Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեռեւս 2020 թվականից ասել ենք, որ այդ չափորոշչի հիման վրա ստեղծված դասագրքերը խնդիր են դառնալու». Հայր Զաքարիա

Մարտ 07,2024 21:55

«Երիտասարդները ոչ միայն մեր երկրի, եկեղեցու, ազգի ապագան են, այլեւ ներկան, հետեւաբար, թե ինչ արժեքային համակարգով դուք կդաստիարակվեք, եւ ինչ արժեքային համակարգ առաջ կտանեք, այդպիսի երկիր էլ կունենանք»,- ՀՅԴ «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնում կազմակերպված «Հայ երիտասարդությունը՝ խորացող մարտահրավերներին ընդառաջ» թեմայով քննարկման ժամանակ նշեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հայր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։

Ի թիվս այլնի, Հայր Սուրբը խոսեց եկեղեցու, մասնավորապես որոշ հարցերի վերաբերյալ Մայր աթոռի դիրքորոշումների մասին, որոնք քննարկվում են մասնագետների հետ, Մայր Աթոռի կրթական հանձնախմբում, հայտարարություններ են արվում:

«2021թ փետրվարի 4-ին ՀՀ կառավարությունը հաստատեց Հանրակրթության պետական չափորոշիչը, եւ ստեղծվեցին դասագրքեր այդ չափորոշչի հիման վրա, գրվեցին ձեռնարկներ, ու այս չափորոշիչը սահմանեց մարդակերտման իր տեսլականը: Ներկայիս քաղաքականությունը հետեւյալն է՝ ինչպիսի մարդ ենք ուզում պատրաստել. տվյալ մարդը պետք է տեղյակ լինի բնագիտական առարկաներին, երկու լեզու իմանա, շատ լավ իմանա տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաները: Իսկապես այս ամենը շատ կարեւոր է, բայց որեւէ խոսք չկա մարդու մեջ ինքնության ամրապնդման ու զորացման մասին:

Իհարկե, ֆիզիկան եւ մաթեմատիկան կարեւոր են մեր մտածողության, աշխարհայացքի համար, սակայն, մեր ինքնությունը ձեւավորում եւ ամրապնդում ենք հատկապես հայագիտական առարկաների ուսուցման միջոցով: Մեր վարդապետներից Եղիշեն՝ Ավարայրի մասնակիցը, ասում էր, որ բոլոր չարիքները մարդու մեջ մտնում են տգիտությունից: Աստվածաշնչի Առակաց գրքում էլ ասվում է, որ Տիրոջ երկյուղը իմաստության սկիզբն է, հետեւաբար մեզ համար կրթությունն առաջին հերթին լուսավորություն է: Մենք կրթությանը մոտենում ենք ոչ թե որպես գիտելիքների մի ամբողջություն, այլ նաեւ արժեհամակարգ, ուստի շատ կարեւոր է այդ այդ արժեհամակարգի կրող մարդու գործունեությունը»,-ընդգծեց Հայր Զաքարիան:

Այնուհետեւ հավելեց. «Երբ այս նախագիծը դեռեւս քննարկման փուլում էր, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մի քանի անգամ ժողովներ եղան մասնագետների հետ, եւ Մայր Աթոռն իր պաշտոնական կարծիքը հայտնեց: Մենք 2 բանի վրա ենք շեշտադրություն կատարել. առաջին՝ նշում էինք, որ այն մարդակերտման տեսլականը, որ առաջադրվում է, ամենեւին կապ չունի մեր ներկայիս եւ ապագա մարտահրավերների հետ: Մայր Աթոռը նաեւ ասում էր, որ պետք է այս նախագիծը հիմնովին վերատեսության ենթարկել, քննարկել համապատասխան մասնագիտական կառույցների հետ, հաշվի առնել Սփյուռքի մեր հայրենակիցների կարծիքը եւ ստեղծել մի չափորոշիչ, որով իսկապես պիտի կրթվի, դաստիարակվի մի հայ, որը պիտի ամբողջովին կապված լինի մեր հողին ու ջրին: Երկրորդ շեշտադրությունը կապված էր Հայոց եկեղեցու պատմություն առարկայի հետ:

Գիտեք, որ 2005 թվականից ներմուծվեց Հայոց եկեղեցու պատմություն առարկան: Երբ մենք ասում ենք Հայոց եկեղեցու պատմություն, դա մեզ համար միայն պատմական դեպքերը եւ կաթողիկոսների տարեթվերը չեն: Հայոց եկեղեցու պատմության մեջ մտնում է մեր դավանանքը, տոնակածիսական համակարգը, ավանդությունները, բարոյական համակարգը, արժեքները: Այսինքն, այս ամբողջը կազմում էր Հայոց եկեղեցու պատմությունը, որը մեր նորանկախ պետության ամենակարեւոր ձեռքբերումներից էր: Ընդ որում, այս առարկան մյուսներից տարբերվում էր նրանով, որ ոչ միայն աշակերտներն էին սովորում, այլեւ նրանց ծնողները, որոնք ծնվել էին խորհրդային տարիներին»:

Իբրեւ Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն՝ Հայր Զաքարյան մի քանի բան փաստեց. «Այն երիտասարդները, որոնք անցել են այս առարկան, հրաշալի գիտեն խորհուրդները, գիտեն՝ ինչ է եկեղեցին եւ այլն: Երբ իրենք այցելում են Մայր Աթոռ, տեսնում ես, որ գիտելիքների պաշար ունեն: Մենք սրանով նաեւ զարկ ենք տալիս գիտակից քրիստոնյաների պատրաստությանը: Այսօրվա երիտասարդը ոչ միայն գիտի իր եկեղեցին, այլեւ լավ իմաստով մարտահրավեր է եկեղեցու համար, որովհետեւ կարողանում է տարբերակել լավն ու վատը, ենթադրություններ եւ եզրակացություն անել»:

Հայր Սուրբի խոսքով, որ դասարաններում մտնում է կրթության նոր չափորոշիչը, այդ դասարաններից դուրս է գալիս Հայոց եկեղեցու պատմություն առարկան. «Վերջին 3 տարվա կտրվածքով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին է այցելել մեր կենտրոնի միջոցով 4000 հազարից ավելի աշակերտ: Սարկավագներն իրենց դիմավորում են, պտտեցնում են ամբողջ Մայր Աթոռով, եթե ես այնտեղ եմ, անպայման հանդիպում եմ: Ասում եմ՝ պիտի նայեք, տեսնեք մեր սրբությունները, գանձերը, այս հոգեմտավոր ժառանգությունը, որ դուք տեսնում եք, անձնապես ինչպե՞ս եք զգում, այս ժառանգությունը ստեղծած մարդկանց հետեւորդնե՞րն եք, կապ ունե՞ք իրենց հետ: Հավատացնում եմ ձեզ, որ 99 տոկոսը այդ կապը վերահաստատում է…

Այս տարի առարկան դուրս է եկել երկու դասարաններից, եւ մենք արդեն ունենք խնդիր: Մայր Աթոռի կոշտ եւ կարծր դիրքորոշումը պայմանավորված չէ զուտ նրանով, որ առարկան դուրս էին հանում… Մենք տեսնում էինք, որ այս առարկան իսկապես ձեւավորում է մարդու քրիստոնեական ինքնությունը, անմիջականորեն իրեն հաղորդ է դարձնում մեր արժեքներին: Ցավոք, մեր իշխանությունները ինչպես բոլոր հարցերում, այնպես էլ այս հարցում որեւէ քննարկում չեն ունեցել եկեղեցու հետ, որոշումը կայացվել է առանց մեզ հետ խորհրդակցելու, այնինչ Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին օրենքով այս առարկան ամրագրված է»:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրենը նաեւ հիշեցրեց, որ դեռեւս 2020 թվականից բարձրաձայնել են իրենց մտավախության մասին, ասել, որ այդ չափորոշչի հիման վրա ստեղծված դասագրքերը խնդիր են դառնալու, ու նրա ձեւակերպմամբ, իրենց կանխատեսումներն իրականացել են:

Հայր Զաքարիան անդրադարձավ նաեւ 7-րդ դասարանի Հայոց պատմության՝ աղմուկ հանած դասագրքին, ասաց, որ ամեն դասի մեջ հետընթաց ենք ապրում մեր պատմությունից, դասագիրքն էլ ստեղծվել է մեկ մասնագետի կողմից, որը ոչ թե Հայոց պատմության, այլ Համաշխարհային պատմության մասնագետ է, նրա կինն է դասագրքի խմբագիրը, բոլոր մասնագիտական կառույցներն բացասական եզրակացություն են հայտնել դասագրքի վերաբերյալ, սակայն հեղինակը դրանք չի ոչ մի կերպ ընդունում:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031