Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչև 12 շաբաթական հղիությունը ստուգում են սեռը, հետո աբորտ անում, սակայն ԱՆ-ն դա սեռով պայմանավորված աբորտ չի դիտարկում․ օրենքը վերանայման կարիք ունի

Մարտ 07,2024 17:31

Հայաստանում որոշ բժշկական կենտրոններում, տևական ժամանակ է՝ մինչև 12 շաբաթական հղիության ընթացքում գտնվող կնոջ արյան միջոցով պարզում են պտղի սեռը։ Սակայն Առողջապահության նախարարությունը նշված ժամանակահատվածում պտղի սեռը պարզելն ու աբորտ կատարելը չի դիտարկում որպես սեռով պայմանավորված աբորտ։

«Արյան միջոցով պտղի սեռը ստուգելու հետազոտության համար հատուկ արգելք չունենք սահմանված։ Մենք արգելք ունենք սեռով պայմանավորված աբորտի»,-ասաց ՀՀ առողջապահության նախարարության Մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Ռուզան Մարտիրոսյանը։

Հարցին՝ եթե կինը մինչև 12 շաբաթական հղիությունը ստուգել է պտղի սեռը, օրինակ՝ իգական սեռի պտուղ է, և ցանկանում է ընդհատել հղիությունը, այս դեպքում կնոջը թույլատրվո՞ւմ է աբորտ կատարել, դա չի՞ համարվում սեռով պայմանավորված աբորտ, Ռուզան Մարտիրոսյանը պատասխանեց․ «Մենք չենք հավաքագրում այդ անալիզը հանձնած կանանց տվյալները, և քանի որ լաբորատորիաներից հետազոտություններ չենք հավաքագրում, բնականաբար չենք իմանում, թե կինը մինչև 12 շաբաթականն ինչի՞ համար է որոշում հղիությունն ընդհատել։ Իսկ եթե որոշենք սահմանափակել մինչև 12 շաբաթական հղիության ընդհատումը, կստացվի սահմանափակում ենք այն կանանց իրավունքները, ովքեր որոշել են ուղղակի հղիությունն ընդհատել, որովհետև այդ ընթացքում պետք չի, որ կինը հայտնի աբորտի պատճառը»։

Նշենք, որ Վիճակագրական կոմիտեի տվյալները դիտարկելով՝ կարելի եզրահանգել, որ Հայաստանում սեռով պայմանավորված աբորտները շարունակվում են։ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի տվյալների համաձայն՝ նորածինների սեռերի բնականոն հարաբերակցություն է համարվում 102-106 տղա՝ 100 աղջկա հաշվով ցուցանիշը, մինչդեռ ըստ Վիճակագրական կոմիտեի՝ 2023թ․ հունվար-դեկտեմբերին սեռերի հարաբերակցության գործակիցը կենդանի ծնված նորածինների շրջանում կազմել է 110.7 տղա՝ 100 աղջկա հաշվով։ Ցուցանիշները կտրուկ աճել են 2022թ։ 2021թ․ սեռերի հարաբերակցությունը կազմել է՝ 108.8 տղա`100 աղջկա հաշվով, իսկ 2022թ․՝ 112.2 տղա 100 աղջկա հաշվով։

Հիմք վերցնելով նաև ԱՆ Մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետի մեկնաբանությունը՝ կարելի է ասել, որ «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում ամրագրված սեռով պայմանավորված հղիության ընդհատման արգելքին վերաբերող դրույթը ձևական բնույթ է կրում և վերանայման կարիք ունի։

Ներսես Իսաջանյան

Փաստաբան Ներսես Իսաջանյանը մեկնաբանելով օրենքի այս դրույթն՝ ընդգծեց, որ «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում 2016 թվականին կատարված փոփոխությունները ձևական էին և դեկլարատիվ․ «Մինչև 2016 թվականը գործող օրենքն էլ էր արգելում 12 շաբաթական հղիության ժամկետից հետո աբորտները՝ բացառություն սահմանելով միայն բժշկասոցիալական ցուցումներով աբորտների համար։ Փոփոխություններով սելեկտիվ աբորտները ոչ թե ընդհանրապես արգելվեցին, այլ ընդամենը նշվեց, որ սեռով պայմանավորված աբորտն արգելվում է հղիության 12 շաբաթից հետո։ Բայց փաստացի նման արգելք արդեն իսկ կար»։

Փաստաբանը եզրափակելով խոսքը՝ շեշտեց, որ այս փոփոխության փոխարեն օրենքով կարող էր սահմանվել, որ աբորտ չի կարող կատարվել, եթե բժշկին հայտնի է դարձել, որ հղի կինը ցանկանում է աբորտ կատարել միայն չծնված երեխայի սեռի պատճառով։

Լիլիթ Հակոբյան

Գինեկոլոգ Լիլիթ Հակոբյանն անդրադառնալով աբորտների խնդրին, ընդգծեց, որ դրանց թիվը նվազեցնելու լավագույն միջոցներից է զույգերին կրթելը, այդ թվում՝ մամուլում պարբերաբար հրապարակումների միջոցով․ «Եթե զույգերը ժամանակին դիմեն գինեկոլոգի խորհրդատվության, որը հիմնականում անվճար է, գրագետ բեղմնականխարգելում անեն` աբորտի խնդրի առաջ չեն կանգնի, իսկ այս դարում բազմաթիվ հակաբեղմնավորիչներ կան, որոնք սեռական կյանքի վրա չեն ազդում: Այս առումով պետք է կրթական լուսաբանումները շատ լինեն»։

Խոսելով գինեկոլոգների պատասխանատվությունից՝ Լիլիթ Հակոբյանն ընդգծեց, որ երբ կինը անսպասելի հղիանում է, ինքը դեռ չգիտի ուրախ է, թե ոչ, և գինեկոլոգի առաքելությունն է նաև այնպես անել, որ կինը սիրի այդ պտղին՝ պահի հղիությունը․ «Բացատրում ենք, որ բազմաթիվ կանայք տառապում են երեխա չունենալու խնդրով ու պետք է փայփայել այդ պտուղը, բայց ամեն ընտանիք ունի իր նպատակները, և օրենքն էլ տալիս է աբորտ անելու հնարավորություն»,-ասաց նա ու հիշատակեց, որ ցանկացած աբորտ կարող է ունենալ բացասական լուրջ հետևանքներ և ոչ մի կին ապահովագրված չի աբորտից հետո առաջացող հնարավոր բարդություններից, որոնք լինում են և ֆիզիկական, և հոգեբանական․ «Աբորտից հետո երբեմն առաջանում են այնպիսի բարդություններ, ինչպիսիք են հորմոնային խանգարումները, բորբոքային պրոցեսները և որպես հետևանք նաև կպումային պրոցեսները, բացի սա նաև շատ հաճախ խորը հոգեբանական` բացասական ազդեցություն է թողնում զույգերի հարաբերություններում՝ ամուսնական զույգերի մեջ պատնեշ է առաջացնում, և դա ցավալի իրողություն է, որովհետև կյանք է սաղմնավորվում, և այդ կյանքին պետք է տալ ապրելու հնարավորություն, իսկ կինը ստիպված է լինում ընդհատել այն»։

Գինեկոլոգը թեպետ ընդգծեց, որ այս դարում աբորտ անելը կնոջ ընտրությունն է, և ինչ-որ տեղ ֆեմինիզմի դրսևորում է նաև, թե երբ ունենա երեխա ու քանի երեխա ունենա, բայց նաև շեշտեց, որ ժամանակակից բժշկությունն ընդունում է այդ մոտեցումը ոչ թե խրախուսելով աբորտները, այլ՝ բեղմնականխարգելիչների օգտագործումը։

Լիլիթ Հակոբյանը մեզ հետ զրույցում ևս նշեց, որ հիմա որոշ կլինիկաներում արյան միջոցով պարզում են պտղի սեռը նախքան 12 շաբաթական հղիությունը։ Նրա կարծիքով՝ այս միջոցը հնարավոր է օգնի, օրինակ, երկու-երեք աղջիկ ունեցող կնոջը՝ պահպանելու հերթական հղիությունը, երբ նա նախապես ճշտի, որ հաջորդը տղա է ծնվելու․ «Եթե չլիներ այս հնարավորությունը՝ այդ կինը միգուցե և չպահպաներ հղիությունը, քանի որ արդեն իսկ երկու-երեք երեխաների մայր է, բայց, իհարկե, ցավալի է, որ սեռը ճշտելուց հետո աբորտի է դիմում։ Եթե կինը հասկանա, որ Աստված իր մեջ դնում է արարչագործության ամենակարևոր հրաշքը ու ինքը ձեռք է բարձրացնում այդ կյանքի վրա, և հասկանա թե հոգևոր առումով ինչի է գնում, գուցե և չգնա, և սա ևս պետք է լուսաբանվի»:

Բազմամյա տարիների փորձ ունեցող գինեկոլոգը 2008թ․ սկսած աբորտներ չի անում, ասաց, որ չի կարողանում իր խղճին դեմ գնալ․ «Երբ նոր էի սկսել աշխատել, իհարկե, արել եմ, և նշեմ, որ բավական եկամտաբեր գործ է, բայց երբ բախվեցի ինձ դիմած կանանց անպտղության խնդրին ու սկսեցի բուժել նրանց` հասկացա, որ ես իրավունք չունեմ աբորտ անելու, և հիմա միայն օգնում եմ այն կանանց, ում մոտ պտուղը չի զարգանում, իսկ դա աբորտ չի, այլ բուժական միջամտություն է:»:

Չնայած պետության կողմից վերջին տարիներին ծնելիության խթանմանն ուղղված միջոցառումների իրականացմանը՝ Հայաստանում ծնունդների թիվը նվազել է։ 2023թ․ ծնվել է ավելի քիչ թվով երեխա, քան նույնիսկ կորոնավիրուսի համավարակի տարիներին։ Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2023թ․ գրանցվել է 36265 ծնունդ, 2022թ․՝ 36375 ծնունդ, 2021թ․՝ 36623 ծնունդ, 2020թ․՝ 36353 ծնունդ։

Գինեկոլոգի խոսքով՝ ներկայում շատ երիտասարդներ խուսափում են երկրորդ երեխան ունենալուց, նույնիսկ դեպքեր կան, որ ընդհանրապես երեխա ունենալուց են խուսափում, նրա մեկնաբանմամբ՝ պատերազմից հետո ապագայի նկատմամբ անվստահություն կա մարդկանց մոտ, իսկ հային բնորոշ է այն մոտեցումը, որ ունենա ամուր ընտանիք, իմանա իր երեխային ինչ պայմաններում ու որտեղ է մեծացնելու։

«Մեր երկրում պետք է խթանենք ծնելիությունը, և այստեղ կառավարությունը անելիք ունի` մեծացող ընտանիքներին մատչելի պայմաններով բնակարաններ տրամադրելու, ծնվող երեխաների համար տրվող ֆինանսական աջակցությունը մեծացնելու և, իհարկե, եկեղեցու ներգրավվածությունը ապահովելու հարցում, որովհետև եկեղեցին տալու է այն հոգևոր ընկալումը, որ մարդը հասկանա, որ առանց տիեզերական մեծ ուժի`արարչագործության, պտուղը չի ստեղծվի ու զարգանա, որ չի կարելի ձեռք բարձրացնել պտղի վրա»,-ասաց Լիլիթ Հակոբյանը:

Գինեկոլոգի խոսքով՝ հայ ընտանիքներում նվազագույնը երեք երեխա պետք է ծնվի, որովհետև պատերազմից հետո մեր ունեցած մեծ կորուստները, աբորտների թվի աճը և սրանց զուգահեռ անպտղությունը լուրջ խնդիր են Հայաստանում, և բնակչության թվաքանակի վրա, բնականաբար, բացասաբար են ազդում։

 

Նարա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031