«Ինչի եմ ուզում գնամ: Ես գրեթե ամեն օր հանդիպումներ եմ ունենում էթնիկ զտման ենթարկված մեր արցախցիների հետ: Խնդիրները բազմաթիվ են, բոլորս տեղյակ ենք ինչպիսի ծանր կացության մեջ են հայտնվել իրենք ու նաեւ մենք բոլորս: Մենք մեծ աջակցության կարիք ունենք միջազգային հանրության կողմից, տարբեր երկրերի կողմից, պետք է լինեն իրենց հետ վերադարձի իրավունքները, գույքայի իրավունքները եւ շատ ուրիշ իրավունքներ: Հիմա չեմ հասկանում՝ ի՞նչ տրամաբանության մեջ պիտի չուզենան, որ ես այս հարցերը բարձրացնեմ: Չգիտեմ, պատվիրակության մյուս անդամները սրանից խոսելո՞ւ են, թե՞ չէ, ենթադրենք, որ խոսելու է մի ձայն ավելի»,- այսօր դատարանում հայտարարեց է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը:
Ինչպես տեղեկացրել ենք, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ Լեւոն Քոչարյանի ու Սերգեյ Ասատուրովի գործով դատական նիստն է: Քննարկվում է Քոչարյանի խափանման միջոց երկրից չբացակայելու արգելքը վերացնելու միջնորդությունը:
Հիշեցնենք, որ Լեւոն Քոչարյանին ու Սերգեյ Ասատուրովին մեղադրանք է ներկայացվել ոստիկանության ծառայողների օրինական գործողությանը միջամտելու եւ բռնություն գործադրելու համար։
Լեւոն Քոչարյանն ասաց, որ բացի այն, որ խոչընդոտում են իր քաղաքական գործունեությանը, նաեւ վնաս են հասցնում արցախցիների խնդրի բարձրաձայնմանը:
Կարդացեք նաև
Սերգեյ Ասատուրովն էլ, դիմելով մեղադրող կողմին՝ ասաց. «Տղերք, ինձ համար ուսադիրները պատվի, հայրենասիրության, արժանապատվության նշանակություն ունեն: Մեր տանը համարյա բոլորը ուսադիր կրող են, անգամ մայրս է ուսադիր կրում: Իմ համար ուսադիրները, առավել եւս արդարադատության՝ արդարադատությանը ծառայելու նպատակով է: Ես տեսնում եմ, որ դուք հպարտությամբ պաշտպանում եք անմեղ մարդու դեմ մեղադրանքը, էդ սպային վայել չի»: Մեղադրող կողմը առարկեց, դատավորը թույլ չտվեց Ասատուրովին շարունակել՝ հորդորելով խոսել միայն ըստ էության: Նա էլ հակադարձեց, որ եթե ըստ էության լիներ, իրենք դատարանում չէին հայտնվի:
Պաշտպան Արամ Վարդեւանյանը հիշեցրեց, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանը, դատավոր Դոլմազյանը նմանատիպ իրավիճակի ժամանակ խափանման միջոցը փոխելու որոշում են կայացրել:
Դատավորը հայտարարեց, որ նախկին Քրեական դատավարության օրենսգրքի 144 հոդվածը եւ ներկայիս Քրեական օրենսգրքի 127-րդ հոդվածը՝ չհեռանալու մասին, բացակայելու արգելքի մասին տարբերվում են: Նախկին օրենսգրքով ղեկավարվելիս դատարանը որոշում էր կայացնում ու թույլատրում ժամանակավորապես բացակայելու ՀՀ-ից, իսկ 127 հոդվածը չունի նման կառուցակարգ ու այս պարագայում խափանման միջոցը ժամանակավորապես վերացնելը անթույլատրելի է. «Նախորդ դատական նիստում քննարկվել է, որ հնարավոր է մեկնելու կարիք լինի, բայց դատարանը խափանման միջոցը թողել էր անփոփոխ: Ներկայումս կրկնում եմ ու որոշում եմ կայացնում, որ դատարանը գտնում է՝ խափանման միջոցը փոփոխելու կամ վերացնելու իրավաչափության պայմաններ առկա չեն: Այսինքն, բացակայելու արգելքը չի վերացվում»:
Վարդեւանյանը հայտարարեց, որ եթե խնդիրը կառուցակարգերն են, կարող են միջնորդություն ներկայացնել գրավ կիրառելու վերաբերյալ:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 12-ին, ժամը 17-ին: Միջնորդությունը կներկայացվի այդ նիստում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ