Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Սարգսյանը հորդորեց արցախցիներին՝ մնալ ու շարունակել ապրել Վարդենիսում և տուրք չտալ սադրիչ լուրերին, ասեկոսեներին

Մարտ 07,2024 16:04

Մարտի 6-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիսի համայնքապետարանում հանդիպում անցկացրեց Լեռնային Ղարաբաղից 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից ձեռնարկած ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված բնակչության հետ։

Հանդիպմանը մասնակցեցին նաև Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը, Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, Միասնական սոցիալական ծառայության Վարդենիսի տարածքային կենտրոնի տնօրեն Ռուզաննա Մինասյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներ, Վարդենիսի համայնքապետարանի պատասխանատու աշխատակիցներ։

Ողջունելով արցախցիներին ու մյուս մասնակիցներին՝ Կարեն Սարգսյանը նշեց, որ հանդիպման համար ժամանակի սահմանափակում չկա, ուստի բոլորն անկաշկանդ կարող են ներկայացնել իրենց հուզող խնդիրները և տեղում ստանալ անհրաժեշտ պատասխաններն ու պարզաբանումները։

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք ներկայացրին իրենց մտահոգությունները՝ կապված հաշմանդամության թոշակների, նպաստների հատկացման, փաստաթղթերի ճշգրտման, զբաղվածության, պետական աջակցությամբ նախատեսված բնակարանաշինական ծրագրերի բովանդակության իրազեկման, մինչ 2023 թվականի սեպտեմբերյան բռնի տեղահանումն առկա վարկային պարտավորությունների զրոյացման ու տարբեր այլ հարցերի հետ։

Արցախցիները միաժամանակ հայտնեցին իրենց շնորհակալությունը Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմին, Վարդենիսի համայնքապետարանին ու ողջ բնակչությանը՝ իրենց բոլոր հարցերում օժանդակելու և ջերմ վերաբերմունք ցուցաբերելու համար։

Մարզպետ Կարեն Սարգսյանը, մեկառմեկ պատասխանելով հարցերին, շեշտեց, որ ինքը հիմնականում ծանոթ է առաջ քաշված խնդիրներին, որոնք կարգավորելու նպատակով օրեր առաջ խորհրդակցություն է անցկացրել մարզի Միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների տնօրենների հետ՝ տալով համապատասխան ցուցումներ։

«Բարձրացված խնդիրները հիմնականում տեխնիկական բնույթի են, որոնք բոլորն էլ կկարգավորվեն առաջիկայում։ Անգամ Միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների հետ ձեռնարկում ենք միջանկյալ լուծումներ, որպեսզի ոչ մի ընտանիք դուրս չմնա աջակցությունից և ամենօրյա ուշադրությունից»,-հավաստեց մարզպետը։

Հանդիպման ավարտին Կարեն Սարգսյանը հորդորեց արցախցիներին՝ մնալ ու շարունակել ապրել Վարդենիսում և տուրք չտալ սադրիչ լուրերին, ասեկոսեներին ու խուճապի չմատնվել, այլ շարունակել ինտեգրվել տեղի հասարակությանը՝ Վարդենիսը համարելով իրենց հայրենի տունը։

«Բոլոր լուրերը, տեղեկությունները, որոշումները փորձեք ճշգրտել պետական մարմիններից, համապատասխան պաշտոնատար անձանցից, հավաստի աղբյուրներից ու աշխատեք հեռու մնալ խուճապային տրամադրություններ ստեղծող մարդկանցից։ Հավատացած եղեք կրկին անգամ, որ Հայաստանի Հանրապետությունը ձեր տունն է, նրա իշխանությունները՝ ձեր կողքին, ձեր հոգսերի հետ։

Մենք բոլորիդ համար հասանելի ենք օրվա բոլոր ժամերին, ու բարձրացված ոչ մի հիմնահարց մեր կողմից չի անտեսվի»,-հանդիպումն ամփոփեց Կարեն Սարգսյանը։

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031