«ՀՀ-ի շուրջ տեղի է ունենում այն հակամարտությունը, որը ձևավորվել է ՌԴ-ի և Արևմուտքի միջև դեռ 15-16 տարի առաջ։ Ինչ-որ տեղ այն զարգացումները, որոնք տեղի են ունենում Հարավային Կովկասում, այդ թվում՝ նաև ՀՀ-Ադրբեջան հակամարտությունում, մասամբ արտացոլում են այդ նոր իրողությունը, երբ ՌԴ-ն ոչ թե փնտրում էր Արևմուտքի հետ խաղաղ համակեցության մոդել, այլ հակադրել է իրեն և մարտահրավեր նետել Արևմուտքին, և դա, բնականաբար, պետք է բերեր նրան, որ որոշակի վերադասավորումներ են տեղի ունենում նաև Հարավային Կովկասում»,- «Մեդիա կենտրոնի» «Հենման կետ» հաղորդման շրջանակում տեղի ունեցած «Հայաստանի անվտանգային քաղաքականություն. ի՞նչ խմբագրումների անհրաժեշտություն կա» թեմայով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ, քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանը։
Ըստ նրա՝ ՀՀ-ն մի երկիր էր, որը ձգտում էր կոմպլեմենտար քաղաքականության՝ այսինքն՝ մի կողմից անվտանգային համագործակցություն վարել ՌԴ-ի հետ, մյուս կողմից եվրոպական մոդելի պետություն կառուցել, բայց այդ հնարավորությունը այլևս չկա․ «Բնականաբար, որպես ՌԴ-ի գործընկեր՝ ՀՀ-ն կորցնում էր հետաքրքրությունը․ ՌԴ-ին ձեռնտու են այնպիսի գործընկերներ, որոնք իր հետ պատրաստ են քանդել այն գլոբալ համակարգը, որը ձևավորվել էր երկրորդ համաշխարհային պատերազմից հետո և վերջնական տեսք ստացել ԽՍՀՄ փլուզումից հետո։ Որպես այդպիսի գործընկեր՝ շատ ավելի հետաքրքիր էին դառնում Ադրբեջանը, Թուրքիան, մասամբ նաև Իրանը, և բնականաբար, հետաքրքրությունը ՀՀ-ի նկատմամբ նվազում էր։ Եվ պատրաստակամությունը՝ լուծել ՀՀ անվտանգային մարտահրավերները, կամաց-կամաց զրոյանում էին։ Դա չի նշանակում, որ ՌԴ-ն ցանկանում է, որ ՀՀ-ն տարածաշրջանային քարտեզից անհետանա, բայց ՀՀ-ի տարածքը, իր զարգացման հնարավորությունները ոչ մի նշանակություն չունեն՝ ավելի շատ որպես ՌԴ-ին կցված գործոն, որը հնարավորություն է տալիս կառուցել հարաբերություններն ավելի նպաստավոր ուղղություններով։ Այդ կարգավիճակն է ՀՀ-ի համար ՌԴ-ն պատկերացնում։ Դա նշանակում է, որ ՌԴ-ն մեր հարևանների հետ հարաբերություններում պատրաստ է զոհաբերել ՀՀ-ի շահերը և ինչ-որ բան կորզել նաև ՀՀ-ի հաշվին»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի