«Խաչատուր Սուքիասյանն ընդդեմ Վազգեն Սաղաթելյանի» գործով դատական նիստին այսօր պատասխանող կողմի ներկայացուցիչը դատարանին միջնորդեց մինչեւ դատաքննությունը ներկայացնել ապացույցները:
Հայցվոր կողմը նկատեց, որ պատասխանող կողմին բավարար ժամանակ տրվել է, որ գոնե մինչեւ այս նիստը ներկայացներ համապատասխան ապացույցները:
Նիստը նախագահող դատավոր Մարինա Տաշչյանը, դիմելով պատասխանող կողմի ներկայացուցչին, ասաց՝ մատնանշեք, թե որ ապացույցը ինչ պատճառաբանությամբ ձեր վստահորդը չի կարողացել ներկայացնել:
Ի պատասխան փաստաբան Զարուհի Նախշքարյանն ասաց՝ իր վստահորդը չի ստացել ապացույցների բեռի բաշխման մասին որոշումը մինչեւ 30.11 2023 թվականը: Ի դեպ, Վազգեն Սաղաթելյանը թվով 11 գրավոր ապացույց պետք է ներկայացնի:
Կարդացեք նաև
Դատարանը լսեց միջնորդությունն ու որոշեց այն մերժել՝ հիմք ընդունելով այն, որ պատասխանողը առձեռն ստանալով նախնական նիստ նշանակելու որոշումը, այդ պահից սկսած իրական հնարավորություն ունեցել է իր իրավունքների պաշտպանությանն ուղղված գործողություններ կատարել, սակայն դրանք չի կատարել: Նախշքարյանը խնդրեց դատարանին ստուգել արձանագրությունները՝ ասելով, որ իր համոզմամբ նախնական նիստի մասին որոշում իր վստահորդը չի ստացել:
Հայտարարվեց ընդմիջում ստուգելու համար:
«Հարգելի դատարան, մենք ուսումնասիրեցինք գործը եւ հասկացանք, որ նախնական քննություն նշանակելու վերաբերյալ որոշումը իմ վստահորդը չի ստացել, ինչը նշանակում է, որ բոլոր իրավունքները Վազգեն Սաղաթելյանի համար այդ թվում բոլոր ժամկետները պետք է սկսեն գործել ծանուցումը ստանալու պահից եւ դատական նիստին ներկայանալու պահից՝30.11.2023 թվականից : Մենք ստուգեցինք եւ համոզվեցինք, որ մինչ այդ դատական նիստը Վազգեն Սաղաթելյանը հնարավորություն չի ունեցել ծանոթանալ գործի նյութերին, հասկանալ՝ ինչ ապացույցների պարտականություններ է իր վրա դրված»,- ընդմիջումից հետո ասաց Նախշքարյանը:
Դատարանն արձանագրեց, որ շփոթմունք է եղել, պարզվում է՝ հայցը վարույթ ընդունելու, նախնական նիստ նշանակելու եւ ապացույցների բեռի բաշխման վերաբերյալ որոշումները պատասխանող կողմը ստացել է բացառապես ազդարար համակարգի միջոցով: Դատարանը որոշեց թույլատրել այս գործով ներկայացնել ապացույցներ եւ առարկություններ:
Պատասխանող կողմը ներկայացրեց գրավոր առարկությունների , ապացույցների փաթեթ, հայցվոր կողմը ժամանակ խնդրեց ծանոթանալու համար: Դատարանը որոշեց գործի քննությունը հետաձգել՝ հնարավորություն ընձեռել հայցվոր կողմին ծանոթանալ ու դիրքորոշում ներկայացնել: Հաջորդ նիստը նշանակվեց օգոստոսի 14-ին:
Հիշեցնենք, որ գործարար, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հայց է ներկայացրել ընդդեմ հանրային գործիչ Սաղաթելյանի, իր պատվին ու արժանապատվությանը հասցված վնասի, վիրավորանքի փոխհատուցման և հրապարակային ներողության պահանջով:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ