Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանը կփորձի՞ լրացնել անվտանգային բացը, որը բխում է հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակից

Մարտ 08,2024 14:00

Վերջին զարգացումները ցույց են տալիս, որ Իրան-Ադրբեջան հարաբերությունները կարծես թե բարելավվում են։

Մարտի 5-ին Ջեդդայում՝ Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների արտահերթ նիստի շրջանակներում Իրանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից հետո մի շարք կարեւոր հայտարարություններ հնչեցին, որոնք վկայում են Իրան-Ադրբեջան հարաբերությունների դրական դինամիկայի մասին։ Թերեւս կարեւոր են Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի մի քանի արձանագրումներ՝ Իրան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս համատեքստը հասկանալու համար։ Ըստ «Իրանն այսօր» տելեգրամ ալիքի՝ Աբդոլլահիանը հայտարարել է, որ Ադրբեջանը կարեւոր տեղ ունի Իրանի հարեւանության քաղաքականությունում։ Նա ընդգծել է, որ երկու ժողովուրդները, պատմականից զատ, ունեն նաեւ ազգակցական կապեր։ Ջեդդայում կայացած հանդիպումների ժամանակ Թեհրանն ու Բաքուն, ըստ որոշ տեղեկությունների, պայմանավորվել են ադրբեջանցի դիվանագետների մոտալուտ վերադարձի մասին. հատկապես ակտիվորեն տարածում են ադրբեջանական լրատվամիջոցները: Սա վկայում է Իրան-Ադրբեջան հարաբերությունների դրական դինամիկայի մասին։

Հիշեցնենք՝ Բաքվի եւ Թեհրանի հարաբերությունները հատկապես սրվել էին  2023-ի հունվարին Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա տեղի ունեցած զինված հարձակումից հետո, որի հետեւանքով զոհվել էր դիվանագիտական առաքելության անվտանգության աշխատակիցը եւ վիրավորվել էին նրա երկու գործընկերները։ Միջադեպից հետո Ադրբեջանի դեսպանատունը դադարեցրել էր դիվանագիտական գործունեությունը, իսկ նրա աշխատակիցներն ու նրանց ընտանիքները տարհանվել էին Ադրբեջան։ 2023-ի ապրիլի սկզբին Ադրբեջանը պերսոնա նոն գրատա էր հայտարարել Բաքվում Իրանի դեսպանատան չորս աշխատակցի։ Իրանական կողմը նույնպես պատասխան քայլի է դիմել՝ արտաքսելով 4 ադրբեջանցի դիվանագետի։

Թեեւ Իրան-Ադրբեջան հարաբերություններում միշտ էլ եղել են կնճռոտ հարցեր, մասնավորապես պայմանավորված Կասպից ծովի իրավական կարգավիճակի հետ կապված խնդիրները, Ադրբեջան-Իսրայել հարաբերությունները, Ադրբեջանում շիա հոգեւորականների ու առհասարակ՝ շիա բնակչության հանդեպ տարվող քաղաքականությունը, Իրան-Հայաստան հարաբերություններն ու Իրանի չեզոք դիրքորոշումը Ղարաբաղյան խնդրի վերաբերյալ, մրցակցությունը գազի եւ նավթի արտահանման շուկայում եւ այլն։ Սակայն վերջին հայտարարություններից հետո նկատելի է, որ երկու երկրները ցանկանում են բարելավել հարաբերությունները։ Ջեդդայում Իրանի ԱԳ նախարարը նաեւ հայտարարել էր. «Բարեբախտաբար, երկու երկրների հարաբերություններում նոր էջ է բացվել, ինչը հուսադրող է երկու ժողովուրդների համար։ Երկու երկրները փոխհամագործակցության շատ հնարավորություններ ունեն»։ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն էլ, կարեւորելով տարանցման եւ բեռնափոխադրումների ոլորտում երկկողմ համագործակցությունը, ընդգծել է, որ Ադրբեջանը պատրաստ է զարգացնել Հյուսիս-Հարավ միջանցքի շրջանակում համագործակցությունը։

Իրան-Հայաստան. փոխադարձ շահեր եւ հավակնություններ

Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացումը հստակ ուղերձ էր այն առումով, որ Սյունիքն Իրանի արտաքին քաղաքականության առանցքային ուղղություններից է։ Թեեւ ըստ որոշ տեղեկությունների՝ Սյունիքի հետ կապված այլ հավակնություններ էլ կան Իրանի կողմից՝ մասնավորապես Իրանի ռազմական ներկայության հարցը, բայց ընդհանուր առմամբ Սյունիքում Իրանի հյուպատոսական ներկայությունը դրական է գնահատվում։ Շուտով տեղի կունենա նաեւ ՀՀ հյուպատոսարանի բացումը Թավրիզում։ Հատկանշական է, որ այս առիթով պան-թյուրքական հոսանքները լայնածավալ բողոքի ալիք բարձրացրին ու դժգոհություն հայտնեցին։ Թավրիզն Իրանի տնտեսական խոշոր քաղաքներից է, եւ հյուպատոսարանը կարող է ավելի սահուն դարձնել տնտեսական կապը կողմերի միջեւ։ Վերջին շրջանում խոսակցություններ էին տարածվում Հայաստանի ու Իրանի միջեւ անվտանգային պայմանագրի կնքման հավանականության մասին, սակայն այս առիթով որոշ պարզաբանումներ էր ներկայացրել Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին։ Նա մասնավորապես հայտարարել էր. «Ես նման պայմանագրի կնքման մասին տեղեկություն չունեմ։ Իրանի ու Հայաստանի հարաբերությունները կառուցողական են եւ հիմնված փոխադարձ շահերի վրա՝ տարածաշրջանի անվտանգության ու կայունության ամրապնդման շրջանակներում»։

Նանսեր Քանանին եւս մեկ անգամ վերահաստատել է Իրանի դիրքորոշումն, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ի մասին ու նշել. «Այս հարցում մեր դիրքորոշումը բազմիցս արտահայտել ենք։ Այդ դիրքորոշումը չի փոխվել եւ չի փոխվելու։ Իրանի համար անընդունելի է ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն, որը կհանգեցնի տարածաշրջանի միջազգային սահմանների փոփոխության»։

Փետրվարի 14-15-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ ԻԻՀ նախագահի տեղակալ, Ծրագրավորման եւ բյուջետային կազմակերպության ղեկավար Դավուդ Մանզուրի համանախագահությամբ Թեհրանում կայացել էր Հայաստանի եւ Իրանի միջկառավարական համատեղ հանձնաժողովի 18-րդ նիստը: Ըստ ՀՀ կառավարության պաշտոնական հաղորդագրության՝ «երկուստեք ընդգծվել է Հայաստանի եւ Իրանի միջեւ քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը եւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար առկա մեծ ներուժը: Ընդգծվել է նախորդ՝ 2023 թվականին «Գազ-էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի երկարաձգման վերաբերյալ պայմանագրի ստորագրումը եւ Ագարակ-Քաջարան 32 կմ ճանապարհահատվածի շինարարության աշխատանքներում իրանական ընկերությունների ներգրավվածությունը: Փոխվարչապետ Գրիգորյանը հույս է հայտնել, որ ընթացիկ տարում ավարտին կհասցվեն Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարական աշխատանքները»։

Ստացվում է, որր առնվազն երկու հարցում՝ այսպես կոչված միջանցքի հետ կապված եւ գազի մատակարարման հարցով ՀՀ-ի եւ Իրանի շահերը համընկնում են։

Անվտանգային հարցերում միանշանակ է այն, որ հայ-ռուսական հարաբերությունների ֆոնին, որոնք օրեցօր ավելի մեծ խոչընդոտների եւ խնդիրների են բախվում, Իրանը կփորձի լրացնել այն անվտանգության բացը, որն առաջացել է հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս խնդիրներով պայմանավորված։

Իրանը Հայաստանին թերեւս դիտարկում է նաեւ Հարավային Կովկասում իր դիրքերն ու  իր ներկայությունն ապահովելու լավ հարթակ։ Այլ հարց է, թե սա որքանով է տեղավորվում հատկապես  ՀՀ-Արեւմուտք հարաբերությունների համատեքստում։ Սակայն փաստ է նաեւ այն, որ Թուրիքայից ու Ադրբեջանից եկող անվտանգային վտանգները Իրանի եւ Հայաստանի համար հիմնականում նույնն են։

Իրանը բազմիցս ամենաբարձր մակարդակով հայտարարել է, թե որքան է կարեւոր Հայաստան-Իրան սահմանը Իրանի համար։ Նկատենք նաեւ, որ Իրանի կողմից միշտ հնչել են ակնարկներ, որ այս ուղղությամբ նաեւ Հայաստանի իշխանությունները պետք է քայլեր ձեռնարկեն, որ Իրանը հնարավորություն ունենա ավելի վստահ քայլերի դիմել։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.03.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031