Այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանի եւ Սերգեյ Ասատուրովի գործով նախնական դատական նիստն էր: Հիշեցնենք, որ նրանց մեղադրանք է ներկայացվել ոստիկանության ծառայողների օրինական գործողությանը միջամտելու եւ բռնություն գործադրելու համար։
Լեւոն Քոչարյանի նկատմամբ կա խափանման միջոց՝ երկրից չբացակայելու արգելք: Նրա պաշտպան Արամ Վարդեւանյանը միջնորդություն ներկայացրեց հանել այդ արգելքը՝ ասելով, որ Լեւոն Քոչարյանը, օժտված լինելով ներկայացուցչական մանդատով, լինելով պատգամավոր՝ ստիպված է բացակայել երկրից:
Կարդացեք նաև
Լեւոն Քոչարյանը հանդիսանում է Միջխորհրդարանական միության անդամ եւ 2024-ի մարտի 23-28-ը պետք է մասնակցություն ունենա վեհաժողովի. «Մենք որոշակիորեն բախվում ենք դատական իշխանության եւ օրենսդիր իշխանության բնականոն գործունեության իրացմանը: ՍԴ-ն արձանագրել էր, որ քրեական գործի ընթացքում կիրառվող խափանման միջոցները չպետք է պատրանքային դարձնեն պատգամավորի կարգավիճակի իրացումը, այն պետք է լինի իրական: Այս իմաստով Միջխորհրդարանական միության վեհաժողովին մասնակցելը առավել քան կարեւոր է»:
Նա ասաց, որ պետք է այնպիսի ծանրակշիռ փաստարկներ բերվեն, որ դա չիրացվի, բայց նման փաստարկ չեն տեսնում:
Լեւոն Քոչարյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն էլ հավելեց, որ նախադեպեր կան, որ խափանման միջոցը ժամանակավոր վերացնում են՝ դիտարկելով այն զուտ որպես խոչընդոտ հանդիսացող հանգամանք, այնուհետեւ այն վերականգնում են: Նա նշեց, որ անկախ նրանից, թե քրեական գործը ինչ ընթացք կունենա, որեւէ խոչընդոտ պատգամավորական գործառույթների իրականացման համար չպետք է լինի. «Պարոն Քոչարյանը պետք է միջազգային հանրությունում ներկայացնի ՀՀ ժողովրդի խոսքը, ցանկությունը, պահանջը: Պետության կողմից խոչընդոտ ստեղծելը, այն էլ՝ արհեստական, այդ առաքելության իրականացման տեսանկյունից, կհակասի Սահմանադրությամբ երաշխավորված իրավական, ժողովրդավարական պետություն նշանակությանը»:
Ալեքսանյանը թվարկեց, որ Հայկ Մամիջանյանի, Արմեն Չարչյանի, Արմեն Գեւորգյանի, մի շարք այլ պատգամավորների դեպքում, որոնց նկատմամբ նույնպես կիրառվել է չբացակայելու արգելք՝ քրեական հետապնդումների ժամանակ, այնուամենայնիվ, դատարանը նրանց թույլատրել է լքել երկիրը, երբ անհրաժեշտությունը եղել է:
Պաշտպան Ալեքսանդր Կոչուբաեւն էլ ասաց, որ Լեւոն Քոչարյանը պետք է իր ներկայացուցչական պարտականությունները կատարի եւ մեկնի Ժնեւ՝ Միջխորհրդարանական վեհաժողովին մասնակցելու. «Մենք չենք ասում հանգստի մեկնի: Փաստարկված խնդիր ենք բարձրաձայնում, ունենք ԱԺ նախագահի կարգադրություն՝ պատվիրակության կազմում է նաեւ Լեւոն Քոչարյանը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ