Կյանքը սխրանքի վերածող անհատների գոյությունը ոչ միայն մոտիվացիա, այլ կարեւոր ազդակի ու լուսարձակի դեր է ունենում այլոց կյանքում, նրանց, ովքեր ստիպված են կյանքին կրկին ասել այո՜, մարդիկ, ովքեր անցնում են հաշմանդամությունը կյանքին վարժեցնելու բարդ արվեստի միջով։ «Իմ դարի կեսը կամ՝ վերնագիրը վերջում» ինքնակենսագրական գիրքը դարձավ առիթ կրկին շփվելու եւ վայելելու նրա մոտիվացնող խոսքը Գերմանիայում ապրող վանաձորցի դերասանուհու՝ Արմինե Մացակյանի հետ։ Արմինեն այն բացառիկ դերասանուհիներից է, ով բեմ բարձրացավ, ինչպես տարիներ առաջ էի գրել՝ «ձեռնոց նետելով խավարին»։ Աբելյանական թատրոնի բեմում նա զգաց թատրոնի մոգական ուժը, որը նրան տեսողության կորստից հետո էլ շարունակեց քայլեցնել աշխարհի տարբեր բեմերով, ուր իր մոնոներկայացումներով նա կարծես կրկնակի բեմել ու կրկնակի արտիստական խաղ ու դրամատիզմ էր արձանագրում, ստանում նոր հրավերներ, մրցանակներ եւ հիացմունքի անկեղծ լիցքեր։ Արմինե Մացակյանը ՀԹԳՄ 2004թ. «Արտավազդ» մրցանակակիրներից է, ՀԹԳՄ ոսկե մեդալակիր, իր մոնոներկայացումների եւ թատերական արժանապատիվ գործունեության համար բազմաթիվ պատվոգրերի ու մրցանակների արժանացած դերասանուհի, ում վիճակված է բեմի լույսերը հոգու աչքերով վայելելու, բայց իր հանդիսատեսին թատերական արվեստի նվիրյալի իրական խաղ նվիրելու ճակատագրական բացառիկությունը՝ արվեստն ու կյանքը միմյանց հյուսած իրականությամբ, ուր ֆիզիկական դժվարությունների հաղթահարումը նոր խոսք է բերում:
– «Իմ դարի կեսը կամ՝ վերնագիրը վերջում» սա կեսդարյա մի կյանքի պատմություն ու ամփոփո՞ւմ է անցյալի ու ներկայի, թե՞ նոր կյանքի սկիզբ, որպես մարդ, արտիստուհի, կին, մայր, ընկեր, որպես Արմինե Մացակյան։
– Սովորաբար, ամփոփում են խաղը, արարքը, ավարտված սիրային հարաբերությունները, հազար ու մի բան։ Հիմա որոշեցի, որ եթե ամփոփեմ, ուրեմն ամենավերջում, իհարկե, եթե կարողանամ վերջից առաջ հստակ գլուխ, հիշողություն ու ժամանակ ունենալ։ Զավեշտ է. ես ինձ երեւակայեցի, որպես գրքի ու գրականության մարդ։ «Իմ դարի կեսը» ուղղակի իմ պատմությունն է մինչեւ այսօր։ Եթե ես որոշեի գիտակցաբար ամփոփել, այս գիրքը կլիներ ավելի ոչ ինքնաբուխ, ավելի ուրիշ։ Իսկ եթե ոչինչ չի ամփոփվել, ուրեմն նոր փուլի սկիզբ էլ չկա։ Շարունակությունը կլինի այն, ինչ նորին մեծություն ֆորտունան կբարեհաճի տալ՝ թատրոն, բեմ, թոռնիկներ, աշխարհաճանաչողության նոր հրճվանք ու գուցե էլի մի գիրք՝ իսկական ամփոփում սկզբից մինչեւ վերջ։
– Գիտեմ, որ անակնկալ է եղել գիրքդ, լինելով ինքնակենսագրական, բայց շատ հետաքրքիր ու առավել անկեղծ երեւի չգրվեր, ինչպես որ գրվել է, պատմիր, ինչպե՞ս եւ ինչո՞ւ այդպես գրվեց գիրքդ:
Կարդացեք նաև
– Տարեսկզբին, ամուսինս՝ Տիգրան Բագրատունին խաղ խաղաց բավականին համոզիչ ու, կեցցես, Տիգրան։ Ինձ ասաց, որ էլ. հասցեիս վրա, հայտնի լրագրող X- ից հարցազրույցի առաջարկություն է ստացվել, տասնյակ հարցերով, մանրամասն պատասխանների պահանջով, ակնկալվող անկեղծության խնդրանքով եւ հեղինակավոր հանդեսում տպագրվելու գրավիչ խոստումով։ Ի դեպ, հանդեսը լույս էր տեսնելու ոչ միայն Հայաստանում, այլեւ աշխարհի հայաշատ երկրներում։ Թող որեւէ մեկը փորձի այս ամենից չոգեւորվել, եւ ես անբարբառ մի մանուկ երկու ձեռքս պարզեցի եւ ոգեւորված համաձայնեցի։ Ճարպիկ խաղ մոռացվող եւ չբացահայտված դերասանուհու գլխին։ Լավ հնարավորություն բացվեց անկեղծ խոսելու, ցաված տեղերս փորփրելու, խոցերիս տակ նորացված մաշկս շոշափելու եւ կորուստներս ու հրճվանքս հաշվելու համար։ Գրվել է այսպես եւ այս պատճառով։ Պարոն X-ը եղավ իմ խոստովանահայրը, իմ վստահելի խարիսխը, որքան հնարամիտ ու շռայլորեն համբերատար եղար, Տիգրան։
– Ամեն վերնագրի տակ գրքումդ ասելիքդ բեմական խոսքիդ նման ընթերցող- հանդիսատեսիդ հասնում է նույն հաստատուն նոտայով, որով քեզ տեսել ենք բեմում, ուր ոչ միայն խաղում էիր ամեն ինչից վեր կանգնած, այլեւ աղոթում այդ մի քանի մետր հանդիսատեսից վեր գտնվող տարածքում քո պայքար-կռվի, քո հաղթանակ- հաշտության ներքին աղոթքը, որը միայն դու կարող ես զգալ ներսով ու դնել կերպարներիդ մեջ նրանից քամած իմաստնության հատիկը։ Եվ ի՞նչ գնով, Արմինե:
– Ոչ մայրս, ոչ տատս երբեք շյուղերով չեն գործել, եւ այն, ինչի մասին հիմա կասեմ, իմ երեւակայության արդյունքն է, նախատիպ չունի։ Իմ կյանքի պատկեր գործվածքի ամեն թելն իր վառ գույնն ունի։ Այս բազմազան գույներով գործած գուլպան, որի վրա տարբեր գույների թելերը իրար միանում եւ շարունակում են վառ արտահայտած, խոշոր քարկապերի միջոցով՝ այդ ես եմ։ Իմ խեղճ գուլպան ներսից շատ չցավեցնելու եւ մի քիչ հարմար լինելու համար բազմազան հանգույցները դրսում է թողել՝ երեւացող, ոչ գեղեցիկ։ Այս գուլպայով բեմ բարձրանալը պատշաճ ու հետաքրքիր չէ։ Ում են հարկավոր քո անհեթեթ հանգույցները, ուրեմն պետք է դրանք թաքցնել։ Ինչպե՞ս, ուղղակի պետք է շրջել այն՝ հանգույցներով դեպի ներս։ Դահլիճում նստած իմ սիրելի հանդիսատեսը դժվար նկատեր, թե որ հանգույցը մաշկիս որ մասն է քերում։ Բեմի մեկ մետր բարձրությունն այս հնազանդության ու այս հանդգնության, այս հաղթանակի անխառն հրճվանքի պատիվն ու շնորհն է տալիս ինձ։ Հետո, երբ մենակ եմ, շրջում եմ իմ գուլպա-շապիկը, ստացած ծափերից ու գուցե նաեւ ստացած ծաղիկներից թրջոց-բալասան եմ հորինում ու հեքիմություն անում ինքս ինձ վրա։ Արցունքները, իհարկե, բալասանից առաջ են, հիթշքերթի պատվավոր, առաջին տեղում։
– Գրքիդ մեսիջները խոհախրատական են ու լի սիրով կյանքի հանդեպ այնքան՝ որքան խարազանող կարող է լինել ազնիվ բարկությունդ, նեղացածությունդ կյանքից ու մարդկանց կամայականություններից, որոնք հաճախ կարող են կյանք ու առողջություն արժենալ մեկին, ով բնավ մեղավոր չէ, որ իրենք այդպիսին են, բախտախնդիրներ, եւ, անշուշտ, երախտագետ խոսքդ անուն առ անուն քո կյանքում ապրող լուսավոր ու կարեւոր մարդկանց։ Ազնիվ է խոսքդ ու արտիստի համարձակությամբ օժտված, ասես եւս մի դեր ես կերտել, «խաղալով» ինքդ քեզ, այդպե՞ս է: Ո՞րն է ամենակարեւոր ասելիքդ, ըստ քեզ, որքան էլ որ չես մտածել գիրք գրել, բայց, այնուամենայնիվ, այն գրվել է:
– Երախտագիտությունս ու չերախտագիտությունս (թող ներվի ինձ այս հիմար բառը, լեզվիս ծայրին ավելի թունդերն են՝ անհանդուրժողականություն, բարկություն, արհամարհանք) խիստ անհամաչափ են բաժանված։ Երախտապարտ եմ շատերին ու շատ բաների՝ իմ խոսող գրքերին, իմ երաժշտությանը, ընկերներին ու նրանց սիրուն, հասկանալուն եւ օգնելուն, ինձնից խլված գույները վերակենդանացնելու փորձին ու էլի շատ բաների համար։ Ասելիքս խոհական ուղղակի ստացվել է, որովհետեւ կարող եմ լինել նաեւ հանդուգն, զվարճալի, կոշտ, սառը, դատող ու պրակտիկ։ Իսկապես ուրախ եմ, որ խոսքս խոհախրատական երանգ է առել։ Իսկ խրատատու լինելու համար ինքս պետք է խրատ լսող ու ընդունող լինեմ։ Իմ անուշ խրատատուներ, ներեցեք, բայց ձեր տված անգին շատ խրատներ ականջիս հետեւում են մնացել։ Դրանից ձեր արժեքը չի տուժում, այլ իմը։ Երանի տատս կողքիս լիներ եւ խրատ ու խորհրդով ճանապարհս ուղղորդեր։ Կարծում եմ՝ մեծացել եմ։ Գլխավոր ասելիքս կձեւակերպեմ այսօրվա Արմինեի դիրքերից՝ ուզո՞ւմ ես երջանիկ լինել՝ եղիր, ցավոտ ընկե՞լ ես, բարձրացիր ու առաջ գնա, լույսը մարե՞լ է, առանց լույսի գնա առաջ, քարե՞ր են թափվում գլխիդ, վազիր որքան ոտքերումդ ուժ կա, հոգումդ թանձր տխրությո՞ւն է (զառանցանք), բարձր երգիր, կարծում ես գեղեցիկ չե՞ս, հարցրու քեզ սիրող մարդկանց։
– Գրքում կարմիր թելի նման անցնում է քո ճակատագրի մաս դարձած հիվանդության պատմությունը, սկզբից մինչեւ վերջ այն ուղեկցում է ընթերցողին, ով եթե ազնիվ է, չի կարող չկիսել տողերիդ մեջ արտահայտած ցավն ու չհիանալ այդ ամենն ապրող կնոջ մեծ թռիչքներով, ապրելու եւ մարդ-արվեստագետ կերպարի ազնիվ ու բարի տեսակով, նրա ձեռքբերումներով։ Ի՞նչ կասես նրանց, ովքեր մի ողջ կյանք պիտի ապրեն հաշմանդամությամբ եւ հասարակության մեջ իրենց տեղն ու դերը չկորցնելու համար քո խորհուրդը նրանց ո՞րն է:
– Սիրելի Արմինե, անընդհատ համոզվում եմ, իմ հանդեպ քո վերաբերմունքի՝ առատ բարության ու անկեղծ սիրո մեջ։ Ասված խոսք է, Աստված իր սիրելիներին ավելի շատ է չարչարում։ Ես դեռատի տարիքում եմ սկսել զգալ հիվանդ լինելու բեռը, բայց ավելի ուշ հասկացա, որ այդ բեռը չի կարելի դնել շրջանի կենտրոնում ու անվերջ պտտվել դրա շուրջ։ Հաշմանդամություն ունեցող հեռու- մոտիկ Աստծո սիրելիներ, հիվանդության բեռը մեզ չի կարող ճզմել։ Կամ՝ այդ բեռը մեզ կկործանի, կամ՝ մենք նրան կդարձնենք ձեռնասուն։
– Արմինե, ինչպես տարիներ առաջ քո բեմելը տեսնելով էի գրել. «Եվ խավարին նետվեց ժանյակե մի ձեռնոց», այսօր կարո՞ղ ենք ասել, որ հաջորդ ձեռնոցը դու նետեցիր, երբ օտարության մեջ եւս մի ճակատագրական, առողջական հարված էիր հաղթահարում, դարձյա՞լ նետեցիր այդ ձեռնոցդ, նորից խաղալով նոր դերեր, սա ի՞նչ ֆենոմեն է:
– Իմ ավազե ժամացույցը դեռ հոսում է։ Ժամացույցս ավելի է ճաքճքել, բայց ավազը համառորեն դեռ գտնում է իր ճանապարհը՝ հայրենիքում, թե օտարության մեջ։ Քանի դեռ ավազը գտնում է իր ճանապարհը իմ թատրոնում, իմ բեմի լույսերը վառ են։ «Խավարին նետված ժանյակե ձեռնոց»-ը մինչ օրս ինձ հասցեագրված լավագույն արտահայտություններից է։ Այս բառերից ինքս իմ աչքին դառնում եմ համարձակ, անընդհատ պայքարի ու թատրոնի մեջ։ Խավարը իմն է՝ իմ հեռու բարեկամն ու մոտիկ թշնամին, նետվելը՝ բեմում իմ համարձակության բարոմետրը, ժանյակե ձեռնոցը իմ երազների Արմինե անունով աղջիկը։ Արմինե ջան, հարցնում ես՝ ո՞րն է ֆենոմենը։ Ֆենոմենը քո այս ձեւակերպման թռիչքն է, ես ուզեմ-չուզեմ՝ պետք է թռչեմ նրա ետեւից («Ժանյակե ձեռնոցը» այլեւս իմ ծածկանունն է)։
– Վերադարձ հայրենիք, հարազատ Վանաձոր, ի՞նչ զգացողություններ էին, բացակայությունդ զգացնել տալի՞ս էր: Հայրենիքը ուժ տալու հատկություն ունի, բազմաթիվ վերքեր ստացած, տարատեսակ կորուստներ կրած հայրենիքում, տասնամյակների բացակայությունից հետո զգացի՞ր այդ ուժը, նոր մտքեր, ծրագրեր ծնվեցի՞ն:
– Մեկ տասնամյակից ավելի բացակա լինել եւ չունենալ կարոտի ու հանդիպման թրթիռի զգացմունքային խառը գամմա, իհարկե, անհնար է: Ամենուրեք հայերեն խոսք, Լոռվա բարբառ, ես «անամոթաբար» ականջ էի դնում պատահական անցորդների հայերեն խոսքին ու հրճվում։ Հեռվում ապրելը իմ մեջ ամբողջացրեց Հայաստանի հանդեպ վերաբերմունքի նյարդակծիկը։ Տիեզերքից նայող աչքերին է միայն նկատելի, որ երկիր մոլորակը իսկապես կլոր է եւ ինչքան փխրուն։ Դրսում ապրելու «առավելությունը» այն եղավ, որ Հայաստանի այսօրվա խոցերն ու վշտերը ավելի հստակ երեւացին։ Սա, իհարկե, կապ չունի հայրենիքի հանդեպ իմ սիրո էպիկական չափերի հետ։ Մի քանի գաղափարներ իսկապես ծնվեցին. ամռանը Վանաձորում կազմակերպել գրքի շնորհանդեսը, ներկայացում բեմադրել՝ անդրադառնալով ազգային զարթոնքի, հայկականության, մեր տեսակի պահպանման, հայ-մարդ-հայ կոնցեպտի շուրջ ամբողջանալու թեմաներին։ Առաջ Աստված։
– Քո դեղատոմսը մեզ բոլորիս ու հատկապես այս իրականության մեջ ապրող ստեղծագործ մարդկանց։
– «Ստեղծագործող մարդու համար միակ ելքը ստեղծագործելն է, չդադարել ստեղծագործել ոչ մի դեպքում». սրանք իմ խոսքերը չեն, լուսահոգի Վահե Սուրենիչ Շահվերդյանն էր, որ տարիներ առաջ, տեսակապով, զրույցի ժամանակ բառ առ բառ նույնն ասաց ինձ։ Քամու նման սլացող նժույգների երամակից անվնաս դուրս գալը, ծուլությունից կամ ցանկության բացակայության պատճառով անհնար է։ Բեմի խելառ քամու ու փոթորկի մեջ ապրելուց հետո դե եկ ու դուրս արի դեպի խաղաղ հանգրվան։ Իմ կարծիքով, արվեստի ցանկացած ոլորտում ստեղծագործող մարդը երբեք թոշակի չի անցնում, պետք է խաղալ, գրել, նկարել, քանդակել, արարել մինչեւ վերջ՝ մինչեւ քո երամակը կհասնի մայրամուտի կրակներին։
Հարցազրույցը՝ արվեստաբան
Արմինե ՄԵԼԻՔ-ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
07.03.2024