Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայը. ինքնանկար». հուշել ու հիշեցնել՝ ով է հայը

Մարտ 08,2024 12:00

Հարցազրույց արձակագիր, գրականագետ Կարինե Ռաֆայելյանի հետ

-Ի՞նչը Ձեզ ոգեշնչեց գրել այս գիրքը` հայ տեսակի եւ նրա գրական վերլուծության մասին:

-Ստիպեցին իմ, մեր տեսակն առավել խորությամբ ճանաչելու բնական ցանկությունը, մեր մեծերի խոսքը՝ Հայի մասին վերաապրեցնելու նպատակը, այդ խոսքին հանրությանն ականջալուր դարձնելու միտումը, մեր ինքնությանը տրված իմաստուն գնահատականները եւս մեկ անգամ հուշելու-հիշեցնելու անհրաժեշտությունը:

-Կարո՞ղ եք մի փոքր ներկայացնել գրքում ընդգրկված հիմնական թեմաները:

-Գրքում ընդգրկված է «Դերենիկ Դեմիրճյանի «Հայը» եւ այլ հայապատումներ» թեմայով իմ ընդարձակ գրականագիտական ուսումնասիրությունը, որը գրել եմ դեռեւս 2015 թվականին՝ Բեյրութի «Հայկազեան հայագիտական հանդէս» տարեգրքի համար: Այդ տարվա համարն ամբողջովին պիտի նվիրվեր հայությանը, հայկական թեմաներին, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի ոգեկոչմանը: Ես որոշեցի անդրադառնալ Դերենիկ Դեմիրճյանի «Հայը» խոհագրությանը, որն իր սեղմ ծավալի մեջ ընդգրկուն ասելիք է պարունակում մեր տեսակի, մեր ազգային, մարդկային նկարագրի մասին: Հոդվածը գրելու ընթացքում նյութը ծավալվեց, ընդարձակվեց, Դեմիրճյանի «Հայի» համապատկերում քննության առա այլ հայապատումներ, որոնց մեջ կային եւ այնպիսիք, որ անհայտ էին ոչ միայն լայն հանրությանը, այլեւ մասնագետներին եւ մասնավորապես՝ ինձ: Հավաքվեց շատ ծավալուն նյութ, որը դասակարգելը, դրանց մեջ ընտրություն կատարելն անչափ դժվար էր: Ես որոշեցի մի պայմանական վերջակետ դնել իմ պրպտումների վրա ու տեղավորել ասելիքս այն սահմաններում, որոնք արդեն հաղթահարված էին: Երբ գրվեց եւ հրապարակվեց հոդվածս Բեյրութի հանդեսում, ապա եւ դեմիրճյանագիտական հատորում, հասկացա, որ ոչ միայն գիտական ուսումնասիրության տեսքով պիտի արծարծվի այս նյութը, այլեւ պիտի համադրվի դրանում քննության առնված գործերի հետ եւ ներկայացվի առանձին ժողովածուով: Այսպես էլ ծնվեց «Հայը. ինքնանկարի» գաղափարը, որը, ի վերջո, իրագործվեց օրեր առաջ: Սա, թող անհամեստ չթվա, պետք է կարդան բոլոր այն հայերը, որոնք իրենց հայ ու հայկականության կրող են զգում, առավել եւս նրանք, որոնք ժամանակակից վտանգավոր հովերին տուրք տալով՝ մոռացել են, թե ովքեր են իրենք, ինչ գենի կրող են, ինչպես պիտի դիմակայեն սեփական դիմագիծը կորցնելու աղետին: Միայն ծննդյան վկայականով հայ կոչվելը դեռ ոչինչ չի նշանակում, ինչպես ցույց տվեցին մեր ապրած վերջին մի քանի տարին: Ես սա ասում եմ՝ ոչ թե գովազդելու համար իմ հրատարակած ժողովածուն կամ շեշտադրելու համար իմ արած գործի կարեւորությունը, այլ որովհետեւ խորին խոնարհումով ուզում եմ հավաստիացնել, որ այս ժողովածուն Հայի մասին երբեւէ ասված իմաստուն խոսքի խտանյութ է ամփոփում իրենում, որին հաղորդակից դառնալն առավել քան անհրաժեշտ է:

-Ի՞նչ հետազոտություններ եք արել այս գրքի համար:

-Ուսումնասիրել եմ մեր մասին գրված դարերի գիրը՝ Մովսես Խորենացուց մինչեւ արդի հայ եւ սփյուռքահայ գրականություն, դժվարությամբ առանձնացրել այն գործերը, որոնք, ըստ իս, առավել տիպական բնութագիրն են տալիս Հայի ու հայության:

-Որո՞նք են հիմնական բացահայտումները, որոնք արել եք հայի տեսակը եւ նրա գրական նշանակությունը ուսումնասիրելիս:

-Հիմնական բացահայտումն այն է, որ բոլոր ժամանակներում էլ մեր գլխին կախված է եղել բնաջնջվելու, մեր ինքնությունը կորցնելու վտանգը, որ այդ ուղղությամբ ջանացել են դրսի ու, որ ամենաամոթալին է, ներսի թշնամիները, բայց մենք հառնել ենք ու վերապրել՝ ի հեճուկս դա չցանկացողների: Գրքում տեղ գտած երկերի շատ հեղինակներ են շեշտադրել այս իրողությունը, եւ դա գոնե ինձ մխիթարում է ու հուսադրում, որ մենք մերօրյա ցնցումներն էլ կհաղթահարենք, թեեւ իրատեսորեն դատելու դեպքում ես չեմ կարողանում այդ հնարավորության հիմքերը շոշափել:

-Ինչպե՞ս եք տեսնում հայկական ինքնության արտացոլումը գրքում:

-Հայկական ինքնությունն արտահայտված է ամենաանաչառ, ամենադիպուկ, ամենաիմաստուն կերպով, համակարծությունների եւ հակասությունների լույսի ներքո: Իսկ «արտացոլումների» հեղինակներն այնպիսի խոշոր անհատականություններ են, որոնց խոսքին կասկածելու համար առնվազն պետք է տկարամիտ լինել:

-Կա՞ն դժվարություններ կամ խոչընդոտներ, որոնց հանդիպել եք գրելու ընթացքում: Եթե այո, ինչպե՞ս եք հաղթահարել դրանք:

-Ամենամեծ խոչընդոտը գիրքը հրատարակելու համար մեկենաս գտնելն էր, որն այդպես էլ չհաջողվեց տարիներ շարունակ այն դեպքում, երբ անհասկանալի, անիմաստ գրքերի համար գտնվում են շատ կարկառուն հովանավորներ: Ինձ թվում էր, որ այս ժողովածուի կարեւորությունը պետք չէ բացատրել մարդկանց, բայց պարզվեց, որ այդպես չէ: Եվ քանի որ ինձ անհանգստացնում է մեզ պատուհասած վերջին շրջանի գոյաբանական աղետը, մեր տեսակին սպառնացող վտանգը, ես որոշեցի ինքս իմ գրքի մեկենասը դառնալ եւ հրատարակել այն իմ համեստ միջոցներով: Սա իմ չնչին ներդրումն է ազգապահպանության հրամայականը հնչեցնելու համընդհանուր գործընթացին, որին լծվել է յուրաքանչյուր գիտակից հայ մարդ՝ անկախ տարիքից, մասնագիտությունից, ներանձնական նկրտանքներից, մասնավոր մեծ ու փոքր խնդիրներից: Եվ քանի որ իմ միջոցներով է հրատարակվել գիրքը, ամբողջ տպաքանակը տնօրինելու իրավունքն իմն է: Ես այն նվիրում եմ շատ բացառիկ դեպքերում, իսկ գնել ցանկացողները կարող են դիմել անձամբ ինձ կամ ձեռք բերել «Բուկինիստ» գրախանութի մասնաճյուղերում:

-Կարո՞ղ եք առանձնացնել հայ տեսակի նշանակությունը` մշակութային ինքնության եւ ժառանգության պահպանման համատեքստում:

-Ես չէ, որ պիտի առանձնացնեմ: «Հայը. ինքնանկարում» զետեղված հայապատումների հեղինակները դա արել են վաղուց, պարզապես պետք է կարդալ նրանց գիրն ու ստանալ ձեր հարցի պատասխանը:

-Ըստ Ձեզ, ընթերցողներին ի՞նչ կփոխանցի Ձեր գիրքը:

-Նախ, որպես հեղինակ, ես մասամբ եմ հանդես գալիս այս գրքում: Սա իմ հեղինակած գիրքը չէ, իմ հրատարակած գիրքն է: Իսկ այն, ինչ կփոխանցի ընթերցողին այս գիրքը, կարելի է հասկանալ՝ ընդամենը նայելով գրքի կազմին: Այն դեմքերը, որոնք տեղ են գտել կազմի վրա, ինքնին մի-մի տիեզերք են, որոնց մասին ոչ մի նոր բան պետք չէ ասել: Պետք է ուղղակի ընթերցել ու վերընթերցել այդ մեծերի գիրը:

-Կա՞ն կոնկրետ հեղինակներ կամ ստեղծագործություններ, որոնք հատկապես ազդեցիկ կամ ուշագրավ են գտնվել Ձեր վերլուծության մեջ:

-Իմ վերլուծության մեջ պարզապես չկան ոչ ազդեցիկ, ոչ ուշագրավ հեղինակներ եւ ստեղծագործություններ: Գոնե ինձ համար չկան:

-Ինչպե՞ս եք պատկերացնում հայ գրականության ապագան ու կապը հայ տեսակի հետ։

-Պատկերացնում եմ անկեղծ, տաղանդավոր, հայ դասական գրականության արմատից կառչած, բայց ինքնօրինակ ճյուղ-մազանոթներով ծլարձակող գրի տեսքով:

Զրուցեց Իզա ԱՍԾԱՏՐՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
07.03.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031