Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հայաստանն այս միջավայրում կարծես թե օտարածին տարրի կարգավիճակի է գնում»․ Տիգրան Գրիգորյան

Մարտ 07,2024 21:33

«ՀՀ-ն այս միջավայրում կարծես թե օտարածին տարրի կարգավիճակի է գնում։ Եթե նայենք մեր հարևաններին, ապա մեր բոլոր հարևանները՝ բացառությամբ Վրաստանը, փորձում են ինչ-որ տարածաշրջանային համագործակցության խնդիրների, տարածաշրջանային լուծման ձևաչափի ստեղծման ճանապարհով գնալ։ ՀՀ-ն այս փուլում մի կողմից կարևորում է հարաբերությունների կարգավորումը հարևանների հետ, մյուս կողմից էլ ակտիվացնում է հենց արևմտյան ուղղությունների այլընտրանքների փնտրտուքը»,- «Մեդիա կենտրոնի» «Հենման կետ» հաղորդման շրջանակում տեղի ունեցած «Հայաստանի անվտանգային քաղաքականություն. ի՞նչ խմբագրումների անհրաժեշտություն կա» թեմայով քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ, քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։

Ըստ նրա՝ այժմ ականատես ենք այն կառույցների, ինստիտուտների փլուզման գործընթացին, որոնք գոյություն են ունեցել առնվազն 1991-ից սկսված․ «Աշխարհակարգ կոչվածը, որը խաղի կանոններ էր ապահովում տարբեր տարածաշրջաններում, այժմ ձևափոխվում է, և ավտորիտար տարբեր տերություններ՝ ինչպիսիք են ՌԴ-ն, Չինաստանը, տարածաշրջանային տերությունները՝ ի դեմս Թուրքիայի, Իրանի, և այլ տարածաշրջաններում կան նաև նմանատիպ ուժեր, փորձում են ստեղծել նոր ինստիտուտներ, որոնք կկարգավորեն ավելի շատ տարածաշրջանային գործընթացներ։  Մեր տարածաշրջանում այդ գործընթացներն ակտիվ ընթանում են։ Այստեղ կա միտում՝ նվազագույնի հասցնել արևմտյան ներգրավվածությունը, ազդեցությունը։ ՀՀ-ն այս միջավայրում կարծես թե օտարածին տարրի կարգավիճակի է գնում»։

Տիգրան Գրիգորյանի փաստմամբ՝ մեկ այլ կարևոր գործոն է այն հանգամանքը, որ ՀՀ-ի ռազմական կարողությունները զգալիորեն նվազել են 2020-ի պատերազմում պարտությունից հետո․ «Այս նոր խաղի կանոնների պայմաններում, երբ մեծանում է ուժի կիրառման կարևորությունը, նվազում է միջազգային նորմերի, իրավունքների, միջազգային հանրության դերը։ Սա գործոն է, որը գրգռում է ՀՀ-ի հակառակորդներին ավելի ագրեսիվ քաղաքականություն վարել ՀՀ-ի նկատմամբ։ Եթե համադրում ենք այս երկու միտումները՝ միջազգային հանրության դերի նվազումը մեր և այլ տարածաշրջաններում, ուժի կիրառության սկզբունքի լեգիտիմացումը և կարողությունների նվազումը, ունենում ենք այն պատկերը, որն ունենք․ պերմանենտ ճգնաժամ և պերմանենտ վտանգ, որը, ցավոք, այս փուլում էքզիստենցիալ վտանգ է»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031