Գործադիրն այսօրվա նիստում ընդունեց որոշում, որով կառավարության պահուստային ֆոնդից 279,9 մլն դրամ հատկացվեց Երեւանում անցկացվելիք ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի չեմպիոնների լիգայի եզրափակիչ չորս փուլերի անցկացման նպատակով։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնեց՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտը հաղթող է ճանաչվել Հունաստանի, Լիտվայի, Լեհաստանի, Իսպանիայի եւ Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիաների հետ մրցակցությունում․ «Առաջին անգամ որեւէ մարզային խաղաձեւի եվրագավաթային եզրափակիչը կանցկացվի ՀՀ-ում: ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի չեմպիոնների լիգայի եզրափակիչ չորս փուլերին կմասնակցեն իսպանական «Բարսելոնան» եւ «Պալմա ֆուտզալը», ինչպես նաեւ պորտուգալական «Սպորտինգը» եւ «Բենֆիկան»: Կիսաեզրափակիչները կկայանան մայիսի 3-ին: 3-րդ տեղի հանդիպումը եւ եզրափակիչը՝ մայիսի 5-ին»:
Նախարարն ասաց, որ բոլոր հանդիպումները տեղի կունենան Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Նախատեսվում են բարեկարգումներ իրականացնել հատկապես լուսային հատվածի մասով եւ հանդերձարաններում:
Անդրեասյանն ասաց, որ մարտի 14-ին Երեւանում կկայանա վիճակահանությունը: Այս վիճակահանությունից հետո, ինչպես ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, տոմսերը կվաճառվեն էլեկտրոնային հարթակներում՝ 1000-5000 դրամի սահմաններում․ «Մենք սպասում ենք այս թիմերի մեծ թվով երկրպագուներ: Այս թիմերը բավականին հայտնի են, երկու թիմերում էլ խաղում են աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոններ։ Հայ հանդիսատեսի համար այս մրցաշարը կարեւոր է նրանով, որ «Մայորկայի» կազմում հանդես է գալիս մեր ազգային հավաքականի դարպասապահը, որը նախորդ եզրափակչի լավագույն ֆուտբոլիստն է համարվել: Այս պահին արդեն 50 երկիր Հայաստանից գնել է հեռարձակում իրականացնելու իրավունք: Բայց այդ թիվը 7 տասնյակը կգերազանցի»:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ