Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռեկտորը կայացնում է որոշումներ իր ցանկությամբ ու տրամաբանությամբ». Արմենուհի Կյուրեղյան

Մարտ 07,2024 20:50

ՀՅԴ «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնում կազմակերպված «Հայ երիտասարդությունը՝ խորացող մարտահրավերներին ընդառաջ» թեմայով կլոր քննարկման խոսնակներից մեկը ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն էր: Նա անդրադարձավ կրթության ոլորտում ծառացած մարտահրավերներին, ի թիվս այլնի, օրինակ, բուհերի պրոֆեսորադասախոսական կազմին. «Պրոֆեսորադասախոսական կազմում նկատում ենք ակնհայտ ծերացում: Այսօրվա վարած քաղաքականության արդյունքում երիտասարդները գրեթե չեն ձգտում մտնել բուհական համակարգ, որովհետեւ այդ համակարգն իրենց համար հետաքրքրիր չէ նախ եւ առաջ ֆինանսական առումով:

Բուհական համակարգում պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձը մեղմ ասած ծիծաղելի է: Երեւանում միջինում պրոֆեսորի աշխատավարձը 180 հազար դրամ է, իսկ Գյումրիում, Վանաձորում՝ 150 հազար դրամի կարգի, դոցենտինը՝ 130-140 հազարի կարգի, դրա համար էլ երիտասարդը չի ուզում այդ ոլորտ մտնել: Արդյունքում՝ ստացվում է, որ վաղը-մյուս օրը չենք ունենալու այն պրոֆեսորադասախոսական կազմը, որը կապահովի արժանապատիվ եւ որակյալ կրթություն մեր բուհերում: Այս կառավարության առջեւ պետք է նման հարցադրումներ դնել: Աշխատավարձի բարձրացումը շատ կարեւոր է: Նաեւ բուհերը երիտասարդին հետաքրքիր չեն, որովհետեւ մեր բուհերն ավելի շատ ակադեմիական բնույթի են, հետազոտական մասը մի քիչ պակասում է»:

Արմենուհի Կյուրեղյանը խոսեց նաեւ բուհական համակարգում կառավարման խնդիրներից: Դիմելով քննարկմանը ներկա երիտասարդներին՝ պատգամավորն ասաց. «Բուհերում կառավարման համակարգն առաջին հերթին հոգաբարձուների խորհուրդն է, հետո՝ գիտխորհուրդը, ֆակուլտետների խորհուրդները: Այդ խորհուրդների կազմում առնվազն մեկ քառորդը ուսանողներ են, եւ դուք պետք է օգտագործեք այն լայն հնարավորությունը՝ խորհուրդների որոշումների վրա ազդելու, թույլ չտալու, որ ռեկտորը, դեկանը կամ լիազոր մարմինը որեւէ կերպ որոշում թելադրեն գիտխորհրդին…Գիտխորհուրդը ոնց որ քաղաքապետարանում՝ ավագանին, երկրում՝ Ազգային ժողովը, իսկ ռեկտորն ընդամենը որոշում կատարող է: Ցավոք սրտի, այսօր այն վիճակն է, որ այդ խորհուրդներն իրենց տեղում չեն, հետեւաբար ռեկտորը կայացնում է որոշումներ իր ցանկությամբ ու տրամաբանությամբ: Հասել ենք նրան, որ ռեկտորները նույնիսկ ընտրություններ չեն կազմակերպում բուհերում՝ դասախոսական կազմը համալրելու համար, իրենք են որոշում ում հետ կնքել կամ չկնքել պայմանագիր»:

Պատգամավորն անդրադարձավ նաեւ բուհերի հնարավոր միավորմանը, որոնց վերաբերյալ քննարկումներն ավելի համառ են դարձել. «Երբ ներկայացնում են ուղղությունները, թե ինչի շուրջ պետք կատարվեն միավորումները, եւ այն բուհերը, որոնք այդ ուղղություններում կմիավորվեն, հետաքրքիրն այն է, որ այդ ցանկերում մարզային ոչ մի բուհ չկա…Ստացվում է, որ բուհական համակարգը անհասանելի է դառնալու մարզերի լավագույն սովորողների համար»:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031