Ազատությունից զրկված կանայք բախվում են բազմաթիվ խոչընդոտների՝ կապված հղիության, ծննդաբերության, հետծննդյան առողջության, երեխաների խնամքի, հիգիենայի ապահովման եւ այլ խնդիրների հետ:
Մեդիա կենտրոնի «Հենման կետ» հաղորդման շրջանակում կայացած «Անազատության մեջ գտնվող կանանց վերարտադրողական առողջությունը. խնդիրներ, մտահոգություններ» թեմայով քննարկման ժամանակ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը նշեց, որ Մարդու իրավունքների պաշտպանը պարբերաբար ունենում է արտահերթ զեկույցներ, որոնք վերաբերվում են անազատության մեջ գտնվող կանանց իրավունքներին:
Անդրադառնալով հերթական զեկույցին՝ տիկին Գասպարյանը նշեց, որ այն ավելի շատ մասնավոր իրավունքին է անդրադառնում, կարեւոր հարցեր են արծարծվել եւ 18 առաջարկներ ներկայացվել պետությանը: Ասաց նաեւ, որ ի թիվս այլնի՝ անդրադարձ կա կիրառական բնույթի հարցերին, որոնք վերաբերում են բժշկական գաղտնիքի ապահովմանը, բժշկական ծառայությունների բարելավմանը, սեռավարակների ու քաղցկեղի հայտնաբերման պարբերական հետազոտություններին:
Կարդացեք նաև
«Աբովյան» ՔԿՀ բժիշկ-գինեկոլոգ Անահիտ Գրիգորյանը նշեց, որ 74 անձ է գտնվում «Աբովյան» ՔԿՀ-ում, որոնցից միայն 5-ն են արական սեռի ներկայացուցիչներ, այդ թվում՝ 3-ը չափահաս տղաներ են, 2-ը՝ անչափահասներ: «Առաջին իսկ պահից մուտք գործելով կալանավայր՝ կանայք ենթարկվում են մանրակրկիտ մարմնական զննման, պարտադիր կատարվում է ռապիդ թեստավորում, սկրինինգային հետազոտություն… Մեր կոնտինգենտը հաշվառված է նաեւ Աբովյան բժշկական կենտրոնում եւ ծննդատան կանանց կոնսուլտացիայում, որտեղ էլ իրականացվում են գործիքային եւ լաբորատոր հետազոտությունները, անհրաժեշտության դեպքում՝ նեղ մասնագետների խորհրդատվությունը»,-ասաց «Աբովյան» ՔԿՀ բժիշկ-գինեկոլոգը:
Նրա խոսքով, ռապիդ թեստերը կիրառվում են ինֆեկցիոն հիվանդությունները հայտնաբերելու համար, դա հիմնականում սպիդն է, հեպատիտ C-ն, B-ն եւ սիֆիլիսը: Բժիշկը նշեց, որ բացահայտված որոշ դեպքեր ունեն, եւ փորձել են կանխել այդ հիվանդությունների զարգացումն ու տարածումը:
«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Նարե Հովհաննիսյանի խոսքով, շինարարության, բարեկարգման քայլեր ձեռնարկվում են Աբովյան ՔԿՀ-ում, սակայն, նրա տպավորությամբ դեռեւս բարելավման կարիք կա. «Կանայք, օրինակ, դժգոհություններ ունեն ՔԿՀ-ի խոնավությունից: Մարդիկ 24 ժամ մեկուսարանում են, բացառությամբ 1-2 ժամվա զբոսանքը: Դժգոհություններ կան նաեւ կանոնավոր տաք ջրի հասանելիության հետ կապված: Այժմ կանայք շաբաթական երկու անգամ են լոգանք ընդունում, նախկին մեկի փոխարեն»:
Նարե Հովհաննիսյանը այլ օրինակներ բերեց. «Կանանցից մեկը, որը ազատազրկման ընթացքում էր երեխային ունեցել կեսարյան հատումով, նշել էր, որ ձեռքով լվացք անելը որոշակի բարդություններ ու խնդիրներ էր առաջացրել, բորբոքումների պատճառ դարձել: Հիմնարկում լվացքի մեքենայով լվացվում է կանանց հագուստը, իսկ երեխաների հագուստը եւ անկողնային պարագաները մայրերը ձեռքով են լվանում»:
«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահը հավելեց, որ երբ խոսում են պայմանների մասին, պետք է հաշվի առնեն, օրինակ, թե կալանավայրի սանհանգույցի տիպը ինչքանով է հարմար հղի կնոջը:
Ինչ վերաբերվում է հիգիենայի պարագաներին, այդ մասին էլ նշեց. «Թեեւ հիգիենայի պարագաներ հիմնարկը տրամադրում է, բայց կարծում ենք, որ դրանք ավելի մեծ քանակով պետք է տրամադրվեն, հատկապես, եթե խոսքը երեխաների մասին է»: Նարե Հովհաննիսյանի խոսքով ազատազրկված մայրերի հետ ապրող երեխաների հետ հոգեբանական աշխատանքի կարիք կա, բացի դրանից՝ նրանք պետք է ապահովեն իրենց տարիքային զարգացմանը անհրաժեշտ միջավայրով. «Փաստացի երեխան զրկվում է իր հասակակիցների հետ շփվելու հնարավորությունից, զբոսաբակը եւս հարմարեցված չէ… Ես կարեւորում եմ նաեւ առողջապահական ծառայությունների շարունակականության ապահովում ՔԿՀ-ից ազատ արձակվելուց հետո, որովհետեւ շատ կանայք սոցիալապես անապահով վիճակում են, եւ բուժման պրոցեսի ընդհատումը կարող է հետեւանքներ ունենալ նրանց առողջական վիճակի վրա»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ Մեդիա կենտրոնի