«Այո, ռուսական կողմը տեղեկացվել է հայկական կողմի այս նախաձեռնության մասին»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ԱԽ քարտուղարի հայտարարությանը, որ Հայաստանը տեղեկացրել է Մոսկվային՝ «Զվարթնոց» օդանավակայանում միայն հայ սահմանապահները պետք է ծառայություն իրականացնեն։
«Ես ուզում եմ ընդգծել, որ ի սկզբանե ռուսական սահմանապահների մասնակցությունը մի շարք կետերում, այդ թվում՝ «Զվարթնոց» օդանավակայանում, մտածված է եղել՝ իբրեւ աջակցություն նորանկախ հայկական պետականությանը։ Եվ նախատեսված է այս գործառույթն իրականացնել այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը դրա կարիքը կունենա։ Եվ երբ Հայաստանը կունենա իր ինստիտուցիոնալ հնարավորությունները, այդ գործառույթն ամբողջությամբ կիրականացվեն Հայաստանի պատկան մարմինների միջոցով։ Եվ, ահա, հիմա մենք կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետությունն ինստիտուցիոնալ առումով ի զորու է «Զվարթնոց» օդանավակայանում միայնակ իրականացնել սահմանապահ ծառայությունը։ Եվ ծանուցել ենք ռուսական կողմին այս մասին։ Ենթադրում եմ, որ սա բավարար կլինի ռուսական կողմի համար, եւ հարցն այդքանով կլուծվի»,- ասաց նա։
Ըստ նախարարի՝ խոսքը լիազորությունների ամբողջական կատարման մասին է, հայկական կողմը ծանուցել է ռուսական կողմին, որ «Զվարթնոց» օդանավակայանում իրականացվող սահմանապահ ծառայության հարցում այլեւս ռուսական կողմի մասնակցության ու աջակցության կարիքը չենք զգում։
Հարցին, թե խոսքը միայն «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին հանելու մասի՞ն է, թե Հայաստանի մյուս տարածքներից եւս ռուս սահմանապահները դուրս կբերվեն, այդ թվում՝ հայ-թուրքական սահմանից, Միրզոյանը պատասխանեց․ «Հայտարարությունը եղել է ն «Զվարթնոցի» մասին, հետեւաբար, խոսում ենք միայն «Զվարթնոցի» մասին»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ