Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Պապոյան․ «Էկոնոմիկայի նախարարությունում կամ կառավարությունում չի կարող լինել համակարգային կոռուպցիա»

Մարտ 07,2024 14:13

Կառավարության այսօրվա նիստից հետո էկոնոմիկայի նորանշանակ նախարար Գեւորգ Պապոյանը պատասխանելով լրագրողների՝ ՀՀ-ի տնտեսությունը դիվերսիֆիկացնելու մասին հարցին, ասաց՝ տնտեսության դիվերսիֆիկացումը այն իրավիճակը չէ, երբ քո մեկ խոշոր առեւտրային գործընկերը փոխարինվում է բոլորովին մեկ այլով․ «Այլ այն է, երբ դու ունես մի քանի խոշոր առեւտրային գործընկերներ եւ բազմաթիվ փոքր առեւտրային գործընկերներ: Տնտեսության դիվերսիֆիկացումը մի գործընթաց է, որի արդյունքում Հայաստանը համաչափ կախված է լինում աշխարհից, եւ աշխարհի երկրներն էլ իրենց չափով համաչափ կախված են լինում Հայաստանից: Սա փոխադարձ գործընթաց է»։

Արդյոք լոգիստիկ առումով Հայաստանը պատրա՞ստ է Ռուսաստանին այլընտրանքներ գտնելու համար, նախարարն ի պատասխան այս հարցի՝ ասաց․ «Հայաստանի սահմանների մեծ մասը փակ է եւ դա, իհարկե, օբյեկտիվ շատ մեծ խոչընդոտ է: Բայց միեւնույն ժամանակ՝ մենք դա համարում ենք ընդամենը դժվար մարտահրավեր ու չենք սահմանափակում մեզ այդ սահմանափակումով։ Անընդհատ ու ամենօրյա աշխատանքով մեր թիմը որոնելու է եւ փորձելու է գտնել նոր ուղիներ Հայաստանի տնտեսության զարգացման համար»:

Թե որ երկրներն են այս պահին դիտարկում, ՌԴ-ի հետ առեւտրաշրջանառությունն աճում է, լրագրողի հարցին ի պատասխան՝ Պապոյանն ասաց՝ դուք նորից տանում եք դեպի մեկ երկիր, մեկ երկիրը հակադրում եք այլ երկրներին․ «Ես այդպիսի հակադրություն չէի տանի։ Մենք բոլոր ուղղություններով պետք է ավելացնենք մեր առեւտրաշրջանառությունը»։

Լրագրողները հետաքրքրվեցին Վերին Լարսում տիրող իրավիճակից, հիշեցրեցին, որ բեռնատարների վարորդները հայտնել են, որ ռուսական կողմից ասել են՝ այլեւս չեք կարողանալու բեռներն արտահանել, պատասխանը գնացեք ձեր իշխանությունից ստացեք։

«Ես, որպես նախարար, պաշտոնապես այդպիսի տեղեկատվություն չեմ ստացել եւ չունեմ որեւէ տեղեկատվություն, որը որեւէ առնչություն ունի ձեր այդ տեղեկատվության հետ»,-պատասխանեց Պապոյանը։

Պապոյանը չպատասխանեց հարցին՝ չունի՞ մտավախություն, որ կունենա նույն ճակատագիրը նախորդ նախարարի կամ պաշտոնյաների, որոնք կամ կալանավորված են կամ տնային կալանքի տակ են։

Կադրային փոփոխությունների մասին էլ նախարարն ասաց՝ մասնագիտական պատրաստվածությունը միշտ առաջին տեղում է․ «Բայց եթե քաղաքական նշանակումների մասին ենք խոսում, բնականաբար, քաղաքական կուրսի կրողը պետք է լինի մարդը։ Եթե մարդը քաղաքական կուրսի կրողը չէ եւ չի հավատում քաղաքական կուրսին, կարող է լինել աշխարհի ամենալավ մասնագետը, բայց դա չի կարողանա իրականացնել»։

Անդրադառնալով համակարգային կոռուպցիայի մասին հարցին՝ Պապոյանն ասաց, որ էկոնոմիկայի նախարարությունում կամ կառավարությունում չի կարող լինել համակարգային կոռուպցիա․ «Եթե առանձին պաշտոնյաներ կամ առանձին պաշտոն զբաղեցնող անձինք, որոնք ինչ-որ գործառույթներ են իրականացնում, ինչ-որ բան այն չեն անի, կամ միգուցե կչարաշահեն իրենց դիրքը եւ պաշտոնը, ապա, բա իհարկե, պետք է պատժվեն»։

Հիշեցնենք, որ Վահան Քերոբյանը, երբ զբաղեցնում էր էկոնոմիկայի նախարարի պաշտոնը, նրա նկատմամբ մեղադրանք առաջադրվեց, նրա նկատմամբ ընտրվել է տնային կալանք խափանման միջոցը։

Քրեական նույն գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաեւ Անի Իսպիրյանին, որը Քերոբյանի տեղակալն էր։ Իսպիրյանի նկատմամբ էլ ընտրվել է խափանման միջոց տնային կալանքը, նա ազատվել է պաշտոնից։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031