«Առավոտի» զրուցակիցն է Ռուսաստանում ՀՀ մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
-Պարոն Հակոբյան, Հայաստանի իշխանությունների կողմից ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հայտարարություններից հետո տեղեկություններ շրջանառվեցին, որ Վերին Լարսի անցակետը կարող է փակվել հայ արտահանողների համար։ Կա՞ նման ռիսկ։
-Երբ այդ լուրերը տարածվեցին, Ռուսաստանի Դաշնության մաքսային ծառայության գործընկերների հետ կապվեցի եւ խնդրեցի, որ հաստատեն կամ հերքեն լուրերը։ Իրենք շատ զարմացած էին, առաջին անգամ էին լսում այդ մասին։ Եվ հետագայում էլ, երբ այդ մասին զրույցում էինք, իրենք ասում էին, որ անընդհատ իրենց էլ են հարցնում, բայց իրենք էլ չեն հասկանում, թե որտեղից են տարածվում այդ լուրերը։ Իրենց պնդելով՝ իրենց կողմից նման հայտարարություններ ու լուրեր չեն տարածվել։
Չեմ կարող ասել՝ որտեղից են տարածվել այդ լուրերը, բայց ՌԴ մաքսային ծառայությունն ամեն կերպ հերքում է դա։ Այս պահին էլ Վերին Լարսի անցակետն աշխատում է, Վրաստանի տարածքում՝ Խաչի լեռնանցքում երեկ երեկոյան ձյուն է տեղացել, բեռնատարների համար երթեւեկությունը սահմանափակվել է, բայց երբ ձյունը մաքրվի, ճանապարհն էլի երթեւեկելի կդառնա բեռնատարների համար։
Կարդացեք նաև
Բայց ինչ վերաբերում է Լարսի անցակետին, ոչ մի սահմանափակում չի եղել եւ չի էլ սպասվում։
–Այսինքն՝ հստակ է, որ նման գործընթաց չկա՞, ինչի՞ հիման վրա եք պնդում, որ նման սահմանափակում չի սպասվում։
-Իրենք ասում են, որ իրենց մոտ նույնիսկ նման քննարկում չի եղել, նման հրահանգ չեն ստացել։
-Եթե նման որոշում լինի, գործընթացն ինչպե՞ս է, պետք է նախօրոք տեղյա՞կ պահեն հայկական կողմին։
-Ցանկալի կլինի, որ նախօրոք տեղյակ պահեն, բայց չեմ կարող ասել, թե ինչպես կլինի։ Օրենքով նախատեսված պրոցեդուրա կամ ինչ-որ հստակություն չկա այդ հարցում։ Ամեն դեպքում հուսով եմ, որ նման բան չի լինի, որովհետեւ մինչեւ այսօր ես ականատես չեմ եղել նման իրավիճակի։ Իհարկե, տարբեր ապրանքների արտահանման մասով եղել են սահմանափակումներ, փաստաթղթային կամ որակական ինչ-որ խնդիրներ են առաջացել ժամանակի ընթացքում, բայց այդ ամենը հարթվել է։ Այսինքն՝ առանձին ապրանքների հետ կապված են խնդիրներ առաջացել, բայց որ անցակետը հայկական բեռնատարների համար փակվի, նման երեւույթ չենք ունեցել մինչ այսօր։
–Եթե հանկարծ նման վատ սցենար լինի, ի՞նչ այլընտրանք կա մեր արտահանողների համար, լաստանավային ճանապա՞րհը։
-Իմ տեղեկություններով՝ Հայաստանից Ռուսաստան բեռնափոխադրումների համար այլընտրանքային ճանապարհն այս պահին օդային ճանապարհն է։ Լաստանավի մասով տեղեկություն չունեմ, գիտեմ, որ էկոնոմիկայի նախարարությունն ինչ-որ ժամանակ լաստանավային փոխադրումներ էր իրականացնում Վրաստանի Փոթի նավահանգստից դեպի Նովոռոսիյսկի նավահանգիստ։ Բայց այս պահին տեղեկություն չունեմ՝ դա աշխատում է, թե ոչ։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ