Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչատուր Սուքիասյանը վիրավորվել է, որ ամենահի՞նը չէ օլիգարխներից, թե՞ օլիգարխ չի հանդիսանում. Զարուհի Նախշքարյանի ճշտող հարցերը

Մարտ 07,2024 16:56

«Խաչատուր Սուքիասյանն ընդդեմ Վազգեն Սաղաթելյանի» գործով դատական նիստին այսօր պատասխանող կողմի ներկայացուցիչը մի շարք հարցեր ուղղեց Սուքիասյանի ներկայացուցչին:

Հիշեցնենք, որ գործարար, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հայց է ներկայացրել ընդդեմ Վազգեն Սաղաթելյանի, իր պատվին ու արժանապատվությանը հասցված վնասի, վիրավորանքի փոխհատուցման և հրապարակային ներողության պահանջով:

Նախքան Սաղաթելյանի ներկայացուցիչ Զարուհի Նախշքարյանը կսկսեր իր հարցերի տեղատարափը, նիստը նախագահող դատավորը հայտնեց, որ փաստաբան Նախշքարյանը հենց այս նույն դատարանում դատավոր է եղել, ապա առաջարկեց քննարկել իրեն բացարկ հայտնելու հարցը ու հայցվոր կողմից հետաքրքրվեց՝ Ձեզ ժամանակ պե՞տք է:

Ի պատասխան՝ փաստաբան Գորիկ Միրզոյանն ասաց՝ եթե դատարանը կաշկանդվածություն չի տեսնում այդ հանգամանքով, իրենք խնդիր չեն տեսնում: Նիստը շարունակվեց:

Նախշքարյանը հստակեցրեց, որ իր հարցերը վերաբերում են ապացուցման բեռի առարկային, ոչ թե հայցի առարկային եւ հիմքի պարզմանը. «Ինձ համար ուզում եմ բացահայտել՝ արդյոք պահանջների հետ կապված ո՞ր հանգամանքներն են վիճարկվում, որպիսիք՝ ոչ»:

Տիկին Նախշքարյանը թվարկեց հայցվոր կողմի՝ Սաղաթելյանի ելույթից առանձնացրած վիրավորական արտահայտությունները՝ «Նիկոլի հովանավոր Խաչատուր Սուքիասյան, Հայաստանում ամենահին օլիգարխ, թալանչիներ, սրանք թալանել են ոչ միայն մեր երկիրը, այլեւ մեր կյանքը, մեր սերունդն ու մեր ապագան», ապա հարցրեց. «Եզրափակիչ մասում ձեր կողմից որպես վիրավորանք մատնանշած արտահայտություններում առաջին կետով նշված արտահայտությունը չի ներառվել, նկատո՞ւմ եք դա»:

Հայցվորի ներկայացուցիչը պարզաբանեց, որ իրենց հայցի առարկան պարզ է, այն ինչ ներառված է հայցի առարկայում՝ դրա շրջանակում են պահանջում հերքում, վիրավորական արտահայտությունների մասով՝ ներողություն հայցել:

Նախշքարյանը շարունակեց՝ հայցի առարկայի առաջին կետում որպես վիրավորանք բերել եք «ՀՀ-ում ամենահին օլիգարխ» արտահայտությունը, ո՞րն է վիրավորանքի կոնկրետ ուղղվածությունը, հայցվորի համար անհասկանալի է, թե ինչու է Հայաստանո՞վ սահմանափակվել այդ արտահայտությունը, թե՞ վիրավորվել է, որ ամենահինը չէ օլիգարխներից, թե՞ օլիգարխ չի հանդիսանում:

«Եթե նայում ենք այդ արտահայտությանը, տեսնում ենք, որ օլիգարխ բառն ինքնին վիրավորական է, դրական իմաստով չէ»,-բացատրեց Սուքիասյանի ներկայացուցիչը:

«Մեր կյանքը, մեր ապագան թալանող, այն հասցեավորվել է անձամբ ձեր վստահորդի՞ն»,- Նախշքարյանի այս հարցին Միրզոյանը պատասխանեց՝ բառակապակցությունները պետք չէ համատեքստից տարանջատել, այս ամենը մի նախադասության մեջ է ներառված, ընդհանրական խոսքում է. «Մենք ունենք այն տպավորությունը, որ ուղղված է կոնկրետ իմ վստահորդին»:

«Զրպարտության մասով փաստական հանգամանքները, ըստ ձեզ վիճելի՞ են․ «90-ականներին մի օրենք է դուրս եկել, որ բոլոր մեքենաներում պետք է լինեն կրակմարիչներ, բոլորին սկսում են ստուգել, տուգանել, այս ամենը արվում մեկ պարզ նպատակով, որ 100 հազարավոր վարորդների ուղարկեն գնելու ու հարստացնելու մեկ մարդու, ով ներկրում է այս կրակմարիչները: Իսկ ո՞վ է այդ մարդը՝ Խաչատուր Սուքիասյանը»: Ես ճի՞շտ եմ հասկացել, որ զրպարտությունը համարում եք միայն վերջին հարցը՝ իսկ ո՞վ է այդ մարդը Սուքիասյանը»,-շարունակեց Նախշքարյանը:

Սուքիասյանի ներկայացուցիչը պարզաբանեց՝ արտահայտությունները չպետք է կոնտեքստից կտրված ներկայացնել, հստակ ունենք ձեւակերպումներ, գործողությունների շարք, որը վերաբերում է մի մարդու. «Պատասխանող կողմը պետք է ապացուցի բոլոր գործողությունները, հակառակ դեպքում գտնում ենք, որ չի համապատասխանում իրականությանը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031