«Կիպրոսն առաջին իսկ պահից իր միանշանակ աջակցությունն է հայտնել Հայաստանի ժողովրդին եւ մարդասիրական օգնություն է ուղարկել ԼՂ-ից բնակչության զանգվածային բռնի գաղթի պատճառով առաջացած կարիքները հոգալու համար»,- այսօր Երեւանում հրավիրած ասուլիսում ասաց Կիպրոսի ԱԳ նախարար Կոնստանտինոս Կոմբոսը։ Նա հայտարարեց, որ հարկադրանքը ու ուժի կիրառումը չի կարող լինել երկխոսության եւ վեճերի խաղաղ կարգավորման այլընտրանք։
«Ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը պետք է հարգվեն՝ լիովին համապատասխան միջազգային իրավունքին եւ ՄԱԿ-ի կանոնադրությանը։ Մենք պարտավոր ենք ՝ իբրեւ միջազգային համայնք, դեմ կանգնել ագրեսիային եւ աջակցել Հայաստանին՝ թե քաղաքական տեսանկյունից, թե նյութապես։ Այս նպատակով մենք ողջունում ենք նախորդ տարվա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների նորմալացման բոլոր ջանքերը։ Վստահ եղեք, որ ամբողջությամբ մենք սատարում ենք մեր հայ ընկերներին այս հարցում։ Վստահ եղեք, որ Կիպրոսի Հանրապետությունը մնում է եւ կշարունակի նույն կերպ հավատարիմ ընկեր մնալ, վստահելի գործընկեր մնալ, ամուր աջակցության հենարան լինել»,- ասաց Կիպրոսի ԱԳ նախարարը։
Հարցին, թե Ադրբեջանը տեւական ժամանակ է՝ խախտել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ տարածաշրջանը փորձում է ապակայունացնել, միջազգային հանրությունը, Կիպրոսը ի՞նչ անելիք ունեն՝ կանխելու հնարավոր սրացումը, Կոնստանտինոս Կոմբոսը պատասխանեց․ «Մեր ուղերձը շատ պարզ է ու հստակ՝ բոլորս հանձնառություն ենք կրում եւ պետք է այդ պարտավորությունը կրենք՝ միջազգային կանոնադրությանը համապատասխան քայլեր իրականացնելու՝ ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին համապատասխան։ Այլընտրանք չկա։ Համակարգը միգուցե իդեալական չէ, բայց միակ համակարգն է, որը մենք ունենք։ Ուստի, պետք է հարգել միջազգային ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, սրան պետք է բոլորը հավատարիմ լինենք։ Եվ այս ուղերձը պետք է առաջ տանել էլ ավելի, դա պետք է անել բոլոր հնարավոր եղանակներով։ Մենք շոշափելի կերպով պետք է շարունակականություն ապահովենք մեր ջանքերին, միջազգային հասարակության ուշադրությունը պետք է շարունակաբար վեճերի խաղաղ հանգուցալուծման վրա պահել։ Կիպրոսի Հանրապետությունը շարունակական կերպով հետամուտ է այս սկզբունքների իրականացմանը եւ շարունակելու ենք այդպես անել՝ մի շարք պատճառներից ելնելով։ Դրանցից մեկն է՝ մենք ինքներս եղել ենք ագրեսիայի ու անօրինական ներխուժման զոհ, արդեն 50 տարի։ Հուլիսին կլրանա Թուրքիայի կողմից ապօրինի ներխուժման 50-րդ տարին, մենք զոհ ենք հանդիսացել այս վարքագծի։ Այլ ուղղություն չենք կարող որդեգրել, քան խիստ բարձրաձայն կերպով մեր կամեցողությունը՝ ջատագովել այն սկզբունքները, որոնք միջազգային հանրությունը դավանել ու ընդունել է»։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ հիշեցրեց, որ Հայաստանում է Եվրամիության քաղաքացիական առաքելությունը, որը մշտադիտարկում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջպետական սահմանը։ «Եվ պետք է ասեմ, որ տեղակայման պահից ի վեր այս առաքելությունը զգալի դրական դեր է խաղացել ողջ սահմանագծի երկայնքով կայունության պահպանման ուղղությամբ։ Նաեւ առիթ ունեցել ենք ողջունելու Եվրոպական միության որոշումը՝ ընդլայնելու առաքելության մանդատն ու թվակազմը»,- ասաց Արարատ Միրզոյանը։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ