Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վստահեցնում է՝ էլեկտրոնային դեղատոմսերի դուրսգրման համակարգը նորմալ աշխատում է։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նախարարը նշեց, որ նման ծավալի նոր համակարգ ներդնելիս ընթացիկ խնդիրներ լինում են։
Հարցին՝ դեղատներն ու քաղաքացիները դժգոհում են համակարգի աշխատանքից, նախարարը պատասխանեց՝ նախարարությունն ամեն օր հավաքագրում է բոլոր բողոքները, եթե խնդիրներ կան, դրանց արագ լուծում են տալիս․ «Ամփոփվում են ամենաշատ տրվող հարցերը, օրական ռեժիմով պատասխանում ենք դրանց։ Այս օրերին մոտ 40 հազար դեղատոմս է դուրս գրվել։ Այս թիվը խոսում է այն մասին, որ համակարգը շատ նորմալ աշխատում է»։
Նա ասաց, որ ցանկացած էլեկտրոնային եւ նման մեծ թվով անձանց վերաբերող բարեփոխումների առաջին օրերին լինում են դժվարություններ․«Բայց այս բարեփոխումները նպաստում են առաջին հերթին մեր քաղաքացիների առողջության պահպանմանը, համակարգի թափանցիկությանը»։
Ավանեսյանն ասաց, որ երկարատեւ դեղերի օգտագործման եւ դեղատոմսի մասին հաճախ հարցեր կամ դժգոհություններ են լինում, ապա պարզաբանեց, որ մեկանգամյա դեղատոմսով կարելի է երկարատեւ օգտագործման դեղ գնել եւ կարիք չկա ամեն անգամ բժշկի գնալ։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ մարտի 1-ից ներդրվել է էլեկտրոնային դեղատոմսի համակարգը, բուժառուները պետք է էլեկտրոնային դեղատոմսով ստանան իրենց դեղերը, իսկ այն դեղերը, որոնք պարտադիր չեն, որ դեղատոմսով դուրս գրվեն, կարելի է առանց էլեկտրոնային դեղատոմսի ձեռք բերել։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ