«Չեմ հասկանում իրենց վիճարկման առարկա հանդիսացող փաստարկները, որովհետեւ ասել եմ այն, ինչ գիտեն բոլորը: Վստահ եմ՝ ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը, երեւի նույնիսկ վերջին երկու տարում ՀՀ-ում գտնվող ՌԴ քաղաքացիները: Նորություն չեմ ասել, որ Գռզոն՝ նույն ինքը Խաչատուր Սուքիասյանը հանդիսանում է ամենահին օլիգարխներից մեկը»,- այսօր «Խաչատուր Սուքիասյանն ընդդեմ Վազգեն Սաղաթելյանի» գործով դատական նիստից հետո ասաց հանրային գործիչ Վազգեն Սաղաթելյանը:
Անդրադառնալով «օլիգարխ» բառից Սուքիասյանի վիրավորվելուն, Սաղաթելյանը շարունակեց. «Ինքը վիրավորվում է այդ բառից, առհասարակ, նուրբ հոգի ունի Խաչատուր Սուքիասյանը, որովհետեւ վիրավորվում է նաեւ նրանից, որ հովանավորում է Նիկոլ Փաշինյանին: Գուցե չարի՞ք է տեսնում Նիկոլ Փաշինյանի մեջ, դրա համար ուզում է ցույց տալ, որ կապ չունի դրա հետ: Ամեն դեպքում, չեմ տեսել հրապարակային իր խոստովանությունը, որ սա չարիք էր 2018-ին մեր գլխին բերեցին ու ինքը՝ բարի համբավ ունենալով, չէր կարող հովանավորել Փաշինյանին, գուցե դրանի՞ց է վիրավորվում: Սուքիասյանն այն քաղաքական գործիչն ու օլիգարխն է, որը պարբերաբար շատ տարբեր հայտարարություններ է անում սեփական որակումներից ելնելով, բայց շատ անհանդուրժող է, երբ իրեն են որակում ինչ-որ բան: Եթե մարդ 5655 դոլարով սեփականաշնորհում է գույք, որի կադաստրային արժեքը միայն 2 միլիոն դոլար է, ու համոզում է հանրությանը, որ իրեն խնդրել, համոզել են, որ գնի ու պատկերացնում է՝ դեբիլներ են իրեն նայողները ու հավատում են դրան, ես էլ իրեն եմ համոզում՝ հարգելի Գռզո, ծախիր այդ գույքը ինձ 5655 դոլարով…»:
Սաղաթելյանը համոզված է՝ Խաչատուր Սուքիասյանն ինչ-որ բաներից չի վիրավորվել, խնդիրն այլ է. «Ինձանից պահանջում է ընդհանուր 9 միլիոն դրամ, ինքը հասկանում է, որ ես իր պես օլիգարխ չեմ ու չունեմ այդ գումարը: Փորձում է ինձ լռեցնել ֆինանսական անհարմարություն ստեղծելով, որ հաջորդ անգամ իր մասին ինչ-որ բան ասելիս հասկանաս, որ վճարելու ես մեծ գումարներ, ինչը չունես»:
Հիշեցնենք, որ գործարար, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հայց է ներկայացրել ընդդեմ հանրային գործիչ Սաղաթելյանի, իր պատվին ու արժանապատվությանը հասցված վնասի, վիրավորանքի փոխհատուցման և հրապարակային ներողության պահանջով:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ