Գերմանացի քաղաքագետ Վլադիմիր Սերգիենկոն, Alpha News-ով մեկնաբանելով Եվրամիության այն խոստումը, որ պատրաստ է՝ «արձագանքել» Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության խախտման դեպքում, կարծիք էր հայտնել, թե Եվրամիության վրա հույս դնելը հայ ժողովրդին խաբելն է։
Քաղաքագետն ասել էր, թե չի հիշում մի իրավիճակ, երբ Եվրամիությունն ուղարկի սահմանափակ զորքեր, գիտի միայն, որ Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանում, երբ իրեն ինչ-որ բան դուր չի գալիս։ Իսկ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներով սահմանելով՝ ԵՄ-ն Հայաստանին հաստատ չի օգնի։
Aravot.am-ը Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսից կարծիք հարցրեց գերմանացի քաղաքագետի այս մեկնաբանության շուրջ։
«Մենք շատ լավ ծանոթ ենք հայ ժողովրդի մտավախություններին, անվտանգային հարցերին՝ պաշտպանության առումով։ Շատ կարևոր է այս կարևոր համագործակցության ոլորտը Եվրամիության և Հայաստանի միջև։
Կարդացեք նաև
Ինչպես գիտեք, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի հայկական կողմում շատ կարևոր է, էապես նշանակալի է դիտորդական առաքելությունը, որի ներկայությունն արդեն օգնել է նվազեցնելու միջադեպերը և ապահովության զգացողությունը բարձրացնել։
Եվ միևնույն ժամանակ մենք համագործակցում ենք եվրոպական հաստատությունների, Պաշտպանության նախարարության, Հայաստանի կառավարության հետ՝ ծրագրեր իրականացնելու, որպեսզի Հայաստանը դառնա Եվրոպական խաղաղության գործիքակազմի մաս, դա լինելու է աջակցությունը Հայաստանին, որը թույլ է տալու Հայաստանին պաշտպանական կարողությունները զարգացնել։
Սա մի ուղի է, որ մենք արդեն վաղուց ենք սկսել, մենք շարունակում ենք այդ ուղղությամբ ավելի ամրապնդել համագործակցությունը, որը նպատակ ունի աջակցելու Հայաստանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության պահպանմանը, և դա միակը չէ, մենք նաև աջակցում ենք՝ բարեփոխումներ իրականացնելու ոստիկանության, տնտեսության ոլորտում, և նաև մեր նվիրվածությունն է մեր այս տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։
Մենք չենք ցանկանում այստեղ որևէ կոնֆլիկտ, կարծում ենք, որ Հայաստանն այս զարգացման հետ համակարծիք է»,- ասաց Եվրամիության դեսպանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ