«Հրապարակի» զրուցակիցն արցախցի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանն է, որը հատկապես 44-օրյա պատերազմի շրջանում եւ դրանից հետո ծավալված ողբերգական իրադարձությունների հետ կապված՝ տպավորիչ կադրեր է ֆիքսել:
Դավիթի արած լուսանկարներից մեկը, որտեղ բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն է պատկերված՝ Հակոբավանքում, ակտիվ տարածվեց սոցիալական ցանցերում։ Այդ լուսանկարի հետ կապված էլ Դավիթը հիշողություններ ունի։ Պատմում է. «Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատի խորհրդի անդամներից էի եւ հենց այդ ժամանակ հնարավորություն ունեցա մոտ լինել պարոն Վարդանյանի հետ։ Արցախի շրջափակման ընթացքում՝ 9 ամսվա մեջ, շատ առիթներ ունեցա իր հետ շփվելու, Արցախի խնդիրը նա ավելի միջազգայնացրեց, հարցազրույցներ էր շարունակ տալիս, բարձրաձայնում էր, մեր մեջ հույսեր էր արթնացնում։ Այդ ընթացքում 3 անգամ միասին եղանք Հակոբավանքում, ցավոք սրտի, չհասցրինք վերանորոգման աշխատանքներն ավարտին հասցնել, միայն մաքրման աշխատանքներն ավարտեցինք, որին անձամբ Վարդանյանն էր մասնակցում` իր ձեռքերով մաքրում էր տարածքը։ Ես միայն այդ մեկ նկարն եմ տարածել, մյուսները պահում եմ, որովհետեւ նկարներում ինքը շատ քրտնած է, բանվորներից շատ էր աշխատում, ու այդ քրտինքը, որ կադրերում երեւում է, չափազանց խոսուն է։ Ինքն այնքան հավասար էր բոլորի հետ, մեզ խորհուրդներ էր տալիս, բայց մեզնից էլ էր խորհուրդ վերցնում, մարդկային գործոնն այնքա՜ն շատ էր․․․․, իր հետ այնքան հույսեր էին կապում երիտասարդները։ Մի անգամ առիթ եղավ՝ սեղանի շուրջ նստեցինք, ասացի իրեն, որ բոլորն իր հետ են հույս կապում, ինքը վերջին մարդն է մնացել, ում կարելի է հավատալ, հույս դնել, խնդրեցի, որ մեզ հուսահատ չանի, չկոտրի, ասացի, որ եթե հանկարծ խրամատ մտնենք, ուզում եմ, որ ինքը մեզ առաջնորդի։ Խոստացավ, որ մեզ չի թողնի, ու նա մեզ չթողեց, մնաց մեզ հետ: Բայց այնպես ստացվեց, որ հիմա մենք իր հետ չենք։ Այս պահին չենք անում այն, ինչ կարելի է անել՝ նրան Բաքվի բանտից վերադարձնելու համար, հասկանում եմ՝ սոցիալական շատ խնդիրներ կան, խեղդում են, բայց․․․»։ Թե ինչու էր նման ծանր պայմաններում Ռուբեն Վարդանյանը որոշել հիմնովին վերանորոգել, ավելի ճիշտ՝ վերակառուցել Հակոբավանքը, Դավիթը հստակ չգիտի, բայց կռահում է․ «Հակոբավանքն ամբողջությամբ ավերված էր, վերածննդի խորհուրդ ուներ։ Մի անգամ այդպիսի զրույց արեց՝ ասաց, որ այդ վանքի վերաշինումը մեր վերածնունդն է խորհրդանշելու, մինչեւ քանդված Աստծո տունը չվերանորոգենք, մենք էլ ոտքի չենք կանգնի»։
Արեւիկ ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Դավիթ Ղահրամանյանի, Հակոբավանքում: