ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը «Հայելի» ակումբում խոսեց Հայաստանի գործող իշխանության վարած բացահայտ հակառուսական քաղաքականության հետեւանքով մեր երկրի համար ստեղծվելիք նոր վտանգների մասին:
«Եթե հիշում եք, նոյեմբերի 9-ից հետո Ռուսաստանը երկիմաստ վերաբերմունք ցույց տվեց Նիկոլ Փաշինյանի նկատմամբ: Նախ նշեց, որ 2-3 անգամ ուզեցել են պատերազմը կանգնեցնել հայերի համար շահավետ պայմաններով, բայց Փաշինյանը չի համաձայնել: Նաեւ եղավ արտահայտություն, որ տղամարդկություն էր պետք նոյեմբերի 9-ը ստորագրելու համար:
Ռուսական կողմի աջակցությունը Նիկոլ Փաշինյանին շարունակվեց մինչեւ 2021 թվականի հունիսի ընտրությունները, երբ ռուսական կողմը աներկբայորեն հայտարարում էր, որ Նիկոլը դավաճան չէ: Հետո եկավ 2022 թիվը ու հոկտեմբերին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ճանաչում է Արցախը Ադրբեջանի կազմում: Այստեղ, ինչպես ասում են, ռուսների համբերության բաժակը լցվեց, որովհետեւ ստացվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են, որ տեղակայվեն խաղաղապահ ուժեր, իրենք ծախսել են մոտ $ 5 միլիարդ ու հիմա նրան ֆուկ ենք անում: Ռուսական քննադատության սուր ծայրը ուղղված է Հայաստանին, չնայած լավ հասկանում էին, որ դա եղել է Ադրբեջանի ճնշման տակ: Սակայն 2022-ի սեպտեմբերին, երբ Ադրբեջանը հարձակվել էր ու մենք չէինք կարողանում պաշտպանվել, ռուսներն, այնուամենայնիվ, եկան ու կանգնեցին հայկական զորքի թիկունքին՝ թույլ չտալով նաեւ տարածքային ավելի շատ կորուստներ: Իսկ երբ Արցախը Ադրբեջանի տարածք ճանաչվելուց հետո Ադրբեջանը փակեց Լաչինի միջանցքը, Ռուսաստանը ձեռքերը լվաց՝ ասելով, դե գնացեք իրար ինչքան ուզում եք կերեք»,-ասաց նա:
Հարցին, թե Ռուսաստանը Նիկոլ Փաշինյանին չէր ճանաչո՞ւմ, կամ մտածում էր, թե ինչ-որ լծակներ ունի՞, Բագրատյանը պատասխանեց. «Չէին ճանաչում: Ընդհանրապես, մեծ կայսրությունները, Ռուսաստան, թե Ամերիկա, հեռանկարային ժամկետի պլաններ չեն կազմում: Նրանք նման պլաններ կազմում են միայն գիտության եւ տեխնիկայի բնագավառում: Ռուսները երկար-բարակ չմտածեցին, թե ինչն է ճիշտ Հայաստանում: Նրանց սխալը Նիկոլ Փաշինյանին պաշտպանելն էր 2021 թվի ընտրություններում»,-ասաց նախկին վարչապետը:
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանի՝ վերջին շրջանում Ռուսաստանի դեմ ճակատային հայտարարությունները Հրանտ Բագրատյանի դիտարկմամբ հետեւանք են Արևմուտքի ճնշման: «Իրենք հասել են ինչ-որ ռուբիկոնի: Արեւմուտքն ասում է՝ քաղաքական եւ տնտեսական հետագա համագործակցության համար պետք է ցույց տաք, որ դուք տարանջատված եք Ռուսաստանից, այսինքն, Ռուսաստանին տշում եք ձեր երկրից: Կարելի է ասել, որ Ռուսաստանը դա հասկացավ վերջին օրերին, երբ չվերադարձման կետը հատվեց: Հայաստանն այլեւս չի կարող վերադառնալ հայ-ռուսական նախկին հարաբերություններ»,-ասաց բանախոսը:
Պարոն Բագրատյանի համոզմամբ` հիմա էլ Արեւմուտքն է քցելու Նիկոլ Փաշինյանին: «Արեւմուտքը երբեք չի ասում չեղյալ համարեք նոյեմբերի 9-ի հայտարարությունը: Եվ այս առումով Արեւմուտքը Ադրբեջանի հետ է: Ասում է՝ այո, այդտեղ պիտի միջանցք լինի, բայց ռուսները չվերահսկեն: Եվ այդ միջանցքը կփակի Իրանի ճանապարհը դեպի հյուսիս, դեպի Ռուսաստան:
Երեկ Միշուստինը Բաքվում էր ու Բաքուն հայտարարում է, որ վերջապես հյուսիս-հարավ միջանցք եղավ, իբր, Հայաստանում չգիտեն, հասկացնելով որ այլեւս Ռուսաստան-Իրան միջանցքը Հայաստանով չի անցնելու: Դա նշանակում է, որ մենք 30 մլն. տոննա բեռները երկու ուղղություններով ձեռքից բաց ենք թողնում: Ադրբեջանը, որը համարվում էր Իրանին թշնամական պետություն, այս փուլում նրա հետ քսմսվելով կվարի բարեկամական հարաբերություն: Եվ այս դեպքում Սյունիքի զավթումը Թուրքիայի կողմից ավելի քան իրատեսական է դառնում: Այս առումով Հայաստանը որեւէ դաշնակից չունի: Ինքը Ռուսաստանի հետ չվերադարձման կետն անցել է ու էլ չի կարող Ռուսաստանին ասել, դե արի օգնի»,- նախազգուշացրեց Հրանտ Բագրատյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Ուզում ես ասես նիկոլն էնքան դուխով տղայա, որ առանց ռուսների հանձնարության ինքնուրույն խաղեր է տալիս?։ Եթե նիկոլը ռուսների ասածով չգնա, ընդամենը մի ամսով Լարսը կփակեն և դրանից հետո հայերը Պուտինին կխնդրեն, որ նա մեր մոտ նոր “наместник” նշանակի ու էս անգամ նա մորուքավոր չլինի, իսկ կեպիի վրա էլ գրված լինի “անդուխ”։