Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուզում ենք արագացնել, եթե հնարավոր է». առաջարկվում է բժշկական կրթության ոլորտում միասնական ավարտական քննություններ անցկացնել

Մարտ 07,2024 17:59

Հայաստանում մի շարք հաստատություններ մատուցում են բարձրագույն բժշկական կրթություն: Այն թեման, այն գաղափարը, որի շուրջ այսօր հավաքվել ենք, վերաբերում են բարձրագույն ավարտական քննությունների կարգին եւ դրա վերահսկողությանը: Առաջարկվում է որպես վերահսկողական գործիք` անցկացնել միասնական ավարտական քննություններ. «Բժշկական կրթության ավարտական քննությունների անցկացման կարգի, մեթոդաբանության եւ պատշաճ վերահսկողության մեխանիզմների հետ կապված հարցերի վերաբերյալ» թեմայով կազմակերպված աշխատանքային քննարկման ժամանակ ասել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը:

Մարտի 7-ին տեղի ունեցած քննարկմանը մասնակցել են ԱԺ պատգամավորներ, ՀՀ գործադիր մարմնի, բժշկական բուհերի, այլ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հանձնաժողովի նախագահը նշել է, որ քննություններին պետք է մասնակցեն բժշկական հաստատությունների բոլոր ուսանողները: Ակնկալվում է, որ միասնական ավարտական քննությունների արդյունքում տեսանելի կդառնա տարբեր բժշկական հաստատությունների կողմից մատուցված կրթության որակը:

Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լարիսա Ավետիսյանը տեղեկացրել է, որ դեռեւս 2 տարի առաջ է այս հարցը բարձրացվել, ընդգծվել հարցի արդիականությունն ու կարեւորությունը տարբեր տեսանկյուններից: Տեղի են ունեցել բազմաթիվ քննարկումներ, որոնց ընթացքում առաջարկվել է անցկացնել միասնական քննություն` ամփոփիչ ատեստավորման եռափուլերից առնվազն մեկում: Այսինքն` մարդկային գործոնը բացառելու համար այդ եռափուլերից առնվազն մեկն անցկացվի միասնական կերպով` պետական վերահսկողությամբ: «Այդ նույն օրը բուհերի բոլոր շրջանավարտները քննությունը կհանձնեն նույն տարբերակով, որը կկազմվի նույն օրը` հանձնաժողովի ներկայությամբ»,- պարզաբանել է բուհի ներկայացուցիչը: Հարցը մանրամասն քննարկվել է բժշկական մյուս` ոչ պետական բուհերի ներկայացուցիչների հետ, որոնք դրական են արձագանքել առաջարկին: Նախատեսվում է, որ միասնական քննության փուլը հաջողությամբ հաղթահարած անձինք կկարողանան այդ արդյունքով դիմել օրդինատուրա:

ԿԳՄՍ նախարարության բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի ծրագրերի իրականացման վարչության պետ Լուսինե Գրիգորյանն էլ հայտնել է, որ հարցը դեռեւս 2021-2022 թվականներին է եղել նախարարության ուշադրության կենտրոնում, սակայն այն որոշ օբյեկտիվ պատճառներով ընդմիջվել է: Ողջունելի համարելով առաջարկը: Լուսինե Գրիգորյանը նշել է` կրթության որակի համար պատրաստ են շրջադարձային եւ հեղափոխական քայլ անել: «Ոչ թե դեմ ենք, այլ ուզում ենք դա արագացնել, եթե հնարավոր է»,- շեշտել է նա:

Հարցի վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարության դրական կարծիքը ներկայացրել է նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը:

Ամփոփելով քննարկումը` հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը նշել է` առաջարկվող փոփոխությունը նպատակ չունի կասկածի տակ դնելու բժշկական կրթություն տվող որեւէ բուհի կրթությունը: Պարզապես, ըստ նրա, պետությունը պետք է վերահսկի այն, քանի որ տալիս է պետական նմուշի դիպլոմ:

Քննարկման մասնակիցները նշել են, որ Հայաստանի պետական եւ մասնավոր բուհերում կրթություն են ստանում ոչ միայն տեղացի, այլեւ բազմաթիվ օտարերկրացի ուսանողներ, որոնք ստացած գիտելիքներով վերադառնում են իրենց երկրներ:

Համաձայնություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքները: Նախատեսվում է, որ բժշկական կրթություն տվող հաստատությունների ուսանողների միասնական ավարտական քննությունը գործողության մեջ կդրվի 2024-2025 թվականների ուսումնական տարվա ավարտին:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031