդ տաղանդին արժանի բարձրարժեք էպիկական-հայրենասիրական ստեղծագործություն, որը չունի ասոցիատիվ կապեր որեւէ որոշակի պատմական իրադարձության կամ ժամանակահատվածի հետ, այլ ընդհանրական գաղափարներ է արտահայտում եւ, որ կարեւոր է՝ լիովին համապատասխանում է օրհներգի ժանրի կենսահաստատ ու ոգեշունչ բնույթին։
Պարույր Սեւակ – Էդգար Հովհաննիսյան ստեղծագործական աղերսները չեն սահմանափակվում միայն խմբերգային գործերով, նրանց համագործակցության յուրօրինակ դրսեւորումներից են «Անտունի» բալետը, Երկրորդ սիմֆոնիան։ Բայց սա արդեն մեկ այլ զրույցի նյութ է»,- ներկայացրեց Ծովինար Մովսիսյանը։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
07.03.2024