Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը կկարողանա դիմակայել մարտահրավերներին միայն մրցունակ և ճկուն գիտատեխնոլոգիական ու նորարարական ազգային համակարգ զարգացնելով. «Գիտուժ»

Մարտ 07,2024 16:35

Գիտուժ. վարչապետին կից ՀՀ գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի մասին

Մարտի 4-ին տեղի է ունեցել վարչապետին կից Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի առաջին նիստը։

«Գիտուժ» նախաձեռնությունն իր գործունեության ընթացքում բազմիցս շեշտել է, որ Հայաստանի Հանրապետությունը կկարողանա դիմակայել իր առջև ծառացած մարտահրավերներին ու խնդիրներին միայն մրցունակ և ճկուն գիտատեխնոլոգիական ու նորարարական ազգային համակարգ զարգացնելով։ Նման համակարգի անխափան և նպատակաուղղված գործունեությունն է պետություններին հնարավորություն տալիս հասնել անվտանգության, տնտեսության ու հասարակության շարունակական զարգացման համար անհրաժեշտ ռեսուրսների և գործընթացների ապահովմանը։

Միևնույն ժամանակ տարբեր ձևաչափերով և հարթակներում բազմիցս անդրադարձել ենք այս համակարգի կայացմանը և զարգացմանը խոչընդոտող խնդիրներին. նպատակի հստակ սահմանման, համակարգի կայացմանը և զարգացմանը նպաստող համապարփակ ռազմավարության և դրանից բխող կառավարության ու իր պրոֆիլային նախարարությունների միջև փոխկապակցված քաղաքականության բացակայությանը և այլն։

Այս համատեքստում կարևոր ենք համարում, որ վարչապետին կից Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի ստեղծման հիմքում ընկած է վերոնշյալ խնդիրների լուծմանը նպաստելը։ Ուրախ ենք արձանագրել, որ խորհրդի մեջ ներգրավված են պետական, գիտական և տեխնոլոգիական հատվածի ներկայացուցիչները։ Նաև կարևոր ենք համարում, որ ՀՀ վարչապետը խորհրդի նիստի ընթացքում հատուկ ընդգծել է. «Հայաստանի Հանրապետությունը զարգացման ճանապարհին ունի բազմաթիվ խոչընդոտներ, և մեր ընկալումն այն է, որ այդ խոչընդոտները հաղթահարելու առաջնային գործիքներից է գիտությունը և սրանից բխող տեխնոլոգիական ոլորտը»:

Միևնույն ժամանակ, նոր ձևավորված խորհրդի արդյունավետությունը, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության թիրախային խնդիրների լուծմանը միտված գործունեությունն ապահովելու համար, անհրաժեշտ ենք համարում նաև բարձրաձայնել հետևյալ խնդիրների մասին.

  • Հայաստանում կիրառական հետազոտությունների ու փորձակոնստրուկտորական աշխատանքների պետական պատվերը մնում է տեղային և, միջազգային չափանիշներով, շատ փոքր ծավալի։ Ավելին, եղած փոքր պատվերն էլ շարունակաբար թերակատարվում է։ Այս տարվա պատվերի բյուջեն կազմում է ՀՀ ՀՆԱ-ի մոտ 0.04%-ը։ Ստացվում է, որ Հայաստանում հիմնարար հետազոտությունների բյուջեն մոտավորապես 8 անգամ ավելի շատ է, քան կիրառական հետազոտությունների ու փորձակոնստրուկտորական աշխատանքներինը։Վերոնշյալ խնդիրը կարելի է լուծել ստեղծելով կիրառական հետազոտությունների ու փորձակոնստրուկտորական աշխատանքների պատվիրատու մարմին, որը պետք է լինի նախարարություններից դուրս, վարչապետի կամ փոխվարչապետի անմիջական ենթակայության տակ։
  • Լուրջ բացթողում ենք համարում նման խորհրդի օրակարգում հումանիտար և հասարակական գիտությունների զարգացման հարցի բացակայությունը: Այն իր առաջնահերթությամբ, հրատապությամբ և լուծման բարդությամբ չի զիջում ԳՏՃՄ/STEM ուղղություններին։Այս տեսանկյունից ակնհայտ է, որ պետք է կամ խորհրդի օրակարգում ներառել հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառներում ՀՀ մարտահրավերներից բխող ՀևՄ(R&D) աշխատանքների զարգացումը կամ ձևավորել այս օրակարգով աշխատող առանձին հարթակ:
  • Խորհրդի աշխատակարգում հստակ չի ամրագրված, որ խորհրդի օրակարգում առաջադրվելու են այնպիսի ծրագրեր, որոնց գլխավոր նպատակը լինելու է պետության առջև ծառացած մարտահրավերների դիմագրավմանն ուղղված կարողությունների զարգացումը։

Այս բացթողումը պետք է լրացնել և հստակ ամրագրել, որ խորհուրդն աշխատելու է Հայաստանի անմիջական կարիքներից և նպատակներից բխող գիտության և տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ։
«Գիտուժ» նախաձեռնությունը, հավատարիմ մնալով իր սկզբունքներին, ամենայն ուշադրությամբ և անաչառությամբ մշտադիտարկելու է խորհրդի աշխատանքները և պատրաստ է աջակցել իր օրակարգի, առաքելության և արժեքների շրջանակում գտնվող գործընթացներին։

«Գիտուժ» նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031